Առողջապահության տարբեր ոլորտի մասնագետները՝ «Առողջ ընտանիք» մուլտիդիսցիպլինար գիտաժողովում

Առողջապահության տարբեր ոլորտի մասնագետները՝ «Առողջ ընտանիք» մուլտիդիսցիպլինար գիտաժողովում

Բժշկական մայր բուհում կայացավ «Առողջ ընտանիք» մուլտիդիսցիպլինար գիտաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց առողջապահության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին։

Միջոցառման ընթացքում, գիտական ու կլինիկական փորձի փոխանակման հարթակ ձևավորելով, մասնակիցները ներկայացրին արդի մոտեցումներ, նորագույն լուծումներ՝ ուղղված ընտանիքի առողջության պահպանմանը, ինչպես նաև համատեղ աշխատանքի կարևորությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին  Ենկոյանը՝ արդյունավետ աշխատանքնային օր մաղթելով բոլորին:

«Ուրախ եմ այստեղ տեսնել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: Օրակարգը, որն այսօր քննարկվելու է, վերաբերվում է կնոջ և տղամարդու առողջության պահպանմանը: Այսօր քննարկելու եք առողջության տարբեր շերտեր, ասպեկտներ: Այսպիսի հանդիպումները միտված են լուծելու շատ կարևոր խնդիրներ»,-ընդգծեց նա:

«Շատ ուրախ եմ ձեզ հանդիպել, սա մուլտիդիսցիպլինար մոտեցում է, առաջին հանդիպումն է սեքսոլոգների, ուրոլոգների, մանկաբարձ-գինեկոլոգների միջև: Սեռական գիտությունը միավորում է տղամարդ և կին հարաբերությունը, տղամարդ և կին առողջությունը: Հուսով եմ՝ միջոցառումը բոլորիդ համար արդյունավետ կլինի»,-նախքան զեկույցների մեկնարկը ասաց Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հակոբյանը:

«Այսօր մենք խոսելու ենք ոչ միայն հիվանդությունների, այլ ընտանիքի մասին՝ որպես միասնական կենսահամակարգի։ Մեր յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր բուժում, յուրաքանչյուր խորհուրդ կարող է փոխել զույգի կյանքի որակը, պահել հարաբերությունները, կանխել հոգեբանական ճգնաժամերը և ապահովել լիարժեք սեռական ու վերարտադրողական առողջություն: Այս աշխատանքային միասնությունը պարզապես մասնագիտական համագործակցություն չէ․ դա առողջ ընտանիքի, տղամարդու ու կնոջ առողջության հիմքն է»,-իր հերթին նշեց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Վրեժ Շահրամանյանը։

Գիտաժողովի առաջին զեկույցը «Երիտասարդ աղջիկների ձվարանների առողջության պաշտպանության ուղեցույցներ և անհատականացված խնամք» թեմայով էր, որը ներկայացրեց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս Հասմիկ Բարեղամյանը:

«Թեման առանցքային նշանակություն ունի զարգացող գինեկոլոգիայում: Եթե տասնամյակներ շարունակ մեր ոլորտը կենտրոնացած էր անպտղության և դրա հաղթահարման վրա, ապա 2024 թվականից նոր ուղի բացվեց՝ անպտղության բուժման ռեակտիվ մեթոդից անցում կատարելով ձվարանների առողջության պահպանության ռեակտիվ մոդելին, ձվարանների առողջության պահպանության անհատականացված խնամքին»,-նշեց գինեկոլոգը՝ շեշտելով, որ ձվարանների առողջությունը ոչ միայն կնոջ վերարտադրողական ներուժն է պայմանավորում, այլև նրա էնդոկրին, նյութափոխանակային, սիրտ-անոթային, նյարդային, մենթալ առողջությունը:

«Եթե նախկինում ձվարաների առողջությունը կարևորվում էր այն ժամանակ երբ կնոջ բեղմնավորումը վտանգված էր, այժմ այն հիմնաքարային է»,-հավելեց նա:

Հաջորդ կարևոր՝ «Իջեցումներ․ դատավճիռ, թե մարտահրավեր» թեման ներկայացրեց «ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ Տիգրան Տեր-Իսահակյանը:

«Ուրոգինեկոլոգիան մասնագիտություն է, որը զբաղվում է կոնքի հատակի իջեցումների, անմիզապահությունների խնդիրներով: Այն ստեղծվել է 2021 թվականին, երբ կատարվել է հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ կանայք ամաչում են դիմել բժշկի՝ իջեցումների կամ անմիզապահությունների հետ կապված:
Ռիսկի գործոնում են գտնվում այն կանայք, ովքեր ունենում են բազմակի կամ բարդացած ծննդաբերություն: Ռիսկի գործոն է նաև ճարպակալումը, տարիքը»,-նշեց մասնագետը՝ հավելելով, որ կոնքի օրգանների իջեցումները դատավճիռ չեն, այլ մարտահրավեր, որը ժամանակակից բժշկությունը կարողանում է հաղթահարել՝ ապահովելով կնոջ առողջ, լիարժեք և արժանապատիվ կյանք։

«Ծննդաբերությունից հետո կնոջ ուրոգինեկոլոգիական առողջությունը» թեման ներկայացրեց, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ Լուսինե Սահակյանը:

«Կնոջ օրգանիզմում հղիության և ծննդաբերության ընթացքում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, անատոմիական և հորմոնային փոփոխություններ: Դրանց մի մասը հետծննդյան ընթացքում վերականգնվում են, սակայն որոշ գործոններ ազդում են կնոջ ուրոգինեկոլոգիական առողջության վրա ՝ բերելով կնոջ կյանքի որակի վատթարացմանը: Ծննդաբերությունից հետո առաջացած խնդիրների (միզասեռական համակարգի հետ կապված խնդիրներ, կղազատման խանգարումներ, կոնքի արգանդի իջեցումներ, սեռական ֆունկցիայի խանգարումներ) վաղ ախտորոշումը և ճիշտ բուժօգնությունը կօգնի, որպեսզի մենք չունենանք տուժած կյանքի որակով կանայք, ովքեր ամաչում են բարձրաձայնել այս խնդիրների մասին»,-նշեց նա:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Ինգա Կարապետյանը խոսեց «Մանկաբարձական էթիկան՝ ընտանիքի առողջության գրավական» թեմայով, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի դասախոս Սառա Աբրահամյանը՝ «Մանկաբարձական էթիկան՝ ընտանիքի առողջության գրավական» թեմայով:

Հաջորդ թեմաները ևս կարևոր էին. «Շագանակագեղձ․ փոքր գեղձ, մեծ ազդեցություն», «Էրեկտիլ դիսֆունկցիա՝ կոնսերվատիվից պրոթեզավորում», «Դեպրեսիայի ազդեցությունը ընտանիքի վրա»,  «Էնդոմետրիումի ընկալունակության ցուցանիշներ և դրանց կանխատեսիչ նշանակությունը ԱՄԲ ծրագրում», «Սեռական առողջությունը հղիության և հետծննդյան շրջանում», «Պրեմենոպաուզալ և պոստմենոպաուզալ արյունահոսություններ»:

Սեքսոլոգների Հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ բ.գ.դ., Արամ Հակոբյանը խոսեց «Տղամարդու սեռական խանգարումները շաքարային դիաբետի ժամանակ» թեմայով: «Տղամարդու գործոնը կանանց սեռական խանգարումների գենեզում» թեմային անդրադարձավ ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

«Քրոնիկ կոնքային ցավային համախտանիշ, դիսպարեունիա և կանանց սեռական դիսֆունկցիաներ», «Վաղաժամ սերմնաժայթքումը՝ սեռական աններդաշնակության պատճառ», «Հետծննդաբերական փոփոխությունները և կնոջ սեռական առողջությունը. սեքսոլոգիական ասպեկտները», «Ամուսնական զույգի սեռական աններդաշնակություն՝ պայմանավորված կնոջ փսիխոսոմատիկ խանգարումներով», «Սեռական ցանկության խանգարման փսիխոէնդոկրին ասպեկտները» թեմաները ևս ներկաների մասնագետների ուշադրության կենտրոնում էին: