Հանդիպում-քննարկում բժշկական բուհում

Հանդիպում-քննարկում բժշկական բուհում

«Հերացի» վերլուծական կենտրոնի դահլիճում նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Ֆորտիֆիկացիան որպես կանխարգելիչ բժշկության ուղղություն. կուտակված փորձ, արդյունքներ» թեմայով հանդիպում-քննարկում` համալսարանական տարբեր ստորաբաժանումների նեղ մասնագետների և ուսանողների ակտիվ մասնակցությամբ:

Հանդիպման մասնակիցներն էին Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր Արմենուհի Քոթանյանը, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ. Արտեմ Գրիգորյանը:

Զեկույցներով հանդես եկան Արմենուհի Քոթանյանը և Արմեն Մկրտչյանը, ովքեր ներկայացրին սննդի որոշ տեսակների ֆորտիֆիկացիայի վերաբերյալ միջազգային փորձը, կատարված հետազոտությունները և դրանց արդյունքները, վերջին թարմացումները, ինչպես նաև համալսարանի տարբեր ստորաբաժանումների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց. «Ուսանողներն են լինելու ապագայում կանխարգելիչ բժշկության կրողները, և եթե մենք սերմանենք այդ հետաքրքրությունը նրանց մեջ արդեն հիմա, կարծում եմ` կունենանք շատ լավ արդյունքներ»:

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արմենուհի Քոթանյանի զեկույցի թեման էր «Սննդի որոշ հիմնախնդիրները և ֆունկցիոնալ սնունդը»: «Առողջությունը նշանակալիորեն պայմանավորված է սննդային կարգավիճակով. սա աքսիոմա է: Լիարժեք սնունդը մարդու օրգանիզմի կենսագործունեության հիմքն է, նպաստում է ալիմենտար-կախյալ հիվանդությունների զարգացման ռիսկի նվազմանը, ապահովում է ակտիվ երկարակեցությունը և մասնակցում է օրգանիզմի հարմարվողական պոտենցիալի ձևավորմանն ու իրականացմանը», – նշեց նա:

Մասնագետը մանրամասնորեն ներկայացրեց սննդի կառուցվածքի փոփոխման պատմական դինամիկան: «Ներկայումս տնտեսապես զարգացած երկրներում մարդկանց սննդակարգում էներգածախսը հասել է կրիտիկական ցածր մակարդակի` կազմելով 2000-ից մինչև 2500 կկալ: Սա պայմանավորված է ինչպես արտադրության մեջ, այնպես էլ կենցաղում աշխատանքի մեխանիզացումով: Ընդ որում` նշանակալի նվազել է սննդակարգի սննդային խտությունը (սննդի միավոր կալորիային բաժին ընկնող սննդանյութերի պարունակությունը): Նման սննդակարգը չի կարող ապահովել օրգանիզմը բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, և, առաջին հերթին, միկրոնուտրիենտներով, որոնք սննդում գտնվում են նվազագույն քանակությամբ (վիտամիններ, հանքային տարրեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր)», – շեշտեց Արմենուհի Քոթանյանը:

Անդրադառնալով ռաֆինացված մթերքներին` նա նշեց, որ դրանք օժտված են բարձր համային հատկություններով, ինչի պատճառով ընդունվում են ավելի շատ, քան պահանջվում է, լայնորեն օգտագործվում են բնակչության սննդակարգում և ապահովում օրգանիզմի էներգածախսի մոտ 50%-ը: Սննդի տեխնոլոգիական մշակման և ռաֆինացման արդյունքում, նրա փոխանցմամբ, առաջ են գալիս սննդային կարգավիճակի լուրջ խախտումներ:

Աղյուսակի տեսքով Արմենուհի Քոթանյանը ներկայացրեց վիտամինների և հանքային տարրերի պարունակությունը ցորենի հացում տարբեր տեսակի ալյուրների դեպքում:

Կենսաբանորեն ակտիվ նյութերի անբավարար օգտագործումը, նրա խոսքով, էական վնաս է հասցնում առողջությանը` հանգեցնելով ֆիզիկական և մտավոր աշխատունակության նվազման, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների թուլացման, անբարենպաստ էկոլոգիական պայմանների և արտադրական վնասակար գործոնների` օրգանիզմի վրա ազդեցության ռիսկի բարձրացման, նյարդահուզական լարվածության և սթրեսի ազդեցության ուժեղացման, քրոնիկ հոգնածության համախտանիշի զարգացման, քրոնիկ հիվանդությունների սրման:

Արմենուհի Քոթանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ֆոլաթթվի, մասնավորապես ֆոլացինի` որպես գենոմի վրա նշանակալի ազդեցություն ունեցող սննդային միկրոնուտրիենտի կարևորության վրա: «Ֆոլաթթվի անբավարարությունը զուգորդվում է նյարդային խողովակի անոմալիաների, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի ավելացման հետ», – մտահոգություն հայտնեց համալսարանականը:

Նա թվարկեց ֆոլատների սննդային աղբյուրները և մթերքների այն քանակը, որը կարող է ապահովել ֆոլաթթվի ընդունման ֆիզիոլոգիական նորման. ֆոլաթթվի ընդունման օրական ֆիզիոլոգիական նորման 400 մկգ է, պահանջը մեծանում է հղիության ընթացքում` 600 մկգ:

Արմենուհի Քոթանյանը ելույթն ավարտեց բժշկության հայր Հիպոկրատի խոսքով. «Թող ձեր սնունդը դեղ լինի և դեղը` սնունդ»:

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանի համոզմամբ` թեման միշտ արդի է: Նա մեջբերեց գլոբալ հարստացման տվյալները 2025 թվականի համար, ներկայացրեց հեղինակավոր ամսագրերի մի շարք հոդվածներ, որտեղ մասնագետները հանդես են գալիս սննդամթերքի հարստացման պահանջով:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն իր ամփոփիչ խոսքում շեշտեց մարդկանց կենսակերպի տարբերությունները` կոչ անելով փորձել մեր երկրում ունենալ առողջ և որակյալ սնունդ` առավելագույն բնականոն միկրոնուտրիենտներով և նվազագույն կանցերոգեններով:

Պրոռեկտորը հիշեցրեց ծերացող բնակչության գործոնը` փաստելով դրանով պայմանավորված և զուգորդված հիվանդությունների ավելացումը, առանձնացրեց նաև գովազդի գայթակղիչ դերը:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտեմ Գրիգորյանը կոչ արեց համակողմանի հետազոտություն անցկացնել այս ուղղությամբ:

Զեկույցների ավարտից հետո մասնակիցների` նեղ մասնագետների և ուսանողների միջև ծավալվեց քննարկում, արվեցին առաջարկություններ` տեղական հետազոտությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ:

Նման հանդիպումքննարկումներին, նեղ մասնագետներից բացի, ուսանողների ընդգրկումը,  նախաձեռնողների գնահատմամբ, կարևոր է ապագա բժշկական հանրության ձևավորման համար: