Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է. վերլուծական

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է. վերլուծական

Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում գործող գրադարանների լավագույն փորձին՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով այն իրենց գրադարաններում:

Մեզ հայտնի ամենահին գրադարանը հիմնել է Ասորեստանի թագավոր Աշշուրբանիպալը Ք.ա.668-631 թվականներին։  Այն գտնվում էր Նինվեի նրա թագավորական պալատում (ներկայիս Հյուսիսային Իրաքի տարածքում, Մոսուլի մոտ) և ներառում էր մոտ 30.000 կավե սալիկներ, որոնք գրված էին սեպագիր արձանագրությամբ։

Թեև հայտնաբերվել են ավելի վաղ շրջանի թագավորական արխիվներ (մասնավորապես՝ Էբլայում, ներկայիս Սիրիայի տարածքում), Աշշուրբանիպալի գրադարանն առաջինն է, որը ներկայացնում է կենտրոնացված պետության կառավարման հետ կապված որևէ գործնական նպատակ չունեցող գրական տեքստեր հավաքելու և կազմակերպելու համակարգված ջանքեր։ Հավանաբար, Նինվեում սերունդներ շարունակ եղել է ինչ-որ արխիվ, սակայն այն մեծ ընդլայնման շրջան է ապրել Աշշուրբանիպալի գահակալության տարիներին՝ վարչական արխիվից (ինչպես Էբլայում գտնվողը) վերափոխվելով այնպիսի գրադարանի, ինչպես մենք այսօր հասկանում և ընկալում ենք այդ տերմինը։

Մեկ այլ հայտնի գրադարաններից է Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանը` հնագույն շրջանի խոշորագույն գրադարաններից մեկը, որը մ.թ.ա. 3-րդ դարից մինչ մ.թ. 4-րդ դարը գոյություն է ունեցել անտիկ  Ալեքսանդրիայում:

Մ.թ.ա. 50-40-ական թվականներին Ալեքսանդրիայի գրադարանն ունեցել է շուրջ 800.000 անուն գիրք, մագաղաթ, պապիրուս, ձեռագիր:

Աշխարհում կան հազարների հասնող գրադարաններ, որոնք տեղակայված են աշխարհի բոլոր երկրներում: Այն յուրաքանչյուր երկրի ամենաարժեքավոր գանձերից մեկն է, եթե ոչ՝ ամենաարժեքավորը:

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Ամերիկյան Կոնգրեսի գրադարանը «աշխարհի ամենամեծ գրադարանն» է դարակաշարերի տարածքի առումով, սակայն Բրիտանական գրադարանը «աշխարհի ամենամեծ գրադարանն» է իր հավաքածուներում առկա գրքերի քանակի առումով։

Վատիկանի գրադարանը, որը հիմնադրվել է 1475 թվականին, նույնպես ամենահին գրադարաններից մեկն է աշխարհում: Այն գտնվում է Վատիկանի պալատում և հայտնի է որպես աշխարհի ամենահարուստ ձեռագրերի պահոցներից մեկը։  Գրադարանը հռոմեական պոնտիֆիկոսների առաջին գրադարանի անմիջական ժառանգորդն է։

Հայաստանի ազգային գրադարանը, աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է։ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Ազգային գրադարանի հավաքածուները ձևավորվել են պետական, հասարակական, գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և նվիրատվությունների հիման վրա: Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, միջգրադարանային բաժնույթի, տեղեկատվության և գրքափոխանակության, տպագիր արտադրանքի թվայնացման համապետական կենտրոն է։

2023թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Ազգային դրադարանի գլխավոր գրապահոցի հավաքածուն կազմել է ավելի քան 6 միլիոն միավոր:

Մատենադարանի հայագիտական գրադարանը՝ տպագիր հարուստ հավաքածուով, Էջմիածնից տեղափոխվել է Երևան Մատենադարանի պաշտոնական բացումից հետո: 1939թ. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի 2-րդ և 3-րդ հարկերում: Մատենադարանի այժմյան հայագիտական գրադարանը՝ տպագիր գրականության իր հարուստ հավաքածուով վերակազմավորվել է 1959թ. մարտի 3-ին: Ներկայումս գրադարանի պահոցում պահվում են 45 լեզուներով հայագիտական հնատիպ և եզակի գրքերի ավելի քան 120.000-ի հասնող հավաքածուներ, քարտեզների, ատլասների, ալբոմների ու նոտաների հազվագյուտ նմուշներ:

Մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի հավաքածուն բացառիկ է, այն ներառում է մոտ 2400 միավոր, իսկ 95 անուն գիրք, ընդհանրապես, եզակի օրինակներ են:

ԵՊԲՀ գրադարանը բժշկական բնույթի առաջին գրադարանն է հանրապետությունում: Այն հիմնադրվել է 1930թ.-ին, երբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բժշկական գրականությունը (5500 գիրք) փոխանցվել է բժշկական ինստիտուտին: Տասնամյակների ընթացքում գրադարանը կարողացավ ձևավորել ուսումնական, կենսաբժշկական, տեղեկատվական բնույթի լավագույն հավաքածու, որն այժմ ընդգրկում է 509.391 միավոր գրականություն:

Ստեղծման օրվանից առ այսօր գրադարանն աշխատում է բժշկական համալսարանի ուսումնական, գիտական գործընթացին համահունչ։ Այն իր բազմաբնույթ ծառայություններն ու գրքային հարստությունը տրամադրում է շուրջ 6 հազար այցելուների:

Ինչպես գիտեք, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը շուտով կունենա նոր, գերժամանակակից գրադարան։ Համապատասխան նախագծի գործադրութունն արդեն սկսված է։ Համալսարանի գրադարանի վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված այս նախաձեռնության նպատակն է ժամանակակից ու ոգեշնչող ուսումնական և հետազոտական միջավայր ապահովել ուսանողների համար։

Բժշկական համալսարանի գրադարանի վերափոխման ծրագիրը կիրականացվի «Կերոն» զարգացման հիմնադրամին կողմից, համագործակցելով Նիդերլանդների «Defesche van den Putte» (DVDP) ճարտարապետական ընկերության հետ, որը մեծ համբավ ունի աշխարհում իր նորարարական նախագծերով։

Այս ծրագիրը պետք է փոխի գրադարանի հանրային ընկալումը։ Աշխատանքների ավարտին համալսարանի ներկայիս գրադարանի 600 քառակուսի մետր տարածքը կընդլայնվի` հասնելով 3000 քառակուսի մետրի` դառնալով թվայնացված և գերհագեցած ժամանակակից տեխնիկական  հնարավորություններով գրադարան։

Գրադարանը կունենա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բաց և փակ դահլիճներ, հանգստյան գոտիներ, ինչը կապահովի ուսումնական ռեսուրսների հետ շփման հետաքրքիր և նորարարական ձևաչափ՝ ստեղծելով ուսանողների համար յուրահատուկ և ոգեշնչող տարածք։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2024թ.-ին հանրապետությունում գրադարանների ընդհանուր թիվը եղել է 514, որից 137-ը քաղաքային, իսկ 377-ը գյուղական: Գործող հանրապետական գրադարանները 3-ն են:

Ըստ գրադարանների ներկայացրած հաշվետվությունների 2024թ.-ին ՀՀ-ում ընթերցողների թվաքանակը եղել է 400.440, որից 277.891-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել:  Ըստ վիճակագրության մեկ ընթերցողի միջին հաճախելիությունը կազմել է 8.2, իսկ բնակչության ընդգրկվածությունը ՀՀ-ում 13.2%:

Հայաստանում գրադարանային աշխատակիցների ընդհանուր թիվը նույն ժամանակահատվածում եղել է 1967` քաղաքային գրադարաններում 1609 և գյուղականում` 358 աշխատակից:

Շնորհավորում ենք գրադարանային գործի բոլոր ներկայացուցիչներին իրենց մասնագիտական օրվա առթիվ: