Մխիթար Հերացու անվան կրթաթոշակը Մարիա Գրիգորյանին մոտիվացրել է առաջ գնալ, զարգանալ բժշկագիտության  բնագավառում  

Մխիթար Հերացու անվան կրթաթոշակը Մարիա Գրիգորյանին մոտիվացրել է առաջ գնալ, զարգանալ բժշկագիտության  բնագավառում  

Մխիթար Հերացու անվան կրթաթոշակին արժանանալը մեծ պատիվ և ձեռքբերում է համարում Ընդհանուր բժշկության 6-րդ կուրսի ուսանող Մարիա Գրիգորյանը:

«Այն ոչ միայն իմ ուսման, նվիրումի գնահատանքն է, այլև մեծ մոտիվացիա շարունակելու, առաջ գնալու և զարգանալու բժշկության ոլորտում»,- շեշտում է բժշկական մայր բուհի ուսանողը:

Մարիան դեռևս դպրոցական տարիքում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, ուսման նկատմամբ մեծ ձգտմամբ:

Սովորել է Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում, այնուհետև՝ թիվ 159 ավագ դպրոցում:

 «Ինձ բախտ է վիճակվել ունենալ այնպիսի ուսուցիչներ, ովքեր սովորեցրել են՝ ինչպես սովորել: Դպրոցական տարիներին հատկապես շատ եմ սիրել մաթեմատիկան, պատմությունը և նաև մեծ թենիս, ինչով զբաղվել եմ երկար տարիներ: Քաջ գիտակցել եմ այն փաստը, որ բժիշկ եմ դառնալու, բայց, ունենալով ծնողներիս և ուսուցիչներիս անվերապահ աջակցությունը, մի օր որոշեցի ռիսկի դիմել և մասնակցել հայոց եկեղեցու պատմություն և պատմություն առարկաների օլիմպիադաներին, երկու առարակներից էլ հաղթանակ տարա, ինչպես քաղաքային, այնպես էլ հանրապետական փուլերում»,- հպարտանում է ապագա բժիշկը:

Մասնագիտական ընտրության հարցում նրա համար ոգևորիչ է եղել մանկաբույժ տատի օրինակը, ում անունն էլ կրում է Մարիան:

«Ամառային արձակուրդներին, երբ գնում էի Սիսիան՝ տատիկիս մոտ, աչքիս առաջ էր նրա օրինակը: Նա անչափ մեծ սեր ու նվիրվածություն ունի մասնագիտության հանդեպ, որն ինձ միշտ զարմացրել է: Փոքր ժամանակ էլ, երբ ինձ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, միշտ պատասխանս հստակ եղել է մեկը, որ դառնալու եմ բժիշկ: Ուստի որոշեցի ընդունվել բժշկական համալսարան,- նշում է ապագա բժիշկը:

Բուհի առաջատար սովորողը խոստովանում է՝ իր առօրյան այնպես է կազմակերպում, որ ամեն ինչ հասցնի անել:

«Միշտ բոլորիս ժամանակը քիչ է, ուստի փորձում եմ կարևոր բաները սովորել մեկ անգամ այնպես, որ ամբողջ կյանքում չմոռանամ: Կարծում եմ՝ լավ սովորելու համար պետք է նաև լավ հանգստանալ, և ուղեղը բեռնաթափել, ուստի շատ կարևորում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացրած ժամանակը, քանի որ իրենք են իմ ոգեշնչման աղբյուրը: Առհասարակ, շատ կարևորում եմ դեռևս ուսանողական տարիներից սկսած գիտական գործունեությամբ զբաղվելը: Ընկերներիս հետ վերջերս տպագրեցինք հոդված՝ արգանդի պարանոցի քաղցկեղի մասին, շուտով կտպագրենք նաև հաջորդը՝ մանկական պատահական թունավորման վերաբերյալ: Աշխատանքները կատարել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:  Վերջերս այցելել էինք նաև Լիսաբոն, որտեղ կայացել էր 2025 միջազգային մանկաբուժական գիտաժողովը` EAPS 2025-ը (European Academy of Paediatrics Society) , որը ամենահեղինակավորն է մանկաբուժության ոլորտում: Այնտեղ ներկայացրել ենք մեր համալսարանը, նաև մեր հետազոտությունները, ինչը ինձ համար մեծ պատիվ էր»,-նշում է անվանական կրթաթոշակառուն` կարևորելով համալսարանում ձեռքբերած մասնագիտական գիտելիքն ու էթիկական բազմաթիվ նորմերը՝ բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների ու շփման մոդելի վերաբերյալ:

 «Ինչ վերաբերում է ապագային, ինձ պատկերացնում եմ մանկաբուժության կամ ինտերվենցիոն ռադիոլոգիաի ոլորտում: Ավելի կատարյալ կլինի երկուսի զուգակցումը, շատ եմ կարևորում մանկաբուժության դերը, որովհետև անչափ հավանում եմ երեխաների հետ աշխատելու պրոցեսը: Այդ ամենը  պարտավորեցնող է ու պատասխանատու »,-հավելում է Մարիա Գրիգորյանը: