Ամեն տարի ապրիլի 15-ին աշխարհում նշվում է Լաբորատոր ախտորոշման մասնագետների միջազգային օրը։
Այս մասնագիտական տոնը ընդգծում է նշված ոլորտի մասնագետների կարևորագույն դերակատարությունը առողջապահական համակարգում։
Հանրության տեսադաշտից հաճախ դուրս մնալով՝ նրանք կենսական նշանակություն ունեցող գործառույթներ են իրականացնում ժամանակակից բժշկության մեջ։
Լաբորատոր ախտորոշման մասնագետների աշխատանքի շնորհիվ բժիշկները ձեռք են բերում ճշգրիտ ու հուսալի տվյալներ՝ հիվանդությունների ախտորոշման, բուժման մոտեցումների մշակման և պացիենտի վիճակի մոնիտորինգի համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բժշկական որոշումների շուրջ 70%-ը հիմնված է լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա։
Վերջին տարիներին լաբորատոր ախտորոշումը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից է, որտեղ գիտական ձեռքբերումներն ու տեխնոլոգիական նորարարությունները զգալի ազդեցություն են թողնում ախտորոշման ճշգրտության, արագության և մատչելիության վրա։
Լաբորատոր ախտորոշման առաջընթացի առանցքային ուղղություններից է գործընթացների ավտոմատացումն ու ռոբոտացված համակարգերի ներդրումը, որոնք զգալիորեն բարձրացրել են լաբորատորիաների աշխատանքի արդյունավետությունը և ախտորոշման ճշգրտությունը։
Այսօր Roche Cobas® կամ Abbott Accelerator համակարգերը թույլ են տալիս ավտոմատացնել նմուշների մշակումն ու վերլուծությունը, զգալիորեն իջեցնելով սխալի հավանականությունն և արագացնելով արդյունքների ստացումը։
Աշխատանքի ավտոմատացումը ազատել է լաբորատոր ախտորոշման մասնագետներին ռուտինային աշխատանքներից՝ թույլ տալով նրանց կենտրոնանալ ավելի բարդ հետազոտությունների վրա։
Զգալի փոփոխություններ են տեղի ունենում նաև մոլեկուլային ախտորոշման ոլորտում։ Նոր սերնդի սեկվենավորման (NGS) և պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արագ և բարձր զգայունությամբ հայտնաբերել գենետիկական անոմալիաներ, ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված գենետիկական մուտացիաները, իրականացնել միկրոօրգանիզմների նույնականացումը։ Այս տեխնոլոգիաները ակտիվորեն կիրառվում են անհատականացված բժշկության մեջ՝ նպաստելով հիվանդի գենետիկական առանձնահատկությունների հիման վրա առավել արդյունավետ բուժման ընտրությանը։
Բարձր տեխնոլոգիական մեթոդների զարգացմանը զուգընթաց մեծանում է բժշկական օգնության ցուցաբերման վայրում իրականացվող ախտորոշման (Point-of-Care Testing, POCT) դերը։
Պորտատիվ ախտորոշիչ սարքերը հնարավորություն են տալիս արագ հետազոտություններ իրականացնել հիվանդի մահճակալի մոտ, շտապ օգնության մեքենաներում կամ հեռավոր բնակավայրերում՝ բարձրացնելով բժշկական օգնության հասանելիությունը։
Լաբորատոր բժշկության ոլորտի կարևոր փոփոխություններից է արհեստական բանականության (ԱԲ) և թվային տեխնոլոգիաների ներդրումը։ Մեքենայական ուսուցման ալգորիթմները հնարավորություն են տալիս վերլուծել և մեկնաբանել բարդ տվյալները՝ ապահովելով բարձր ճշգրտությամբ ախտորոշում։ ԱԲ-ն արդեն օգտագործվում է արյան քսուկների վերլուծության, իմունոֆենոտիպավորման և բիոմարկերների հետազոտության մեջ։ ԱԲ ինտեգրումը բազմապրոֆիլ լաբորատորիաներում, ներառյալ սրտաբանական և ուռուցքաբանական կենտրոնները, հնարավորություն է տալիս կանխատեսել կլինիկական արդյունքները և օպտիմալացնել պացիենտների ուղղորդման գործընթացը։
Հայաստանում լաբորատոր ախտորոշման ոլորտը զարգանում է միջազգային չափանիշներին համահունչ։ Ներդրվում են ախտորոշման նորագույն տեխնոլոգիաներ, կիրառվում ժամանակակից թվային համակարգեր, ինչը թույլ է տալիս ՀՀ լաբորատոր ծառայությանը հաջողությամբ մրցակցել միջազգային առաջատար ախտորոշման կենտրոնների հետ։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` Հայաստանում լաբորատոր ախտորոշման ենթակառուցվածքը ներառում է ինչպես մասնավոր անկախ ախտորոշիչ կենտրոններ, այնպես էլ հիվանդանոցներին կից գործող կլինիկական լաբորատորիաներ ու մասնագիտացված կազմակերպություններ։
Ներկայումս մեր երկրում գործում է 47 հիվանդանոց, որոնց մեծ մասն ունի սեփական լաբորատորիաներ։ Բացի այդ, գործում է ավելի քան 50 ախտորոշիչ կենտրոն և լաբորատորիա։
Լաբորատոր ախտորոշման ոլորտում ներգրավված է ավելի քան 120 լաբորատոր բժիշկ, շուրջ 1000 լաբորանտ, 800 բժշկական լաբորատոր տեխնիկներ, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով ապահովում են հանրապետության լաբրատոր ախտորոշման ոլորտի կայուն աշխատանքը։
Սրտանց շնորհավորում ենք լաբորատոր ախտորոշման մասնագետներին՝ մասնագիտական օրվա առթիվ և մաղթում առողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: