Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հոկտեմբերի 1-2-ին Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում կայացած “EU Safety 2025” «Վնասվածքների կանխարգելում և անվտանգության խթանում» խորագրով 12-րդ միջազգային կոնֆերանսին ներկայացված էր 3 հետազոտական աշխատանքով:
Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի լաբորանտ, բուհի շրջանավարտ Համլետ Թորոսյանը համաժողովի ուշադրությունը հրավիրեց գլխուղեղի տրավմատիկ վնասվածքներին, ողնուղեղի վնասվածքներին, վնասվածքի խնամքի հետ կապված տարածքային անհավասարություններին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԳԸ փոխնախագահ Էլեոնորա Սարգսյանցն անդրադարձավ Երևանում Էլեկտրական ինքնագլոր վարելու վարքագծին, իսկ նույն ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վահագն Պետրոսյանի աշխատանքը վերաբերում էր Հայաստանում մանկական թունավորումներին. պատճառներին, ծնողների ազդեցությանը և բժշկական հետևանքներին։
Երիտասարդ համալսարանականները միջոցառմանը մասնակցում էին Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի համակարգմամբ: Նրա խոսքով` “iCreate” ծրագրի շրջանակում ուսանողներն ամեն տարի անվտանգության և բռնության կանխարգելման թեմայով հետազոտական աշխատանքներ են իրականացնում: Նշված կոնֆերանսներն, ըստ նրա, անցկացվում են 2 տարին մեկ: «Վեց տարի շարունակ մեր ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքները: Նախորդ հանդիպումն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում էր` նախանցյալ տարի: Այս տարի շատ մեծ արձագանք ստացանք այն առումով, որ միայն Հայաստանից ներկայացված էին 3 ուսանող և 3 աշխատանք», – ընդգծեց Արտաշես Թադևոսյանը: