Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ չորեքշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) իրազեկման համաշխարհային օրը։ Այս տարի այն նշվում է նոյեմբերի 19-ին` «ՈՒնեք շնչառության դժվարություն, մտածեք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին» կարգախոսի ներքո:
ԹՔՕՀ-ը շնչառական համակարգի ամենատարածված և կարևոր բժշկա-սոցիալական խնդիրներից մեկն է։ Հիվանդությունը բնորոշվում է պարբերական շնչառական ախտանիշներով և օդի հոսքի կայուն, սովորաբար առաջադիմող սահմանափակմամբ։ Կլինիկական պատկերը պայմանավորված է շնչուղիների (բրոնխիտ, բրոնխիոլիտ) և/կամ ալվեոլների (էմֆիզեմա) ախտահարմամբ և ներառում է շնչահեղձություն՝ հատկապես ֆիզիկական գործի ժամանակ, քրոնիկ հազ, խորխարտադրություն, խզզոցներ, կրծքավանդակի լարվածության զգացում, շնչառական վարակների հաճախակիացում, հոգնածություն, իսկ հիվանդության ուշ փուլերում՝ քաշի կորուստ և ստորին վերջույթների (ոտնաթաթերի կամ սրունքների) այտուց։ Հիվանդության սրացումների ժամանակ ԹՔՕՀ ախտանշանները դառնում են ավելի սուր և կարող են պահանջել հոսպիտալացում՝ շտապ բժշկական օգնություն ստանալու համար:
ԹՔՕՀ-ը գլոբալ մակարդակով մահվան պատճառների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը և համարվում է համաշխարհային առողջապահության առաջնային մարտահրավերներից մեկը։ ԱՀԿ տվյալներով՝ հիվանդության տարածվածությունը կազմում է շուրջ 10․1%, իսկ մահացությանը՝ 4 %։ ԱՀԿ կանխատեսումներով՝ մինչև 2030 թվականը ԹՔՕՀ-ը կհանդիսանա մահվան երրորդ առաջատար պատճառը։
Համաշխարհային հիվանդությունների բեռի (Global Burden of Disease, GBD) ուսումնասիրության տվյալներով՝ 2021 թվականին գրանցվել է ԹՔՕՀ-ն 213,39 միլիոն դեպք, ըստ տարիքի ստանդարտացված տարածվածության ցուցանիշը հասել է 2512,86–ի՝ 100 000 բնակչի հաշվով։ Հիվանդության դեպքերի մեծ մասը՝ շուրջ 80,5 %, արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բարձր տարածվածության հիմնական գործոններն են բնակարանային օդի աղտոտվածությունը, բնակչության խտությունը, սնուցման անբավարարությունը և շնչառական ինֆեկցիաների բարձր հաճախականությունը։
2021 թվականին առավելագույն դեպքերի թիվը գրանցվել է Արևելյան Ասիայում (52,09 մլն), Հարավային Ասիայում (43,77 մլն) և Արևմտյան Եվրոպայում (23,65 մլն)։ Մահացության ամենաբարձր ցուցանիշները դիտվել են Օվկիանիայի երկրներում՝ 118․2/ 100 000 և Հարավային Ասիայում՝ 101․6/100 000։ Աչքի են ընկնում նաև մահացության ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրները, այդ թվում՝ Քուվեյթը (2․7), Ճապոնիան (5․8) և Չեռնոգորիան (5․9՝ 100 000 բնակչի հաշվով)։
2021 թվականին ԹՔՕՀ-ն նոր դեպքերի թիվը կազմել է 16,90 միլիոն, իսկ մահացածների թիվը՝ 3,72 միլիոն։ Ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը կազմել է 45․22/100 000։ Չնայած որոշ համաճարակաբանական ցուցանիշների բարելավմանը, հիվանդության ընդհանուր բեռը շարունակում է աճել։ Այսպես, ըստ տարիքի ստանդարտացված տարածվածության ցուցանիշը նվազել է 1․5%-ով, մահացությունը՝ 37․1 %-ով, սակայն բնակչության ծերացումը և ռիսկի գործոնների տարածվածության բարձր մակարդակը հանգեցրել են 1990–2021 թվականներին հիվանդների ընդհանուր թվի գրեթե կրկնապատկմանը։
ԹՔՕՀ-ի էթիոլոգիան պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածության և շրջակա միջավայրի վնասակար գործոնների փոխազդեցությամբ։ Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են.
Բարձր եկամուտ ունեցող երկրներում ծխելը պատասխանատու է ԹՔՕՀ դեպքերի ավելի քան 70 տոկոսի համար, մինչդեռ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առաջնային ռիսկի գործոն է հանդիսանում բնակարանային օդի աղտոտվածությունը։
Հիվանդության տարածվածությունը խիստ աճում է տարիքի հետ։ Տղամարդկանց շրջանում հիվանդությունը հանդիպում է 2․2 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ (համապատասխանորեն,14․1 % և 6,5 %)։
Հայաստանում 2021 թվականին մահացությունը ԹՔՕՀ-ից կազմել է 21՝ 100 000 բնակչի հաշվով. տղամարդկանց շրջանում՝ 32․6/ 100 000 (6-րդ տեղ մահացության պատճառների շարքում), կանանց շրջանում՝ 14․2/ 100 000 (10-րդ տեղ)։ Հիվանդության տարածվածությունը կազմում է 6․2 %։ Հիմնական ռիսկի գործոնը Հայաստանում շարունակում է մնալ ծխելը։ Ըստ իրականացված հետազոտության արդյունքների՝ 2022 թվականին ՀՀ բնակչության 22․2 %-ը ծխել է (տղամարդկանց 49.3 %-ը և կանանց 1․7 %-ը), և միայն ծխելու պատճառով արձանագրվել է ԹՔՕՀ-ից մահվան 60․9 % դեպք։
Ինչպես շատ երկրներում, Հայաստանում նույնպես հիվանդության վաղ փուլերը հաճախ անցնում են առանց ախտանիշների կամ աթիպիկ դրսևորումներով, ինչը հետաձգում է բուժումը և վատացնում հիվանդության կանխատեսումը։
ԹՔՕՀ-ը կանխարգելելի հիվանդություն է։ Առաջնային կանխարգելման հիմնական միջոցառումները ներառում են՝
Երկրորդային կանխարգելումը ենթադրում է հիվանդության վաղ հայտնաբերում և ռիսկի գործոնների վերահսկում՝ հատկապես 40 տարեկանից բարձր անձանց շրջանում։
Հիվանդության պրոգրեսիվ ընթացքը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի ցուցումներին, պահպանել առողջ կենսակերպ և հնարավորինս բարձր մակարդակով պահպանել ֆիզիկական ակտիվությունը։ Այս միջոցառումները նպաստում են սրացումների հաճախականության նվազեցմանը, շնչառական ֆունկցիայի բարելավմանը և կյանքի որակի պահպանմանը։