«Առողջապահության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» դասընթացը` Հանրային առողջության ֆակուլտետում

«Առողջապահության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» դասընթացը` Հանրային առողջության ֆակուլտետում

Բժշկական համալսարանում անցկացվեց «Առողջապահության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» դասընթացը:

Հանրային առողջության ֆակուլտետի մասնագիտացված մագիստրոսական ծրագրի մաս կազմող և առաջին անգամ անցկացվող դասընթացը վարում էր ԵՊԲՀ հանրային առողջության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առողջապահական հարցերի սեկտորի տարածաշրջանային նախկին ղեկավար Գասպար Թաշճյանը, ով ի դեպ, ԵՊԲՀ շրջանավարտ է:

Նա ծնվել է Բեյրութում, ապա 90-ականներին տեղափոխվել է Կիպրոս, «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության հիմնադիր անդամ է: Վերջին 25 տարվա ընթացքում աշխատել է մարդասիրական առողջապահության բնագավառում` լինելով աշխարհի տարբեր ծայրերում, աղետի գոտիներում:

Գասպար Թաշճյանի խոսքով` աշխարհում մարդասիրական առողջապահության բնագավառում բավարար չափով ազգությամբ հայ մասնագետներ չկան, և դասընթացի նպատակն էր հանրային առողջության ապագա մասնագետների մոտ խթանել գիտելիքն այս ուղղությամբ:

«Վերջին տարիներին ավելացել է արտակարգ իրավիճակների տոկոսը` բնական աղետներից մինչև համաճարակներ, զինված հակամարտություններ և պատերազմներ: Այս ամենը պարտավորեցնում է ավելի լավ պատրաստվել, նվազեցնել խոցելիության մակարդակը, միշտ պատրաստ լինել: Հայ ժողովուրդն, իր փորձառությունից ելնելով, ունի այդպիսի կարողություն, և մենք պետք է կարողանանք մեր ներդրումն ունենալ նաև գլոբալ խնդիրներում», – ընդգծեց Գասպար Թաշճյանը:

Հայաստանում, ըստ նրա, ևս կան բնական աղետների վտանգներ` երկրաշարժից մինչև ջրհեղեղներ և սողանքներ: «Հետևաբար դրանք լուրջ պատճառներ են, որպեսզի մենք կարողանանք նաև մեր ժողովրդին իրազեկել և նախապատրաստել դրանց` այդ ամենին դիմակայելու նպատակով», – հավելեց մասնագետը:

Հանրային առողջության ֆակուլտետի երկրորդ կուրսի մագիստրոսները ծանոթացան աղետների և արտակարգ իրավիճակների դասակարգմանը, տեսակներին, հիմունքներին, նաև դրանց կառավարման սկզբունքներին, խոսեցին նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև բարդ արտակարգ իրավիճակների մասին, որոնք հիմնականում կապ ունեն զինված հակամարտությունների կամ պատերազմների և այդ պայմաններում մարդասիրական աշխատանքի հետ, քննարկեցին տարբեր կազմակերպությունների դերակատարությունը:

Հոկտեմբերի 13-ին մեկնարկած և 24-ին ամփոփված դասընթացին մասնակցեցին ֆակուլտետի 2-րդ կուրսի բոլոր ուսանողները` շուրջ 30 մասնակից: «Բոլորը կայացած մասնագետներ են` բժիշկներ, կենսաբաններ, դեղագործներ, ստոմատոլոգներ: Հետագայում նպատակ ունենք սա վերածել անգլերեն հավաստագրված երկշաբաթյա դասընթացի, որը կներառի նաև օտարերկրացիներին», – ավելացրեց Գասպար Թաշճյանը: