2005 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականին այն անցկացվում է «Ճշգրիտ չափեք ձեր զարկերակային ճնշումը, վերահսկեք այն և ապրեք երկար» կարգախոսի ներքո՝ ընդգծելով զարկերակային ճնշման չափման կարևորությունը։
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) հաճախ ընթանում է անախտանշան։ Մարդկանց շուրջ 46%-ը, տեղյակ չեն իրենց մոտ զարկերակային գերճնշման առկայության մասին: Ուստի չափազանց կարևոր է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և լինել իրազեկված սեփական ցուցանիշների վերաբերյալ՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և վերահսկելու նպատակով։
ԶԳ-ը ախտաբանական համախտանիշ է, որը բնութագրվում է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման կայուն բարձրացմամբ (>140/90 մմ սս)։ ԶԳ-ի առաջացման և զարգացման ընթացքում անոթային համակարգում տեղի են ունենում զգալի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնցից առավել բնորոշ են միջին և փոքր տրամագծով զարկերակների լուսանցքի նեղացումն ու անոթային դիմադրության բարձրացումը։
Ըստ կլինիկական դասակարգման՝ ԶԳ-ն բաժանվում է առաջնային (էսենցիալ) և երկրորդային (սիմպտոմատիկ) ձևերի։ Առաջնային ձևը, որն առավել տարածված է (90–95% դեպքերում), զարգանում է որպես ինքնուրույն քրոնիկ պաթոլոգիա։ Երկրորդային գերճնշումը հանդիսանում է այլ հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների հետևանք։
ԶԳ-ը հանդիսանում է սիրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) և վաղաժամ մահացության ամենակարևոր կառավարելի ռիսկի գործոններից մեկը։ Հիվանդության բարձր տարածվածությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող բարդությունները ԶԳ դարձնում են գլոբալ առողջապահական մարտահրավեր։
Վերջին տասնամյակների ընթացքում ԶԳ-ն գլոբալ բեռը զգալիորեն աճել է՝ պայմանավորված բնակչության ծերացման, ուրբանիզացիայի, ինչպես նաև կենսակերպի փոփոխություններով։ 1975-2023 թթ․ ընթացքում 30-79 տարեկանների շրջանում ԶԳ ունեցող անձանց թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ 594 միլիոնից հասնելով 1.28 միլիարդի։ ԶԳ ունեցող անձանց երկու երրորդը բնակվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը ԶԳ ունեցող անձանց թիվը կհասնի 1.5 միլիարդի։
Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և ընդհանուր մահվան դեպքերի 13%-ը:
Հաշվի առնելով գերճնշումային հիվանդության տարածվածությունը և բարձր մահացությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է թիրախ՝ կրճատել ԶԳ-ն տարածվածությունը 33%-ով մինչև 2030 թվականը:
Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/ 100 000): Միևնույն ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 12.2/ 100 000։ Մահացության մակարդակի դիտարկվող դրական դինամիկան կարող է բացատրվել այն փաստով, որ 2015 թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ուղղված զանգվածային սքրինինգային ծրագիր։ Ծրագրի շրջանակներում քաղաքացիները ունեն հնարավորություն այցելել իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ: Այս մոտեցումը նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը, առավել արդյունավետ հսկողությանը և արդյունքում՝ մահացության զգալի կրճատմանը։
Զարկերակային գերճնշումը հանդիսանում է բազմաթիվ լուրջ պաթոլոգիաների զարգացման հիմնական ռիսկի գործոն՝ զգալիորեն մեծացնելով սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, փականային պաթոլոգիաների, առիթմիաների, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղային կաթվածի, դեմենցիայի, քրոնիկական երիկամային անբավարարության, ծայրամասային զարկերակների հիվանդությունների և անևրիզմաների առաջացման հավանականությունը։ Սրտամկանի ինֆարկտի կառավարելի ռիսկի գործոնների շարքում ԶԳ-ը զիջում է միայն ծխելուն:
Զարկերակային գերճնշման զարգացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնց զգալի մասը, սակայն, ենթակա է կառավարման։
Կառավարելի ռիսկի գործոններ՝
Անկառավարելի ռիսկի գործոններ՝
Զարկերակային գերճնշման արդյունավետ կանխարգելման ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի կառավարելի ռիսկի գործոնների համակարգված վերահսկմանն ու նվազեցմանը։ Առանձնահատուկ կարևորություն ունի զարկերակային ճնշման պարբերական չափումը և հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչը պետք է իրականացվի ինչպես պետական սքրինինգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ բնակչության՝ ինքնուրույն հսկողության միջոցով։
Բուժման գործընթացում առաջնահերթ նպատակը պետք է լինի ոչ միայն զարկերակային ճնշման կարգավորումը, այլև հիվանդության բարդությունների կանխարգելումը։ Դրան հասնելու համար կենսական նշանակություն ունի պացիենտի ակտիվ ներգրավվածությունը բուժման գործընթացում՝ առողջ ապրելակերպի որդեգրման, դեղորայքային թերապիայի խստորեն պահպանման և բժիշկ-հիվանդ արդյունավետ համագործակցության միջոցով։