Մարիա Սուլեյմանյանը սովորում է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսում:
«Ես, ինչպես շատերը, մանկուց չեմ երազել բժիշկ դառնալ: Լինում են պահեր, երբ ամեն ինչ որոշվում է մեկ ակնթարթում: Երբ տեսնում ես, թե ինչպես կարող է մեկ բժիշկը վերադարձնել հույս, այդ պահը ինչ-որ խորը ազդեցություն է թողնում: Չնայած բարեկամներիս շրջանում կան բժիշկներ, իմ ընտանիքում ես առաջինն եմ ընտրել այս ճանապարհը։ Մի կողմից դժվար է, երբ չունես փորձառու մարդու ուղեկցություն, բայց մյուս կողմից դա հնարավորություն է ինքնուրույն անցնելու այս ճանապարհը և հասնել հաջողության սեփական ուժերով»,-մասնագիտական կողմնորոշման մասին ընդգծում է ապագա բժիշկը, ով բժշկական մայր բուհ է ընդունվել 2021 թվականին` Լեռնային Ղարաբաղից, Ստեփանակերտից տեղափոխվելով Երևան:
Բժշկական համալսարանում ուսումնառությունը նա բարձր է գնահատում՝ նշելով, որ կրթական հաստատությունը տալիս է ոչ միայն գիտելիք, այլև համբերատար լինելու կարողություն, հասկանալու, էմպատիայի՝ ապրումակցելու կարևորությունը։
«Եվ, ամենակարևորը, այստեղ սկսում ես սովորել սովորել: Իհարկե, սովորելը հեշտ չէ, բայց անհնար էլ չէ։ Այսօր տեխնոլոգիաները արագ զարգանում են, բժշկության մեջ շատ բան են վստահում սարքերին, բայց պացիենտը վստահում է ոչ միայն տեխնիկային, այլ հենց նրան, ով լսում, հասկանում և լուծում է նրա խնդիրները։ Այդ պատճառով մարդկային գործոնը միշտ գերակա է: Փորձում եմ լավ սովորել, որ կարողանամ գիտելիքներս գործնականում ճիշտ կիրառել: Ինձ շատ դուր է գալիս պացիենտների հետ շփումը, դա շատ բան է սովորեցնում: Նյութն այդ պարագայում ավելի լավ է յուրացվում: Ունենք նաև մուլյաժներով համալրված Սիմուլյացիոն կենտրոն, դա ևս մասնագիտությունը գործնականում յուրացնելու հարցում շատ է օգնում»,-նշում է Մարիա Սուլեյմանյանը:
Որպես նեղ մասնագիտացում՝ սովորողին հատկապես հետաքրքրում է վիրաբուժական ստոմատոլոգիան, մասնավորապես, ոսկրային վերականգնման վիրահատությունները և իմպլանտոլոգիան։
Այդ միջամտությունները, նրա բնորոշմամբ, պահանջում են մեծ պատասխանատվություն և ճշգրտություն: Հերացիականը պլանավորում է ապագայում զարգացնել հենց այդ հմտությունները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս անմիջապես բարելավել մարդկանց կյանքի որակը։