«Կծած վերքեր. կանխարգելում, վիրաբուժական վարում, պատվաստում» թեմայով վարպետաց դաս. կատաղության մահացու վտանգը

«Կծած վերքեր. կանխարգելում, վիրաբուժական վարում, պատվաստում» թեմայով վարպետաց դաս. կատաղության մահացու վտանգը

Հիվանդությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը  հանրային առողջության լրջագույն խնդիրների լուծումներից  է:

«Կծած վերքեր. կանխարգելում, վիրաբուժական վարում, պատվաստում» թեմայով երկօրյա վարպետաց դասը մեկնարկեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը:

Մասնագետը ներկայացրեց կատաղության տարածվածությունը աշխարհում և համաճարակաբանական առանձնահատկությունները, նշելով, որ աշխարհում ամեն տարի 50 հազար մարդ մահանում է կատաղությունից, այն վիրուսային, զոոնոզ, բնական օջախային, կոնտակտային փոխանցման մեխանիզմով վարակ է և ունի 100% մահաբերություն: Մարդու և կենդանու վարակումը կատարվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կողմից մաշկային ծածկույթների, հազվադեպ նաև լորձաթաղանթի կծման կամ թքոտման ժամանակ ուղղակի կոնտակտի միջոցով:

Նշվեց, որ Հայաստանում 95% դեպքերում՝ որպես կատաղության աղբյուր հանդիսանում են շները, ինչպես նաև կատուները, կրծողները և կապիկները, որոշ երկրներում կարևոր նշանակություն ունեն նաև չղջիկները: Շների կծած դեպքերը տարեկան բազմաթիվ վնասվածքների պատճառ են դառնում, ամենաբարձր ռիսկի խումբը երեխաներն են:

Վարակված  կենդանիները հարուցիչն արտազատում են թքի միջոցով՝ սկսած գաղտնի շրջանի վերջին 7-10 օրվանից և ողջ հիվանդության ընթացքում:

Մերի Տեր-Ստեփանյանը անդրադարձավ նաև հիմնակական կլինիկական նշաններին, որը  ջրավախությունն է, երբ նույնիսկ ջրի ձայնից մարդու մոտ զարգանում են կծկումներ, կլման ակտի խանգարում, թքահոսություն:

Վարակի գաղտնի շրջանը տևում է 10-ից 90 օր, հազվադեպ՝ մինչև 1 տարի և ավելի:

Գաղտնի շրջանի տևողությունը պայմանավորված է կծվածքի տեղակայմամբ, այն ավելի կարճատև է գլխի և դաստակի կծվածքի դեպքում, առավել երկարատև՝ ստորին վերջույթների:  Ընդգծեց նաև երեխաների մոտ ավելի կարճատև է, քան մեծահասակների:

Վերլուծական ստորաբաժանման ղեկավարը ներկայացրեց նաև  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կենդանիների կողմից կծված դեպքերով դիմելիության վիճակագրությունը՝ 2022 թվականին գրանցվել է կենդանու կծած 222 դեպք, 2023-ին՝ 293 դեպք, 2024-ին՝ այն կրկնակի ավելացել է՝ հասնելով 468 դեպքի:

Մերի Տեր-Ստեփանյանը ընդգծեց կծած վերքերի դեպքում ձեռնարկվող հրատապ միջոցառումների կարևորությունը, անհրաժեշտ է վերքը անմիջապես լվանալ հոսող ջրով և օճառով 15 րոպեի տևողությամբ և շտապ դիմել բուժօգության:

Հատուկ անդրադարձ եղավ կատաղության հետազդակային իմունականխարգելմանը, ինչը պարտադիր է բոլոր կծված դեպքերում: Պատվաստանյութը չունի ոչ մի հակացուցում, քանի որ խոսքը գնում է 100% մահացու հիվանդության մասին:

Պատվաստման սխեման ներառում է 6 միջմկանային ներարկում՝ 0՝ դիմելու օրը, 3-րդ, 7-րդ, 14-րդ, 30-րդ և 90-րդ օրերին: Եթե կծող կենդանին հայտնի է, վերջինս պահվում է հսկողության տակ 10 օր տևողությամբ: Եթե այդ ժամանակահատվածում կենդանին ողջ է մնում, պատվաստանյութի հաջորդ 3 դեղաչափերը չեն ներարկվում:

Պատվաստանյութի և իմունոգլոբուլինի միաժամանակյա ներարկման ցուցումներն են. խոր կծվածքներ, արյունահոսող վերքեր, բազմակի կծվածքներ, կծվածքի վտնագավոր տեղակայում՝ գլուխ, պարանոց, ձեռքերի դաստակներ, սեռական օրգաններ և մատներ:

Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98% դեպքերում: Հետազդակային իմունականխարգելման արդյունավետությունը նվազում է ուշացման դեպքում՝ կծելու պահից 14 օր և ավելի անց: Հակամարմիններն ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց:

Ամփոփելով խոսքը՝ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ կենդանիների կողմից կծելը կանխարգելելի է իրազեկված լինելու և ճիշտ մոտեցման դեպքում:  Կարևոր  է երեխային սովորեցնել դեռևս մանկապարտեզից, թե ինչպես խուսափել կենդանու կողմից կծվելուց, որի համար կան մի քանի պարզ կանոններ. մի անհանգստացրեք և մի վախեցրեք շանը, հատկապես, երբ ուտում է կամ կապված է, հեռու մնացեք, երբ բարկացած է, մի շարժվեք, եթե մոտենում է, մոտեցեք շանը դանդաղ և հանգիստ: Նրա խոսքով՝ նախատեսվում է դպրոցներում և մանկապարտեզներում ուսանողների միջոցով բարձրացնել վերջինիս իրազեկվածությունը երեխաների շրջանում:

