Վահան Արծրունու անվան կրթաթոշակառու Հասմիկ Պետրոսյանի համար բժշկական բուհ ընդունվելը կյանքում կայացրած որոշումների մեջ լավագույներից է:
«Մանուկ հասակում, երբ հայրիկիս սպիտակ վերնաշապիկն էի հագնում ու ձևացնում, որ ընտանիքիս անդամներին եմ բուժում, չէի էլ կարծում, որ մի օր իսկապես բժիշկ դառնալն այսքան մոտ է լինելու։ Այնուամենայնիվ, բժիշկ դառնալը մանկության երազանք չէր, քանի որ չէի էլ պատկերացնում իրականում ինչ է նշանակում բժիշկ լինելը: Դպրոցում առավելապես հետաքրքրված էի բնագիտական առարկաներով, և ի շնորհիվ առարկայանական օլիմպիադաներին մասնակցությանս և գրանցած հաջողություններիս, հասկացա, որ ուզում եմ ավելի խորը գիտելիք ունենալ կենսաբանություն, քիմիա առարկաներից, ինչն ինձ ուղղորդեց դեպի բժշկություն»,-խոսելով մասնագիտության ընտրության մասին նշում է Հասմիկը։
Նրա խոսքով` բուհում բացի ստացած գիտելիքից, ձեռք է բերել լավ ընկերներ, ում հետ միասին հաղթահարում են բազմաթիվ դժվարություններ, տոնում հաղթանակներ, կիսվում գիտելիքով և պարզապես իրար նվիրում ուսանողական կյանքի ուրախ ու հուզառատ պահեր, ինչը անփոխարինելի է։
Անվանական կրթաթոշակառուն ուսումնական պրոցեսում բավական խստապահանջ է իր նկատմամբ և փորձում է միշտ անել առավելագույնը։
«Բարձր առաջադիմություն ունենալը, հատկապես ապագա բժիշկների համար, մեծ կարևորություն ունի, քանի որ գործ ենք ունենալու մարդկանց կյանքերի հետ և անգամ մի փոքր թերացումը, կարող է ճակատագրական ելք ունենալ։ Բայց ուզում եմ նաև շեշտել, որ բարձր առաջադիմությունը լավ բժիշկ դառնալու կոմպոնենտներից մեկն է միայն և բավարար չէ, անհրաժեշտ է նաև սովորել նրբանկատ և կարեկից լինել, պահել մարդկային արժեքները»,-հավելում է նա:
«Երբ իմացա, որ արժանացել եմ Վահան Արծրունու անվան կրթաթոշակի, մեծ հպարտությամբ և ուրախությամբ լցվեցի։ Պետք է նաև նշեմ, բավական պարտավորեցնող է էլ ավելի շատ ջանք թափել և ավելի մեծ բարձունքներ նվաճել»,-խոսելով անվանական կրթաթոշակի արժանանալու մասին` նշում է Հասմիկը:
Ուսումնառության ընթացքը թեև հեշտ չէ, սակայն մեծ է հետաքրքրությունը, քանի որ մարդու օրգանիզմը անծայրածիր տիեզերքի է նման` հարուստ բազմաթիվ գաղտնիքներով, ամեն նոր բան սովորելուց հետո փոքրիկ ուրախությունը և այն հանգամանքը, որ ապագայում գիտելիքը օգտագործելու է մարդկանց կյանքեր փոխելու և իրենց առողջությունը վերականգնելու համար, հերացիականի համար շարժիչ ուժ են։
«Դեռևս առաջին կուրսից բազմաթիվ մեթոդներ եմ կիրառում ավելի արդյունավետ սովորելու համար։ Սկզբում կարծում էի, որ որքան շատ ժամանակ հատկացնեմ դասերին, այնքան ավելի շատ գիտելիք կունենամ, սակայն փորձը ցույց տվեց, որ դա այդքան էլ արդյունավետ չէր, և շատ կարևոր է ժամանակ հատկացել նաև նախասիրություններին` հուզական այրման համախտանիշից խուսափելու համար։ Իմ դեպքում դա դետեկտիվ գրքեր կարդալն է, հատկապես օտար լեզուներով, ինչը օգնում է նաև բարելավել օտար լեզուների իմացությունը, նկարելը, երկարատև զբոսանքները և երաժշտություն լսելը»,-անկեղծանում է ապագա բժիշկը` կարևորելով նաև դասախոսների մեծ դերը: Նրանցից շատերն իր համար օրինակ են:
«Դասախոս֊ուսանող հարաբերություններում առավելապես գնահատում եմ դասախոսների կողմից փորձի կիսումը, ուսանողների մոտ կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստելը և դժվարությունների հանդիպելիս քաջալերանքը»։
Հասմիկը թեև հաճախ է իրեն փորձել պատկերացնել նաև այլ մասնագիտության մեջ, սակայն ամեն անգամ ընտրությունը կանգնել է բժշկության վրա.
«Այնուամենայնիվ, եթե բացառենք բժշկությունը, ապա ավելի խորը կզբաղվեի գիտությամբ։ ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը» լավագույն հարթակներից է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ, կուզեին մասնակցել գիտական քննարկումների և ձեռք բերել նույն հետաքրքրությունները կիսող ընկերներ»:
Խոսելով նեղ մասնագիտություն ընտրելու մասին սովորողը նշում է, որ ապագայում իրեն պատկերացնում է ակնաբուժության ոլորտում։
«Մասնագիտության ընտրությունը պատահական չի եղել․ հաշվի եմ առել մի քանի կարևոր չափանիշներ՝ հետաքրքրություն, համապատասխանությունն իմ խառնվածքին ու կարողություններին։ «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում հնարավորություն եմ ունեցել մանրադիտակի միջոցով իրականացնել աչքի վրա փոքր ինտերվենցիաներ, ինչը միայն ամրապնդեց իմ որոշումը։ Համալսարանն ավարտելուց հետո ցանկանում եմ կրթությունս շարունակել Գերմանիայում՝ ծանոթանալու միջազգային փորձին, ձեռք բերելու նոր հմտություններ և խորացված գիտելիք։ Համոզված եմ, որ այդ ամենը վերադարձնելու եմ Հայաստան` նպաստելով մեր երկրի առողջապահության զարգացմանը»,-ամփոփում է անվանական կրթաթոշակառուն։