COVID-19-ի ինֆեկցիոն իմունաբանությունը․ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Արեգ Թոթոլյանի դասախոսությունը

COVID-19-ի ինֆեկցիոն իմունաբանությունը․ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Արեգ Թոթոլյանի դասախոսությունը

Կապույտ դահլիճում կայացած դասախոսությունը նվիրված էր COVID-19-ի ինֆեկցիոն իմունաբանությանը:

«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջոցառման հերթական գիտական նստաշրջանի ընթացքում, դիմելով ներկաներին, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ մի քանի օր մասնակիցներն ունկնդրեցին ուղեղին նվիրված բազմաթիվ թեմաներ, իսկ այժմ հնարավորություն է ընձեռված լսել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ինֆեկցիան նաև նյարդային խանգարումների վրա: «Եվ այս ամենը երկրորդում է այն առաջնակի մեխանիզմներին, թե ինչ է ընկած COVID ախտաբանության հիմքում, ինչ բազային մեխանիզմներ են դրանք: Այս համատեքստում մեզ մեծ նվեր արեց պրոֆեսոր Թոթոլյանը, որը ԵՊԲՀ պատվավոր դոկտոր է, մեր գործընկերը, ով միշտ պատրաստ է ձեռք մեկնել բժշկական համալսարանին և Հայաստանի Հանրապետությանը: Նա պրոֆեսիոնալի դիտակետից կիսվելու է մեզ հետ իր օբյեկտիվ մտորումներով COVID վարակի զարգացման մասին», – նշեց պրոռեկտոր Ենկոյանը:

Սկսելով մասնագիտական քննարկումը՝ Արեգ Թոթոլյանը նշեց, որ COVID-19 համավարակը երկրում կլինիկական իմունաբանության զարգացման մակարդակի ցուցանիշն էր։ Գիտնականը ներկայացրեց համավարակին առնչվող իմունաբանական հետազոտությունների հիմնական ուղղությունները, հիվանդության տարատեսակներին բնորոշ իմունային արձագանքի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։ «Վարակը դինամիկ փոփոխությունների է ենթարկվել։ Այժմ գործ ունենք «Օմիկրոն» շտամի հետ», – փաստեց Արեգ Թոթոլյանը։

Որպես դաս-եզրակացություն՝ նա նշեց, որ սկզբնական շրջանում և վերջնական փուլում վարակը շատ տարբեր էր։

Անդրադառնալով հարցին՝ կարող է արդյոք այն առաջացնել իմունադեֆիցիտային իրավիճակ՝ Արեգ Թոթոլյանը ներկայացրեց իմունադեֆիցիտի առաջացման հիմնական մեխանիզմը և դրա պատճառները։ Մասնագետը խոսեց նաև պոստքովիդյան սինդրոմի առաջացման ենթադրյալ պատճառների մասին։

Քննարկման թեմաներից անմասն չմնացին պատվաստման գործընթացը, պատվաստանյութերի տեսակները (բուժական և պրոֆիլակտիկ), անդրադարձ կատարվեց պանդեմիայի ժամանակ կիրառվող պատվաստանյութերի առանձին տեսակների արդյունավետությանը։

Դասախոսության ավարտին Արեգ Թոթոլյանը պատասխանեց ներկաների հարցերին։ Պրոռեկտոր Ենկոյանի հարցին՝ կարիք կա արդյոք պատվաստվելու համավարակի առումով հանգիստ շրջանում, բժիշկ-գիտնականը պատասխանեց, որ պատվաստման անհրաժեշտություն կա միայն ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ինչ վերաբերում է համավարակի ակտիվ շրջանին, Թոթոլյանը հորդորեց չպատվաստել մինչև 18 տարեկան երեխաներին, քանի որ օրգանիզմը վարակին ծանոթ է, և համապատասխան իմունային արձագանքն արդեն ձևավորված է։

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, երիտասարդ հետազոտողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: