Ընդհանուր բժշկության ֆակուլտետից այս ուսումնական տարվա հերթական անվանական կրթաթոշակառուն Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակի արժանացած վեցերորդ կուրսի ուսանող Լևոն Գասպարյանն է։ Նա մայրական կողմից ընտանիքում բժշկական չորրորդ սերունդն է ներկայացնում։
Երիտասարդ տարիքից Լևոնը համոզված է, որ բժիշկը լոկ մասնագիտություն չէ, այլ իրական կոչում, իսկ անվանական կրթաթոշակին արժանանալը հարազատ կրթօջախում գնահատված լինելու հստակ զգացողություն է։ Կրթաթոշակին հավակնելու մասին նա իմացել է միայն ավարտական կուրսում․ մինչ այդ երբևէ նման նպատակ չի ունեցել՝ պարզապես կրթությանը, լավ սովորելուն վերաբերվել է որպես գործի, որը պետք է կատարել լավագույնս։
«Ես որևէ այլ մասնագիտություն ընտրելու մասին անգամ չեմ մտածել։ Բժիշկ դառնալու ցանկությունս ձևավորվել է դեռևս մանկության տարիներից, քանի որ ծնվել և մեծացել եմ տոհմական բժիշկների ընտանիքում՝ լինելով բժիշկների չորրորդ սերնդի ներկայացուցիչ։ Մասնագիտությունը բացահայտելով բոլոր կողմերից՝ մեծ պատասխանատվությամբ որոշել եմ շարունակել այդ ավանդույթը։ Կարծում եմ, որ բժշկության մեջ և առհասարակ ամենուր հաջողության բանալին աշխատասիրությունն ու նպատակասլացությունն են»,-ասում է Լևոնը՝ նշելով, որ բժշկական համալսարանում ուսման տարիները ավելի են ամրապնդել այդ համոզմունքը։ Դեռևս դպրոցական տարիներից նա սիրել է բնագիտական առարկաները։
«Կարծում եմ՝ կընտրեմ վիրաբուժությունը որպես նեղ մասնագիտություն։ Իմ առաջ ունեմ մեծ օրինակ՝ քեռիս, վիրաբույժ Հայկ Բալայանը, որի հետ էլ սկսել եմ քայլերս վիրաբուժության մեջ։ Մյուս օրինակը տատիկիս եղբայրն է՝ բժիշկ, զինվորական, գնդապետ Վալերի Մարությանը, ով մեծ վաստակ ունի պատմության մեջ։ Նա ԼՂ բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրն է։ Պատերազմի տարիներին փրկել է 10. 000 և ավելի զինվորի կյանք, որոնց մեծ մասը վերադարձել են մարտի դաշտ։ Հույս ունեմ, որ ապագայում ես ևս կունենամ իմ համեստ ներդրումը առողջապահության և բժշկագիտության ոլորտում»,– Ռազմաբժշկական ֆակուլտետի թանգարանում մեծ հպարտությամբ և ոգևորությամբ պատմում է անվանական կրթաթոշակառուն՝ անդրադառնալով իր անվանի բարեկամի անցած ուղուն։
Ծնողները ևս բժիշկներ են՝ երկուսն էլ գինեկոլոգ։ Հայրը՝ Դավիթ Գասպարյանը, ցավոք, երիտասարդ տարիքում վաղաժամ հեռացել է կյանքից, սակայն հետաքրքիր պատահականությամբ նա ևս բժշկական համալսարանում ուսման տարիներին եղել է անվանական կրթաթոշակառու։ Այս հանգամանքը կրկնակի է պարտավորեցնում Լևոնին՝ լինելու արժանի հետնորդը հայրիկի սկսած ու կիսատ թողած մասնագիտական ճանապարհի։
Մայրը՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Լուսինե Բալայանը, ինչպես նաև նախկինում նրա մայրը՝ Նելլի Բալայանը, կլինիկական գործունեություն է ծավալում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ «Մարգարյան» ծննդատանը՝ նպաստելով ոլորտի առաջընթացին։ Իսկ տատիկի մայրը` Մարգարիտա Ղուկասյանը երկար տարիներ եղել է ԼՂ գլխավոր գինեկոլոգը:
«Պապիկս՝ Զորի Բալայանը, ՌԴ-ում բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո տասը տարի բժիշկ է աշխատել է Կամչատկայում, ապա շարունակել գործունեությունը հանրային ոլորտում՝ որպես հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող և ճանապարհորդ։ Ընտանիքիս ու հարազատներիս աչքում ինձ համար կրկնակի պարտավորեցնող է այն մեծ պատասխանատվությունը, որը կրում եմ այսօր՝ որպես բարձր առաջադիմություն ունեցող ուսանող»,– ասում է Լևոն Գասպարյանը։
Նրա առաջին և հաստատուն քայլերը դեպի բժշկություն, կլինիկական աշխարհ կատարվել են քեռու՝ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Բալայանի ուղեկցությամբ։ Թե՛ սանիտարի, թե՛ բուժակի կարգավիճակում Լևոնն իրեն վստահ է զգացել՝ ավելի մոտենալով ընտրած բնագավառին։
Աշխատասիրությունը, անձնվեր նվիրումն ու սերը մասնագիտության հանդեպ այն հատկանիշներն են, որոնք ապագա բժշկին ուղեկցելու են այս ճանապարհին։ Արդեն ուսանողական տարիներին նա հստակ գիտակցում է, որ անձնական ժամանակի և տարածության սահմանափակումները, որոնք հաճախ պահանջում է բժշկի աշխատանքը, բնական են, իսկ ինքնակրթությունն ու մշտական զարգացումը այն հիմքերն են, որոնք անպայման պտուղներ կտան։
«Լավ ուսումը հիմքն է։ Ինչպես ծառը, որն ունի արմատներ՝ անտեսանելի, բայց չափազանց կարևոր աճի համար»,– համեմատական է անցկացնում անվանական կրթաթոշակառուն։
Առօրյա կյանքում, ուսմանը զուգահեռ, նա չի մոռանում նաև գեղարվեստական գրականությունը, երիտասարդական ակտիվ կյանքը, որոնք ուսանողական տարիների անբաժանելի և ջերմ հիշողություններ արթնացնող մասն են։