Բժշկական բուհում ավագներին հարգելու, նրանց ներդրումը կարևորելու ավանդույթը շարունակելով՝ «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրվում է կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Երեմի Մխեյանի 95-ամյա հոբելյանին, որը լրանում է սեպտեմբերի 20-ին:
Անվանի գիտնականի մահվանից անցել է 44 տարի: Կոլեգաների, ամբիոնականների, համալսարանականների հուշերում մշտարթուն է նրա տարբերվող կերպարն ու անհատականությունը՝ որպես դասախոս, գիտնական և կրթության կազմակերպիչ:
Կան մարդիկ, որոնց մասին բժշկական աշխարհում հյուսվել են լեգենդներ, որոնք տասնամյակներ առաջ եղել են և կմնան հեղինակություններ, իսկ մեր պարտքն է, անվանիների անցած ուղու մասին պատմելով, ապագա բժիշկների սերունդներին պատգամել սեր ու նվիրվածություն բժշկագիտության հանդեպ, որի արդյունքները բացառապես ժամանակի ընթացքում են տալիս հանրօգուտ պտուղներ` ձևավորելով առողջ հասարակություն:
Կենսագրական տվյալներ
Էմիլ Երեմի Մխեյան (1930-1981թթ.) կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է Նոր Բայազետ քաղաքում (այժմ՝ Գավառ): 1951 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Գիտական գործունեությունը նվիրված է սիմպաթիկ նյարդային համակարգի դերի ուսումնասիրությանը։ Մեծ ներդրում է ունեցել ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու սիմպաթիկ նյարդային համակարգի տրոֆիկ-հարմարվողական դերի վերաբերյալ հայեցակարգի մշակման մեջ, հետազոտել է գլիկոլիպիդների դերը կենտրոնական նյարդային համակարգի գործառության, ինչպես նաև էսենցիալ հիպերտոնիայի զարգացման դեպքում:
Էմիլ Մխեյանը 23 տարեկանից աշխատել է բժշկական մայր բուհում, նախքան այդ՝ դեռևս երկրորդ կուրսում, ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանը նրան փորձեր կատարելու համար հրավիրել է Կենսաքիմիայի ամբիոն, ինչն էլ դառնում է նրա մասնագիտական ճանապարհի մեկնակետը: Մխեյանը ստալինյան կրթաթոշակառու էր: Դեռևս 35 տարեկանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, ինչն այդ ժամանակ այդքան երիտասարդ տարիքում հազվադեպ էր պատահում:
Ընդամենը 51 տարեկանում կյանքի անժամանակ ընդհատված ուղին, ցավոք, թույլ չտվեց առավել մեծ մասնագիտական բարձունքների հասնել: Ինստիտուտի Գիտական խորհուրդը մահվանից կարճ ժամանակ առաջ առաջադրել էր նրա թեկնածությունը Գիտությունների ազգային ակադեմիայում` թղթակից անդամ դառնալու նպատակով:
Կենսաքիմիկոսների ողջ դպրոցն ընդգրկում էր ամենատաղանդավոր, ամենաաշխատասեր, աչքի ընկնող անձնավորություններին, և Էմիլ Մխեյանն այդ շարքում փայլում էր
«Խոշոր կենսաքիմիկոս էր, ճանաչված, հարգված մասնագետ: Կենսաքիմիան այդ տարիներին Հայաստանում լայն զարգացում էր ապրում, և ակադեմիկոս Բունիաթյանի ձևավորած դպրոցի շնորհիվ կեսաքիմիկոսների ողջ դպրոցն ընդգրկում էր ամենատաղանդավոր, ամենաաշխատասեր, աչքի ընկնող անձնավորություններին, և Էմիլ Մխեյանն այդ շարքում փայլում էր, որովհետև շատ պայծառ ուղեղ ուներ, անչափ հետաքրքիր էր նրա հետ զրուցելը: Նա առանձնանում էր ոչ ստանդարտ մտածելակերպով և յուրահատուկ մոտեցմամբ յուրաքանչյուր խնդրի լուծման դեպքում: Հայերեն բնակտոր, իսկ ռուսերեն самородок բառը շատ տեղին է կիրառելը նրա դեպքում, նա հենց նման որակի անձնավորություն էր», – նշում է Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ, Էթիկայի կոմիտեի նախագահ Մագդալինա Մելքոնյանը:
