Ուրախ ենք տեղեկացնել, որ բժշկական համալսարանի պաշտոնական կայքում բացվել է «Հերացիականներն աշխարհում» խորագիրը կրող դարանը, որը կպատմի աշխարհի տարբեր երկրներում հաջողության հասած և մասնագիտական գործունեություն ծավալող ԵՊԲՀ շրջանավարտների մասին, որոնք, բնակվելով արտերկրում, չեն կորցնում կապը Alma Mater-ի հետ:
Բժշկական մայր բուհ վերադառնալը հնդիկ շրջանավարտների համար արդեն գեղեցիկ ավանդույթ է: Մուտայա Ռամանատանն ընդունվելուց 30 տարի անց վերադարձել էր Հայաստան, այս անգամ` ոչ թե առաջին կուրսեցու, այլ հայրենիքում կայացած բժշկի կարգավիճակում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած մասնագետը մեր երկիր էր եկել 1995 թվականին` սովորելու բժշկագիտություն: «Երևանը դարձավ երկրորդ տուն մեզ համար: Մենք այստեղ սովորեցինք ոչ միայն բժշկություն, մենք այստեղ անցանք կյանքի դպրոց. սովորեցինք հաղթահարել դժվարությունները: Երբ վերադարձանք Հնդկաստան, կարողացանք հեշտությամբ հաղթահարել բոլոր խոչընդոտները, դարձանք ամուր և անխոցելի», – փաստեց Մուտայա Ռամանատանը:
Գոհունակությամբ խոսելով ստացած կրթության մասին` նա շեշտեց դասագրքերի բարձր որակը` ախտորոշման մեթոդների հայտնաբերման առումով, քանի որ, նրա խոսքով, ախտորոշումն արդեն բուժման 70%-ն է: «Մենք շատ բան սովորեցինք այստեղ, ստացանք գիտելիք, որն այժմ կիրառում ենք Հնդկաստանում: Ես շատ ուրախացա, երբ Հայաստանում գործնական հանդիպման հրավեր ստացա և, հարմար առիթն օգտագործելով, վերադարձա Երևան: Չեմ կարող նկարագրել և լիարժեքորեն արտահայտել ուրախությունս», – անկեղծացավ հնդիկ շրջանավարտը:
Այժմ նա Չեննաի (նախկին` Մադրաս) քաղաքում, որն, ի դեպ, հայկական մեծ համայնք ունի, աշխատում է երկու հիվանդանոցում, որոնցից մեկի բժշկական տնօրենն է:
«Իրականացնում ենք յուրահատուկ բուժում` հիպերբարիկ թթվածնային թերապիա, որը Հնդկաստանում միայն 3 բժշկական կենտրոն է անցկացնում», – ներկայացրեց սրտաբանության և ինտենսիվ թերապիայի ոլորտներում մասնագիտացած Մուտայա Ռամանատանը:
Բժշկական համալսարանն օտարերկրացի ուսանողներին բժշկական կրթություն է տրամադրում արդեն շուրջ 4 տասնամյակ: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի (որն այն ժամանակ Օտարերկրացի ուսանողների ուսուցման դեկանատի ղեկավարն էր) հետ հանդիպման ընթացքում հնդիկ շրջանավարտը հիշեց, երբ 2000 թվականի դեկտեմբերի 12-ին ուսանողական հանրակացարանում հրդեհ էր բռնկվել:
Շրջանավարտի փոխանցմամբ` ոչ ոք չտուժեց հենց պրոռեկտորի շնորհիվ, որն առաջինն էր այնտեղ հասել և, ըստ սենյակների դասակարգելով օտարերկրացի ուսանողներին բացօթյա խաղերի համար նախատեսված դաշտում, կարողացել փրկել բոլորին` անձամբ բարձրանալով և սենյակից դուրս բերելով երկու բացակայող ուսանողի: Հրդեհից հետո` ընդամենը 3 օրվա ընթացքում, հանրակացարանի սենյակները վերանորոգվեցին և կրկին հանձնվեցին օտարերկրացի ապագա բժիշկներին:
«Դասախոսները շատ էին աջակցում մեզ այն դժվար տարիներին, երբ չկային մշտական էլեկտրականություն և ջրամատակարարում», – նշեց հնդիկ շրջանավարտը, որը նաև շատ հայ ընկերներ ունի:
Պրոռեկտոր Սահակյանը ցույց տվեց դեռևս 2002 թվականին «Ապագա բժիշկ» ամսագրում նրանց մասին լույս տեսած հոդվածը:
«Այն ժամանակ մենք անընդհատ շփման մեջ էինք, ճանաչում էի բոլոր օտարերկրացիներին: Նրանք շատ լավ ռուսերեն էին սովորում, ինչը ևս նպաստում էր շփման ինտենսիվությանը», – հիշեց նա:
Մուտայա Ռամանատանի խոսքով` իրենք կուրսընկերներով մշտապես կապի մեջ են, խումբ են ստեղծել և պլանավորում էին 2020 թվականի հոկտեմբերին` ուսումնառության մեկնարկից 25 տարի անց, արդեն ընտանիքներով վերադառնալ Հայաստան, բայց COVID-19 համավարակը չեղարկեց բոլոր ծրագրերը: Նույնիսկ տպել էին հատուկ շապիկներ` «Եղբայրության 25 տարի» խորագրով:
Նախաձեռնությունն իրականացնելու հարցում չեն նահանջել. հաջորդ տարի` 2026 թվականին, մտադիր են բոլորով այցելել հարազատ բուհ, հանդիպել սիրելի դասախոսներին և վերհիշել անձնական ու մասնագիտական կայացման երբեմն դժվարին, բայց հիշարժան ուղին: