Ձեռագիրը տեղեկատվական գործիք՝ նուրբ շարժողականության ուսումնասիրության բնագավառում

Ձեռագիրը տեղեկատվական գործիք՝ նուրբ շարժողականության ուսումնասիրության բնագավառում

Ինչ կերպ կարելի է մանր մոտորիկան համակցել ձեռագրի հետ և ինչպես են ձեռագրի փոփոխությունները կապված տարատեսակ հիվանդությունների հետ։ Այս և մի շարք այլ մասնագիտական տեսակետից ուշագրավ թեմաների անդրադարձ կատարվեց «Արհեստական բանականության օգտագործումը մանր մոտորիկայի նուրբ փոփոխությունների հայտնաբերման համար տարբեր հիվանդությունների պատճառով» դասախոսության ընթացքում, որը վարում էր Շվեյցարիայից ժամանած անվանի մասնագետ, ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Չերնովը, ով բժշկական հոգեբանության ուղղությամբ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր է։

«Սա շատ հետաքրքիր թեմա է, որովհետեւ մանր մոտորիկան արձագանքում է մի շարք հարցերի ձեռագրի ուսումնասիրման մեջ՝ այդ թվում արհեստական ինտելեկտի միջոցով։ Ես արհեստական ինտելեկտն այս հանդիպմանը դիտարկելու եմ տարբեր ուղղություններով՝ օգուտի ու վատի տեսանկյունից, այն հայացքից, թե ինչ է կարելի, ինչը՝ ոչ։ Այս պահի դրությամբ՝ փաստացի բոլոր ասպեկտներով»,- մանրամասնեց արտերկրից ժամանած դասախոսը։

Ձեռագիրը միաժամանակ փոխանցում է այն, թե ինչ է մտածում մարդը։ Handwriting = brainwriting ասույթը փաստում է՝ այն ոչ միայն զուտ շարժում է, այլև ուղեղի տարբեր հատվածների աշխատանքի արտացոլում։

Բժշկական հոգեբանության կուրսի վարիչ Գայանե Ղազարյանը, շեշտադրելով քննարկվող նյութի արդիականությունը, նշեց, որ այն կարևոր է հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։ Նա հորդորեց ապագա բժիշկներին և դասախոսներին հարցադրումներում ակտիվ լինել։

Ամբիոնն այժմ կուրսը  Յուրի Չերնովի հետ ունի գործակցության արդյունավետ փորձ՝ հատկապես դատահոգեբանական փորձաքննության մեջ ձեռագրի վերլուծություն կատարելու հարցում։ Խոսքն այստեղ մասնավորապես նախքան մահը թողած գրության մասին է, որը ինֆորմատիվ ուսումնասիրման նյութ է այս բնագավառում։

Նշենք, որ Յուրի Չերնովը Հայաստանում առաջին անգամ եղել էր տարիներ առաջ, ինչպես նաև նախորդ տարի՝ մասնագիտական հավաքի մասնակցելու նպատակով։

ԵՊԲՀ-ում նա երկրորդ անգամ է։ 2024 թվականին, կրկին հոկտեմբերին, «Ալցհեյմերի ախտորոշումը ձեռագրաբանության մեջ» դասախոսությունը ներկայացրեց հայ կոլեգաներին։

«Մեկ տարի անց այստեղ լինելս փաստում է այն մասին, որ մեծ հաճույքով եմ համագործակցում բժշկական համալսարանի կոլեգաների հետ և դա շարունակական է լինելու»,- նկատում է ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիրը։

Այսպիսով, արձանագրվեց, որ նուրբ շարժողականությունը կարևոր դեր ունի մարդու առօրյա կյանքում․ այն ապահովում է ճշգրիտ և համակարգված շարժումներ, որոնք անհրաժեշտ են առարկաների օգտագործման, տեխնիկայի հետ աշխատանքի և մասնագիտական պարտականությունների կատարման համար։

Նուրբ շարժողականության խանգարումները կարող են լինել ոչ միայն նյարդաբանական կամ հոգեկան հիվանդությունների (օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն, դեմենցիա, դեպրեսիա), այլև մի շարք ֆիզիկական վիճակների՝ սրտանոթային կամ շնչառական հիվանդությունների վաղ ախտանշաններ, որոնք ազդում են ընդհանուր համակարգման և դիմացկունության վրա։

Ձեռագիրը նուրբ շարժողականության ուսումնասիրության ամենահարմար և տեղեկատվական գործիքն է։ Այն միավորում է շարժողական ակտիվությունը, տեսադաշտ-շարժողական համակարգումը և կոգնիտիվ գործընթացները։ Քանի որ գրելը մարդու համար բնական և սովորական հմտություն է, նույնիսկ ձեռագրի փոքր փոփոխությունները կարող են արտացոլել նյարդային համակարգի աշխատանքի կամ ընդհանուր առողջական վիճակի թաքնված խանգարումներ։ Ձեռագրի փոփոխությունները վաղուց օգտագործվում են գիտական ուսումնասիրություններում՝ որպես առողջական խանգարումների ցուցիչ, և այս ուղղությամբ կուտակվել է մեծ փորձ՝ ավանդական վերլուծական մեթոդներով։

Արհեստական բանականության կիրառումը բացում է նոր հնարավորություններ․ այն թույլ է տալիս հայտնաբերել և վերլուծել ամենանուրբ փոփոխությունները, ավտոմատացնել ախտորոշումն ու մոնիթորինգը, ինչպես նաև զգալիորեն բարձրացնել հիվանդությունների վաղ հայտնաբերման ճշգրտությունն ու արագությունը։

Նշենք, որ նախանշվել են այցելու պրոֆեսորի հետ համալսարանականների հետագա համագործակցության ուղիները, որոնք ենթադրում են բացահայտել ձեռագրի միջոցով հակումների օրինաչափությունները։