«Փայտացման և կատաղության հետազդակային կանխարգելում» թեմային անդրադառնալով՝ Մերի Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ կծած վերքերի ժամանակ փայտացման ռիսկը մեծ է, քանի որ դրանք միշտ բաղարկվում են հողով:

Մասնագետը ներկայացրեց փայտացման վարակման ռիսկերը, մասնավորապես կենցաղային, հրազենային վնասվածքները, հատուկ նշելով արտահիվանդանոցային ծննդաբերությունները, երբ պորտի հատումը կատարվում է ոչ մանրէազերծ պայմաններում, ինչը կարող է հանգեցնել նորածնային փայտացմանը: Նշեց, որ Հայաստանում նորածնային փայտացման վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին, արտահիվանդանոցային ծնդաբերության ժամանակ չէր արվել հետազդակային կանխարգելումը:

Մերի Տեր-Ստեփանյանը անդրադարձավ փայտացման համաճարակաբանական և կլինիկական առանձնահատկություններին, հատկանշելով հիվանդության ծանր ընթացքը և բարձր մահաբերությունը: Վարակի աղբյուր են տաքարյուն կենդանիները, որոնց աղիքներում փայտացման հարուցիչները ոչ ախտածին են: Նման երևույթ նկատվում է նաև մարդկանց շրջանում։ Հիվանդությունն առաջանում է, երբ հարուցիչը վերքի մակերեսից թափանցում է օրգանիզմ, հայտնվելով անաերոբ պայմաններում վերածվում է վեգետատիվ ձևի, որն էլ արտադրում է տետանոպլազմին՝ ազդելով նյարդային համակարգի վրա։

Պրոֆեսոր Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ կանխարգեալման հիմնական շեշտը դրվում է պլանային կանխազգուշական պատվաստումների վրա, կիրառվում է հակափայտացման անատոքսին, իսկ պասիվ իմունիզացիայի և բուժման նպատակով՝ հակափայտացման շիճուկ: Անհրաժեշտ է իրականացնել նաև բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների հսկողության միջոցառումներ վիրաբուժական և մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքներում փայտացման ներհիվանդանոցային կանխարգելման համար:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Փափազյանը «Վերքերի վիրաբուժական մշակում» գործնական դասընթացի ընթացում ևս մեկ անգամ շեշտեց կատաղություն հիվանդության վտանգավորությունը և դրա անխուսափելի մահվան  ելքը, եթե ժամանակին չի կատարվում հետազդակային պատվաստումները:

 Մասնագետը ներկայացրեց, որ  կատաղությամբ վարկված կենդանին հարձակվելիս կարևոր չէ, թե ինչ է կծում, այդ պատճառով ձեռքի տակ եղած ցանկացած իր՝ պայուսակ, շապիկ և այլն, պետք է նետել կենդանու վրա՝ շեղելով նրան, որի ընթացքում կարելի է հասցնել արագ հեռանալ: Նա վարպետաց դասի մասնակիցներին դիտողական պիտույքի (մուլյաժ) վրա ցուցադրեց կծած վերքերի վիրաբուժական մշակման տեխնիկան՝ նշելով վերջինիս առանձնահատկությունները, հիշեցնելով, որ այս վերքերի վրա կար դնելը խստիվ արգելվում է:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ Ալվարդ Հովհաննիսյանը վարպետաց դասի երկրորդ օրը «Կծած վնասվածքի արդյունքում զարգացող հնարավոր վարակները. կատաղություն, փայտացում, սոդոկու, լեպտոսպիրոզ» թեմայով զեկույցի շրջանակում ներկայացրած կլինիկական դեպքեր՝ ինչպես միջազգային, այնպես էլ սեփական պրակտիկայից:

Մասնագետը նշեց, որ մարդուն բուժելով մենք չենք կարող կանխարգելել հիվանդության տարածումը: Այստեղ կարևոր է կենդանիների շրջանում իրականացվող միջոցառումները՝ կարևորելով կատաղության դեմ կենդանիների պատվաստումները, կենդանիների հսկողությունը: Այնուհետև ընդգծեց պատվաստումների կարևորությունը մարդկանց համար: Նշելով, որ կծած վերքերով հիվանդներին  բուժօգնության դիմելիս անհրաժեշտ է բացատրել պատվաստման կարևորությունը՝ հիշեցնելով, որ կատաղությունը 100 տոկոս մահացու հիվանդություն է:

Երկօրյա վարպետաց դասի նպատակն էր ուսուցանել բուժանձնակազմին առաջին բուժօգնության մոտեցումները կծած վերքի դեպքում, իրականացնել վերքի առաջնային մշակում, հետազդակային կանխարգելում, ծանոթանալ վերքային վարակներով պացիենտի վարման արդի մոտեցումներին և բուժման ընթացակարգերին:

Վարպետաց դասը կրեդիտավորված էր. որի համար մասնակցող ավագ բուժանձնակազմը կստանա ՇՄԶ 10 գործնական կրեդիտ, միջին բուժանձնակազմը` ՇՄԶ 5 գործնական կրեդիտ: