Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

1992թ․-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրեց 2010 թվականին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Կոնվենցիան ապահովում եւ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական եւ մշակութային կյանքում։

Վավերացնելով այն՝ Հայաստանը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բոլոր ոլորտներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Դրանք պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հիմունքներով ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիության ու մատչելիության ապահովմանը: Սակայն այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք ենթարկվում են շարունակական խտրական վերաբերմունքի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Նրանք բախվում են մի շարք մարտահրավերների՝ ֆիզիկական խոչընդոտներից մինչև սոցիալական խարան: Մատչելի ենթակառուցվածքների (օրինակ՝ թեքահարթակների և վերելակների) բացակայությունը դժվարացնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժը՝ սահմանափակելով նրանց մուտքը հանրային տարածքներ և խոչընդոտելով նրանց անկախությանը:

Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած վիճակագրության` մոտավորապես 1.3 միլիարդ մարդ աշխարհում ինչ-որ չափի հաշմանդամություն ունի։ Սա կազմում է աշխարհի բնակչության 16%-ը, կամ 1-ը 6-ից, հաշմանդամություն ունի 10 երեխայից մեկը, յուրաքանչյուր հինգերորդ կին իր կյանքի ընթացքում կարող է հաշմանդամություն ձեռք բերել։ Հաշմանդամություն ունեցող որոշ անձինք մահանում են մինչև 20 տարի ավելի վաղ, քան հաշմանդամություն չունեցողները, նրանք կրկնակի ավելի մեծ ռիսկ ունեն այնպիսի հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են դեպրեսիան, ասթման, շաքարային դիաբետը, կաթվածը, ճարպակալումը կամ այլ առողջական խնդիրներ։ Հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են բազմաթիվ առողջապահական անհավասարությունների 6 անգամ ավելի հաճախ քան մյուս մարդիկ։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար 15 անգամ ավելի դժվար է օգտվել մատչելի տրանսպորտից, քան հաշմանդամություն չունեցող մարդկանց համար:

Առողջության անհավասարությունը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած անարդար պայմանների պատճառով, ներառյալ խարանը, խտրականությունը, աղքատությունը, կրթության և զբաղվածության բացառումը և բուն առողջապահական համակարգի առջև ծառացած խոչընդոտները:

 Հաշմանդամություն ունեցող անձանց գլոբալ տարածվածությունը զգալիորեն աճում է։ Այս աճը պայմանավորված է բնակչության շրջանում ժողովրդագրական և համաճարակաբանական փոփոխություններով (ինչպիսիք են ծերացումը և քրոնիկ հիվանդությունների գլոբալ աճը), ինչպես նաև առողջապահական արտակարգ իրավիճակներով (ինչպիսիք են հիվանդությունների համաճարակները, բնական աղետները և հակամարտությունները):
Բոլոր երկրներում էլ կան հաշմանդամություն ունեցող անձինք, և սխալ է որևէ ֆիզիկական արատի պատճառով նրանց տարանջատել հասարակությունից:

Այս օրը տարբեր հասարակական կազմակերպություններ իրականացնում են միջոցառումներ հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ: