85-ամյա պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը՝ անեսթեզիոլոգիայի պատմության կենդանի վկան

85-ամյա պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը՝ անեսթեզիոլոգիայի պատմության կենդանի վկան

Հոկտեմբերի 20-ին լրանում է Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանի 85-ամյակը:  Հոբելյանի նախօրեին տեղի է ունեցել անեսթեզիոլոգիային և ինտենսիվ թերապիային նվիրված տարեկան համագումար` ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությամբ: Այս տարի լրանում է նաև Դավիթ Մելքոնյանի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտելու 60 տարին։  «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում պրոֆեսորի հետ զրուցել ենք նրա անցած ուղու և մեր երկրում բժշկագիտության այս կարևոր ուղղության` անեսթեզիոլոգիայի մասին։

Կենսագրական տվյալներ

Դավիթ Մելքոնյանը 1965 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1976 թվականից աշխատել է Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում (ներկայումս Առողջապահության ազգային ինստիտուտ) 1991 թվականից եղել է անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, իսկ 1990-1992 թվականներին՝ միաժամանակ վիրաբուժական ֆակուլտետի դեկան։ 1982 թվականից նա Անեսթեզիոլոգների եվրոպական, 1990 թվականից՝ Համաշխարհային ընկերակցությունների անդամ է, իսկ 1994 թվականից՝ Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ընկերակցության փոխնախագահը։ Նրա գիտական աշխատանքները վերաբերում են վիրաբուժական պացիենտների հոգեհուզական վիճակի շտկման, կետամինային անզգայացման և վերականգնման փուլերում իմացական գործընթացների փոփոխմանը, ինչպես նաև աղետների բժշկության հարցերին։

Անեսթեզիոլոգ դառնալու մասին

Դավիթ Մելքոնյանը մասնագիտական ճանապարհի սկզբին որոշ ժամանակ աշխատել է բժշկական ինստիտուտի լաբորատորիայում, ապա՝ վիրաբույժ է եղել, բայց շուտով հասկացել է, որ դա իրեն այդքան էլ հոգեհարազատ չէ։ Ղեկավարը՝ անվանի վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանը, նրան խորհուրդ է տվել ընտրել անեսթեզիոլոգի մասնագիտությունը։ Պրոֆեսորը հիշում է՝ այն ժամանակ Հայաստանում ընդամենը 10-12 անեսթեզիոլոգ կար։

Անեսթեզիոլոգիայի մասնագիտությունը որպես առանձին ուղղություն ստեղծվել է համեմատաբար ուշ․ նախկինում անզգայացումը իրականացնում էին հենց վիրաբույժները, այն դասավանդվում էր վիրաբուժության ամբիոններում։

1963 թվականին  Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ստեղծված ամբիոններից մեկը կոչվում էր Կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոն, որի ղեկավարն էր Սուրեն Ավդալբեկյանը, իսկ անեսթեզիոլոգիայով զբաղվում էր Ալեքսանդր Պետրոսյանը։ Այդ ամբիոնում բժիշկները անցնում էին 5-ամսյա վերապատրաստման կուրսեր և ստանում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի որակավորում։ Վերապատրաստման ծրագրերին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների բժիշկներ։

1991 թվականին ամբիոնները առանձնացվեցին, և ստեղծվեց Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը, որի առաջին ղեկավարը դարձավ Դավիթ Մելքոնյանը։

Արդեն 1995 թվականին նրա ջանքերով բժշկական համալսարանում ձևավորվեց Անեսթեզիոլոգիայի ամբիոնը։ Շուրջ 30 տարի Դավիթ Մելքոնյանը եղել է ամբիոնի վարիչ։ Չորս տարի առաջ նա անձամբ հրաժարվել է այդ պաշտոնից, և այժմ հետբուհական կրթություն իրականացնող այս ամբիոնի վարիչ է ընտրվել դոցենտ Հարություն Մանգոյանը։

«30 տարուց ավելի չի կարելի լինել ամբիոնի վարիչ։ Մարդ պետք է իր տարիքի հետ համաչափ քայլի։ Երբ պետությունը կենսաթոշակի անցնելու ցենզ է սահմանում, պետք է հաշտվել դրա հետ։ Այդ թվերը պարզապես այդպես չեն դրված․ 40 տարեկանում ուշադրությունդ մի բան է, 70-ում՝ այլ»,- ասում է պրոֆեսոր Մելքոնյանը։

Գիտական և մասնագիտական գործունեությունը

Դավիթ Մելքոնյանը շուրջ 25 տարի զբաղվել է պրակտիկ անեսթեզիոլոգիայով, ապա շարունակել է կլինիկական աշխատանքները՝ խորհրդատվություններ, համայցեր, կոնսիլիումներ։ Այսօր էլ որպես ամբիոնի պրոֆեսոր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում խորհրդատվություններ է կատարում բժիշկների շրջանում, մասնակցում քննարկումներին։

Պրոֆեսորը չի հաշվել, թե քանի անեսթեզիա է իրականացրել, սակայն մոտավոր գնահատմամբ՝ շուրջ 10 հազար։ Ամենաերկար վիրահատությունները, մինչև 12 ժամ տևողությամբ, նա կատարել է անվանի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ։

Մելքոնյանը հեղինակել է երկու գիտական աշխատանք, որոնք վերաբերում են անեսթեզիոլոգիական դեղամիջոցների ազդեցությանը մարդու հոգեկան վիճակի վրա և պսիխոտիկ երևույթների կանխարգելմանը։ Նրա կարծիքով՝ անեսթեզիան ազդում է բոլոր կոգնիտիվ ֆունկցիաների վրա, և իր աշխատանքները վկայակոչելով՝ արտասահմանում իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ։

Նա նաև համագործակցել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» հիմնադիր, հայտնի սրտային վիրաբույժ Ալեքսանդր Միքայելյանի հետ՝ գիտական աշխատանքներ կատարելով էքսպերիմենտալ բժշկության ոլորտում։

«Միքայելյանը հոյակապ մասնագետ էր։ Հայկական բժշկության մեջ ընդամենը մի քանի մարդ-մեդիկ կա՝ բժիշկ բառի լայն իմաստով․ Միքայելյանը, Ափոյանը, Մալխասյանը, Ավդալբեկյանը»,- ասում է Մելքոնյանը։

Մասնագիտական և մարդկային խոհեր

Պրոֆեսորը նշում է, որ այսօր երիտասարդները անսահման հնարավորություններ ունեն՝ թե մասնագիտական առաջընթացի, թե գիտական աշխատանքի համար։

«Լավ անեսթեզիոլոգը պետք է, նախ և առաջ, կարգին մարդ լինի՝ լայն մտահորիզոն ունեցող։ Պետք է շատ լավ իմանա կենսաքիմիա, ֆարմակոլոգիա, սրտաբանություն․ դրանք մեր մասնագիտության հիմնական սյուներն են։ Շատերին թվում է՝ նարկոզ տվեցիր, պացիենտն արթնացավ, և վերջ․ դա չէ անեսթեզիոլոգիան։ Այն դրսևորվում է բարդ վիրահատությունների ժամանակ, բարդ  դեպքերում, երբ կան կողմնակի խնդիրներ»,- ընդգծում է նա։

Մելքոնյանը համոզված է՝ բժշկության մեջ «կարևոր» և «անկարևոր» մասնագիտություններ չկան․ պարզապես կան ուղղություններ, որոնք ավելի հայտնի են հանրության շրջանում, բայց դա չի նսեմացնում մյուսների դերը։

Երկարակեցության գաղտնիքը չափի զգացողությունն է

Դավիթ Մելքոնյանի եղբայրներից Էդուարդ Մելքոնյանը հայտնի պատմաբան և մշակութաբան է, իսկ Ռաֆայել Մելքոնյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան։ Նրանց հայրը շուրջ 20 տարի նախարար է եղել՝ ղեկավարելով տարբեր գերատեսչություններ։

Պրոֆեսոր Մելքոնյանը երկու դուստր ունի։ Թե՛ դուստրերը, թե՛ թոռները չեն ընտրել բժշկի մասնագիտությունը։

«Չեմ նեղսրտում։ Բժշկությունը պետք է սիրես, որ ընտրես»,- ասում է նա։

Բացի մասնագիտությունից՝ Դավիթ Մելքոնյանը մեծ հետաքրքրություն ունի պատմության, մշակույթի և արվեստի նկատմամբ։ Շատ է ընթերցում, ուսումնասիրում արվեստի պատմություն, սիրում է ջազ երաժշտություն և գեղանկարչություն։

«Պետք է ապրել ու աշխատել ճիշտ․ համեստ լինել, չնախանձել, վատը չցանկանալ, չափավոր լինել ցանկություններում, կյանքին լավատեսորեն վերաբերվել»,- հորդորում է պրոֆեսորը։

Նրա խոսքով՝ թե սննդի և ալկոհոլի, թե առհասարակ կենսակերպի հարցում անհրաժեշտ է պահպանել առողջ կենսակերպ՝ երբեք չկորցնել չափի զգացողությունը և զբաղվել ֆիզիկական վարժություններով։

 Համալսարանական ընտանիքը շնորհավորում է բժիշկ-գիտնականի ծննդյան հոբելյանը` մաղթելով ամենայն բարիք:

Տեքստը` Ինգա Մարտինյանի

Լուսանկարները` Դավիթ Մելքոնյանի անձնական արխիվից