Մխեյանը Գավառից էր արմատներով, ինչը, Մելքոնյանի գնահատմամբ, ևս նպաստել է նրա տաղանդավոր լինելուն․ պատահական չէ, ոչ մեր երկրի տարբեր ոլորտների բազմաթիվ շնորհալի մարդիկ ծնունդով հենց այնտեղից են:
«Մխեյանի հետ իմ անձնական շփումները եղել են կարճ, բայց՝ անչափ ուսանելի և օգտակար: Երբ պատրաստվում էի իմ թեկնածուական թեզի պաշտպանությանը, պետք է ներկայացնեին օպոնենտների, ինձ առաջարկեցին դիմել Էմիլ Երեմովիչին: Նա խիստ զբաղված և այնպիսի մակարդակի մասնագետ էր, որ այդ ժամանակ թեկնածուական թեզերի հարցերով չէր զբաղվում, չնայած շատ հետաքրքրությամբ ծանոթացավ, եզրակացություններ արեց, որը և խոսում է այն մասին, թե ինչպիսի մասշտաբի գիտնականի հետ գործ ունեի: Հետագայում նա որպես ընդդիմախոս առաջարկեց իր աշխատակցին` Օլեգ Սոցկիին», – պատմում է պրոֆեսոր Մելքոնյանը, ով, փաստացի, Մխեյանի մահվանից տարիներ անց, որոշակի ընդմիջումից հետո (1981-1992 թթ․ ամբիոնը ղեկավարել է Գ. Չուխաջյանը), շարունակում է ղեկավարել այս ամբիոնը՝ 1992 թվականից։
«Բացի այն, որ Էմիլ Մխեյանն արտակարգ մասնագետ էր, նա նաև հրաշալի զրուցակից էր: Բոլոր ասպարեզներում խելոք մարդը երևում է: Պոեզիա թե երաժշտություն, ինչից խոսեինք, ինքը միշտ ամեն ինչից տեղյակ էր: Նաև եղել է իմ գիտական աշխատության ղեկավարը: Բնատուր լավ խելք ուներ, զարգացած անձնավորություն էր», – պատմում է Բժշկական քիմիայի ամբիոնի ավագ դասախոս Հասմիկ Մաշինյանը:
Ամբիոնականները միշտ մեծ հարգանքով են հիշում Մխեյանին, ինչն արտացոլում էր նրա բացարձակ հեղինակություն լինելը:
Քիմիա գիտեր քիմիկոսներից լավ
«Ես Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնում էի աշխատում, դոցենտ էի, երբ Մխեյանն ինձ առարկայի հետ հրավիրեց Կլինիկական քիմիայի ամբիոն: Ընդունելով հրավերը՝ տեղափոխվեցի` դառնալով այդ ամբիոնի ուսումնական մասի վարիչը: Եվ այդ ժամանակ բախվեցի, ծանոթացա մի տաղանդավոր մարդու հետ, որի բազային կրթությունը դեղագիտական չէր, սակայն քիմիա գիտեր քիմիկոսներից լավ: Նա բնատուր խելացի մարդ էր, հակասությունների միասնություն էր, չափազանց խիստ և չափազանց բարի, հզոր անձնավորություն էր», – հոբելյարի մասին խոսելիս դիպուկ նկատում է Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը` օրինակ բերելով, որ եթե որևէ ուսանող կտրվել էր կամ քննությունը վերահանձնելու կարիք ուներ, նա ծանոթանում էր սովորողի հետ․ ովքեր գյուղից էին կամ անապահով ընտանիքներից, մեղմ էր վարվում:
Պրոֆեսոր Սահակյանն ընդգծում է, որ ավագ գործընկերն օբյեկտիվ էր, սկզբունքային և կարևոր նպաստ էր բերում երիտասարդների մասնագիտական աճին, ինչպես եղավ և իր դեպքում: Հիշում է, ինչպես մի քանի սփյուռքահայ ուսանող, որոնք արդեն կայացած մասնագետներ էին արտերկրում, տարիներ անց եկել էին Հայաստան և զրույցում հարցրել Մխեյանի մասին, ասել, որ անգամ, երբ նա անցնելիս լիներ Անատոմիական մասնաշենքի մոտով, 10 մետր շառավղով ոչ մի ուսանող չէր հանդգնի քայլել նրա կողքով, քանի որ նրա խստությունն այն հիմնական գիծն էր, որի մասին գիտեին բոլորը:
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը Մխեյանին հիշում է խորը ակնածանքով, ուշագրավ պատմություններով:
Չնայած այն հանգամանքին, որ ականավոր դեղաբան, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիմոն Հակոբի Միրզոյանն իր քեռին էր, ում ջանքերով հիմնադրվել է հայկական նորօրյա, միջազգային ճանաչում ունեցող դեղաբանների դպրոցը` նա առաջին տարում չի ընդունվում համալսարան՝ աշխատանքի անցնելով Ֆարմակոլոգիայի ամբիոնում՝ որպես պրեպարատոր: Նախկինում այս և Մխեյանի ղեկավարած ամբիոնների հարևանությամբ տեղակայված լինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև նեյրոքիմիայի ուղղությամբ համատեղ փորձերի անցկացման, գիտական փոխգործակցության շրջանակում առիթներ է ունեցել ծանոթանալու Մխեյանին, լսելու նրա խստապահանջության մասին՝ այդ ժամանակ անգամ գաղափար չունենալով, որ իր հայրը` Վարդան Թոփչյանը և Էմիլ Մխեյանը ուսանողական ընկերներ են, սովորել են նույն խմբում: Սիմոն Միրզոյանը ևս, Թոփչյանի փոխանցմամբ, շատ բարձր էր գնահատում Մխեյանի գիտնականի, կենսաքիմիկոսի բարձր ներուժը:
«Գալով Աբխազիայից և չունենալով բնակության վայր Երևանում՝ ես քեռուս առաջարկով մնացի այստեղ, ապրեցի նրա տանը՝ պարապելու և մեկ տարի անց նորից ընդունվելու համար: 16 տարեկանում դառնալով պրեպարատոր՝ սկսեցի աշխատել, կենդանիներ բերել, ամբիոնի գործունեությունը եռում էր այդ տարիներին: Ինձ այստեղ չէին վերաբերվում որպես ամբիոնի վարիչի քրոջ որդի, այլ՝ որպես հասարակ աշխատակից, և ես հստակ պարտականություններ ունեի կատարելու: Մխեյանի խստության, բնավորության գծերի մասին այդ ժամանակ թնդում էին լեգենդներ: Եվ լինելով երեխա, լսելով այդ մասին՝ ինչ-որ տեղ սկսում ես սարսափել: Նա մարզիկ էր, զբաղվում էր բոքսով, և դա առանձնակի հմայք էր հաղորդում նրա կերպարին, սակայն պետք է փաստեմ, որ իր ողջ խստությամբ հանդերձ, նրա դեմքի մեջ կար մի ժպիտ, որը խոսում էր բարության մասին», – տարիների հեռվից վերհիշելով՝ պատմում է Հակոբ Թոփչյանը, ում փոխանցմամբ՝ եթե Մխեյանն իմանում էր, որ ուսանողի ծնողներն ուսուցիչներ են, մանկավարժներ, մշտապես ընդառաջում էր, դնում ցածր բալ, բայց փորձում էր գնահատել գիտելիքն ըստ արժանվույն:
«Որպես կենսաքիմիկոս՝ Մխեյանի ուղեղը պայծառ էր, ամենապայծառներից մեկը», – շեշտում է Թոփչյանը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրս ընդունվելուց հետո նա հիշում է՝ ինչպես 4-րդ լսարանում դասախոսելիս Մխեյանի դասախոսություններին քար լռություն էր: Նա ժամանակակից կլինիկական քիմիա էր դասավանդում, և անգամ այսօր նրա դասախոսություններից կարելի է մեջբերումներ անել, ունկնդիրները լիովին ընկղմված էին տվյալ նյութի մեջ:
Հետագայում Թոփչյանն առիթներ է ունեցել որպես իր հոր կուրսընկեր համալսարանում, նաև հայրենիքում` ծովափում, ընկերակցելու Մխեյանին, վայելելու նրա ներկայությունը, պատգամներն ու կրթող, ուսուցանող պատմությունները:
Բժշկական մանրէաբանության ամբիոնի դոցենտ Լարիսա Մխեյանը` Էմիլ Մխեյանի այրին, խորը ակնածանքով ու կարոտով է խոսում ամուսնու մասին: Նրանց կյանքում բժշկական բուհը առանցքային դեր ուներ, հանդիպել են այստեղ, ստեղծել ընտանիք, համատեղ քայլել կյանքի ճանապարհով:
