ԵՊԲՀ պատվիրակները՝ Մադրիդում կայացած Համահայկական բժշկական կոնգրեսում

ԵՊԲՀ պատվիրակները՝ Մադրիդում կայացած Համահայկական բժշկական կոնգրեսում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանն աչքի ընկավ իր ակնառու և բազմակողմանի ներկայությամբ այս տարվա հուլիսի 3-5-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացված Համահայկական բժշկական 14-րդ կոնգրեսում (Armenian World Medical Congress-AMWC 2025): Համալսարանական պատվիրակներն ակտիվորեն մասնակցեցին լայն շրջանակ ներառող քննարկումներին և թեմատիկ նիստերին՝ ներկայացնելով զեկույցներ այնպիսի հիմնական ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են կլինիկական հետազոտությունները, սրտանոթային խնամքը, մանկաբուժությունը, իմունոլոգիան, բժշկական կրթությունը և հետբուհական ուսուցումը, էնդոկրինոլոգիան: Նրանց մասնակցությունն ընդգծեց Հայաստանի աճող դերը միջազգային բժշկական համագործակցության և ակադեմիական առաջնորդության մեջ:

Կոնգրեսը բացվեց «Կլինիկական հետազոտությունների արևածագը Հայաստանում» կարևորագույն նիստով, որտեղ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը ներկայացրեց առաջին զեկույցը՝ «Կարգավորման և էթիկայի հեռանկարը. ներկայիս իրավիճակը և խորհուրդներ կլինիկական փորձարկումներն արագացնելու և պարզեցնելու համար»:

Այն վերաբերում էր Հայաստանում զարգացող հետազոտական ​​էկոհամակարգին, ինչպես նաև արդյունավետության և համապատասխանության բարձրացման գործնական ռազմավարություններին:

ԵՊԲՀ հետազոտողները նույնպես իրենց ներդրումն ունեցան կլինիկական և հանրային առողջապահության մի շարք թեմաների շուրջ.

  • Նյարդաբանության ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյան՝ «Նեյրոդեգեներատիվ խանգարումներ. խնամքի առաջընթացը և մարտահրավերները Հայաստանում»,
  • Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովա՝ «Շաքարային դիաբետը Հայաստանի մանկական բնակչության շրջանում. 15-ամյա հետահայացք»
  • Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ Սերգեյ Սարգսյան՝ «Երեխաների և դեռահասների առողջության նվաճումներն ու մարտահրավերները Հայաստանում»,
  • Սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համայակ Սիսակյան՝ «Սուր կորոնար համախտանիշի եվրոպական ուղենիշների կիրառումը Հայաստանում»,
  • «Հերացի» հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Ցոլակ Սարգսյան՝ «Դեղերի մատակարարումը և սուր միոկարդի ինֆարկտի բուժման մատչելիությունը Հայաստանում» և «TAVR-ը Հայաստանում. նվաճումներ»,
  • Սրտաբանության հետբուհական ամբիոնի վարիչ Համլետ Հայրապետյան՝ «Սուր միոկարդի ինֆարկտի կառավարումը. Հայաստանի վիճակը և ապագան»,
  • ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյան՝ «Ինտերվենցիոն սրտաբանության ներկայիս վիճակը Հայաստանում»,
  • Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Պողոսյան՝ «Թքագեղձերի ուռուցքաբանության և բերանի խոռոչի պաթոլոգիաների համաճարակաբանություն զորակոչիկների մոտ»։

ԵՊԲՀ-ն համակազմակերպել և ղեկավարել է մի քանի խոշոր ակադեմիական քննարկում կոնգրեսի ընթացքում.

Բժշկական կրթության գլոբալ վերափոխումը թեմայով նիստի ընթացքում ուսումնասիրվեց բժշկական կրթության զարգացող գլոբալ լանդշաֆտը և անդրադարձ կատարվեց 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար ուսումնական ծրագրերն արդիականացնելու անհրաժեշտությանը: Քննարկումները ներառում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային ուսուցման հարթակները, կենսաբժշկական առաջընթացների ինտեգրումը, միջազգային համագործակցությունը և կարողությունների վրա հիմնված վերապատրաստման շրջանակները:

Խոսնակների թվում էին.

  • ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնի վարիչ Կարինե Սարգսյանը՝ «Թվայնացումը բժշկական կրթության մեջ․ գլոբալ տեսլական» զեկույցով,
  • Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ «Մոլեկուլներից մինչև բժշկություն. կենսաբժշկական առաջընթացի ինտեգրումն ուսուցման մեջ» զեկույցով,
  • Խոսե Մանուել Մարտին Վիլյան (Իսպանիա)՝ «Բժշկական կրթություն առանց սահմանների. միջազգային և վիրտուալ համագործակցություն» զեկույցով,
  • Խեսուս Միլան Նունյես-Կորտեսը (Իսպանիա)՝ «Կոմպետենցիաների վրա հիմնված միջազգային կրթական չափորոշիչներ» զեկույցով,
  • Իրինա Պապիևան (Շվեյցարիա), Մարիամ Մովսիսյանը և Համլետ Թորոսյանը (Հայաստան)։