«Ասել, որ լավ դասախոս էր և լավ գիտնական, կարծես թե ոչինչ չասել: Ուսանողները նրան սիրում էին, ճիշտ է, նաև ունեին որոշակի վախ, զգոնություն, քանի որ բավականին խիստ էր, բայց դրա հետ միասին օբյեկտիվ էր: Սիրում էր լավ ուսանողներին, կարևորում նրանց իմացությունն առարկաներից», – ասում է Լարիսա Մխեյանը, ով դասավանդում է բժշկական կադրերի դարբնոցում արդեն կես դար և տասնամյակներ անց չի մոռանում բոլոր այն արժեքավոր խորհուրդները, որոնք տվել է ամուսինը՝ որպես կյանքի ընկեր, որպես ավագ կոլեգա:
«Յուրաքանչյուր բժշկագիտական գիրք կամ աշխատություն ինձ առաջարկելիս ասում էր՝ եթե ուզում ես լավ դասախոս դառնալ, ուրեմն այս գիրքը պետք է անպայման կարդալ: Միշտ շեշտում էր, որ դասի պետք է մտնել շատ մանրամասն պատրաստված, ինքն անձամբ մինչև տվյալ փորձը չկատարեր, չհամոզվեր իր կողմից կատարվող փորձի արդյունքում, երբեք դասի չէր մտնում: Բավական պահանջկոտ էր: Մտնում էր լսարան, անցկացնում էր բոլորին աչքի տակով և ասում էր. «Երեք բացակայի ազգանուն ինձ տվեք»: Հստակ արձանագրում էր բացակաների թիվը, այսինքն՝ մոտ երեք վայրկյանում կարողանում էր մտովի հաշվել ուսանողների քանակը», – նկատում է նա:
Հիշում է՝ ինչպես ամուսնու 50-ամյա հոբելյանը մեծ շուքով նշեցին համալսարանում:
«Նրա ջանքերով ստեղծվեց Կլինիկական քիմիայի ամբիոնը, ներկայումս՝ Բժշկական քիմիայի: Փոխեց ուղղությունը` կազմակերպելով դասախոսություններ, երբ տարբեր առարկաների ներկայացուցիչները մի թեմայի շուրջ էին ներկայացնում մասնագիտական նյութը 5-րդ և 6-րդ կուրսի ուսանողների համար», – մանրամասնում է դոցենտ Մխեյանը:
Ամուսինը դասախոսել է նաև իրեն, ինքը նույնպես պատիվ է ունեցել լսել, կլինիկական քիմիա` Էմիլ Մխեյանի մատուցմամբ:
Էմիլ Մխեյանի՝ վառ անձնավորություն լինելու մասին վկայել է նաև այն, որ տարբեր մարդկանց հանդեպ տարբեր մոտեցում էր ցույց տալիս. բանվոր թե ակադեմիկոս, բոլորի հետ լեզու էր գտնում, ընկերասեր էր, զարգացած: Կինը փաստում է, որ բարեկամասեր էր, հատկապես Գավառի բարեկամները մշտապես առիթ են ունեցել հյուրընկալվելու իրենց տանը, վայելելու հյուրընկալությունն ու ուշադրությունը: Ընկերություն էր անում բժշկական ինստիտուտի գործընկերների, բժիշկ-գիտնականների հետ, որոնց մեծ մասն այսօր լուսահոգի է:
Հետաքրքրիր պատահականությամբ տիկին Լարիսան ևս ծնվել է Գավառում՝ Այրիվանքում, ծնողներն այդ ժամանակ Երևանից գործուղվել են մարզ՝ աշխատելու նպատակով: Առիթ է ունեցել լսելու Մխեյանից, թե ինչպես է նա իր ծննդավայրն անվանում «աշխարհի կենտրոն»:
Էմիլ Մխեյանի 5 դուստրերից 4-ը, շարունակելով անվանի հայրիկի ճանապարհը, բժշկի ուղին ընտրեցին:
Ավագ դուստրը՝ Էմիլիան, բժշկական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ աշխատել է զինվորական հոսպիտալում, բաժանմունք է ղեկավարել: Նաիրան տնտեսագետ է, Նունեն` ստոմատոլոգ, նրանք բնակվում են ԱՄՆ-ում: Անուշիկն այժմ Լիբանանում է մասնագիտական գործունեություն ծավալում, գինեկոլոգ է:
Հետաքրքիր պատահականությամբ ավագ դստեր՝ Էմիլիայի թոռը` Էմիլը, ոչ միայն կրում է մեծ պապի անունը, այլև, հարազատների խոսքով, շատ նման է նրան և՛ արտաքնապես, և՛ շարժուձևով:
Դուստրերի սերունդները՝ վեց թոռներն ու հինգ ծոռները, հպարտությամբ են հիշելու իրենց անվանի պապիկին, նրա թողած ավանդն ու բժշկական բուհի պատմության մեջ դրոշմված տարբերվող հետքը։
Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները՝ ընտանիքի և ամբիոնի անձնական արխիվից,
ինչպես նաև Մարի Գալստյանի