Հետազոտական ​​ինտեգրված բժշկական մասնագիտական ​​զարգացում թեմայով նիստն ընդգծեց հետազոտական ​​հմտությունների և մշակույթի ինտեգրման կարևորությունը բժշկական վերապատրաստման բոլոր փուլերում՝ բակալավրիատից մինչև կլինիկական պրակտիկա: Այն կենտրոնացած էր հետազոտական ​​մտածելակերպի խթանման, մենթորության խթանման և երիտասարդ մասնագետներին խրախուսելու վրա՝ իրենց ներդրումն ունենալու համաշխարհային գիտելիքի ստեղծման գործում։

Զեկուցողների թվում էին․

  • Խեսուս Լոպես-Հերսեn (Իսպանիա)` «Դասավանդումից մինչև հայտնագործություն. դասախոսների ներգրավվածությունը հետազոտություններում»,
  • ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանը՝ «Մենթորինգի դերը ապագա բժշկական մասնագետների աճի գործում»,
  • Կրթական ծրագրերի բաժնի պետ Արամ Բայկովը՝ «Գնահատումը հետազոտություններին ինտեգրված բակալավրիատի բժշկական կրթության մեջ»
  • Խավիեր Արիասը (Իսպանիա)՝ – «Գլոբալ առողջապահական մարտահրավերների լուծումը նորարարական կրթության միջոցով»։

Ալերգիաներից այն կողմ. 2-րդ տիպի բորբոքման լայն ազդեցության ըմբռնումը խորագրով նիստի համակազմակերպիչն էր ԵՊԲՀ-ն։

Մասնակիցներ՝

  • Աստղիկ Բաղդասարյան․ «Ասթմա. 2-րդ տիպի բորբոքման դերը պաթոգենեզում»,
  • Դավիթ Եսայան․ «Հիստամինից այն կողմ. 2-րդ տիպի բորբոքումը՝ որպես ալերգիկ հիվանդությունների շարժիչ ուժ»,
  • Արմինե Հակոբյան․ «Իսկական դեղորայքային ալերգիան DPT-ի ուղեգրված հիվանդների շրջանում»։

Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում. կլինիկական, էթիկական և իրավական հարցեր թեմայով քննարկմանը Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանը ներկայացրեց «Լյարդի փոխպատվաստումը Հայաստանում․ մեր փորձը» խորագրով զեկույցը։

Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը մասնակցեց «Շարունակական մասնագիտական ​​զարգացման (Continuing Professional Development-CPD) և մասնագիտացված առողջապահական ծրագրերի առաջխաղացումը Հայաստանում» և «Հետբուհական բժշկական կրթության նոր մոդելների հարմարեցումը. կլինիկական օրդինատուրայի ծրագիրը» թեմաներով նիստերին, որտեղ ներկայացրեց «Շարունակական բժշկական կրթությունը (Continuing Medical Education – CME) ԵՊԲՀ-ում. ներկայիս պատկերը և ապագա ուղղությունները» վերտառությամբ զեկույցը։ Նրա ներդրումն ընդգծեց ԵՊԲՀ առաջատար դերը մասնագիտական ​​կրթությունը միջազգային չափանիշներին և ազգային առողջապահական առաջնահերթություններին համապատասխանեցնելու գործում։

Համահայկական բժշկական կոնգրեսի ընթացքում երկու զեկույցով հանդես եկան Բժշկական հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչները․ ամբիոնի վարիչ Գայանե Ղազարյանն անդրադարձավ էմոցիոնալ տառապանքի բազմակի աստիճանների ուսումնասիրության մեթոդաբանությանը դատաբժշկական հոգեբանական փորձաքննության շրջանակում, իսկ ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանը «Հոգեբանական աջակցություն պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած անձանց» խորագրով զեկույցի միջոցով ներկայացրեց ամբիոնի աշխատանքը վերջին 5 տարվա ընթացքում՝ թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո։

ԵՊԲՀ ուսանողական թիմը (Համլետ Թորոսյան, Վիրապ Գալստյան, Լիլիթ Ղազարյան, Անի Գաբրիելյան) մասնակցեց համալսարանական կլինիկական դեպքերի մրցույթին (բժշկական ուսանողների համատեղ նիստ)՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի գործընկերների հետ միասին։ Վարում էին Անա Մարիա Գոմես Մարտինեսը (Իսպանիա) և Կոնստանտին Ենկոյանը (Հայաստան)։ Հաղթողներին հավաստագրեր հանձնեց Համահայկական բժշկական 15-րդ կոնգրեսի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Այս ինտերակտիվ նիստը խթանեց կլինիկական դատողությունը, թիմային աշխատանքը և միջազգային գործընկերների ներգրավվածությունը։

Բժշկական բուհի տարբեր կլինիկական օրդինատորներ և աշխատակիցներ հանդես եկան նաև բանավոր և պաստառային աբստրակտների ներկայացմամբ։

Կոնգրեսին մասնակցում էին ոչ միայն բժիշկներ, այլև համալսարանական հիվանդանոցների միջին բուժանձնակազմի ներկայացուցիչները։

Մադրիդում կայացած Համահայկական բժշկական կոնգրեսը ԵՊԲՀ-ի համար հզոր հարթակ ծառայեց՝ ակադեմիական գերազանցության, բժշկական կրթության մեջ նորարարության և գլոբալ կլինիկական համագործակցության նկատմամբ նվիրվածությունը ցույց տալու համար։

Դասախոսների և ուսանողների ակտիվ մասնակցությունն արտացոլում էր համալսարանի տեսլականը՝ ձևավորել առողջապահության ապագան Հայաստանում և դրանից դուրս։