Տարեվերջյան ամփոփում ԵՊԲՀ-ում․ ֆինանսական և կրթական առաջընթաց

 Տարեվերջյան ամփոփում ԵՊԲՀ-ում․ ֆինանսական և կրթական առաջընթաց

2025 թվականի հաշվետվությունը Գիտական խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստում ներկայացրեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին օրեր առաջ վաղաժամ կյանքից հեռացած ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսոր, Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հիշատակը:

Զեկույցոււմ բուհի ղեկավարը փաստեց` բժշկի մասնագիտությունը շարունակում է ամենապահանջվածը մնալ Հայաստանում: Բժշկական համալսարանը բուհերի շարքում խոշոր հարկատուների ցանկում է:

«Գիտական խորհրդի հարգարժան անդամներ, հարգելի հերացիականներ, սիրելի ուսանողներ, ևս մեկ տարի մենք միասին աշխատեցինք և, կարծես թե, այս տարին բացառություն չկազմեց մեր հաջողությունների առումով։ Մեր նախատեսված աշխատանքներն ամբողջովին իրականացված են։ Մենք ունենք էականորեն փոփոխված որոշակի ուղղություններ, ունենք էական հաջողություններ նաև ֆինանսական դաշտում։ Այս տարվա բեկումնային հաջողությունների թվում կարող ենք նշել, որ վերջապես հաջողվեց երիտասարդ մասնագետների աշխատավարձի էական փոփոխություն իրականացնել, մասնավորապես` մեր ընդհանուր եկամտի մոտավորապես 70 տոկոսն ուղղվել է աշխատավարձի բարձրացմանը», – ասաց ռեկտորը` թվերով խոսելով ավարտին մոտեցող տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին։ Տեսական ամբիոնններում բարձրացել է դասավանդողների աշխատավարձը` շուրջ 36,2 % տոկոսով:

Հաշվետվությունը մեկնարկեց ֆինանսական ընդհանուր մուտքերի, տարբեր ուղղություններով ցուցանիշների ներկայացմամբ։ Ուսումնական, կլինիկական, գիտական գծով նախատեսված արդյունքներն արդարացված են։ Այս ուղղություններով կատարվել է հսկայական աշխատանք:

«Բժշկական գործունեության հիմնական ցուցիչը որակն է, ոչ թե քանակը։ Այստեղ շեշտադրումները պետք է ճիշտ լինեն», – խոսելով կրթության մասին` ընդգծեց նիստի հիմնական զեկուցողը:

Կրթությունը, կլինիկական, գիտական, միջազգային գործունեությունը, զարգացման ծրագրերը ներկայացվող զեկույցի կարևոր բաղկացուցիչն էին:

Ռեկտորը հանգամանալից խոսեց կադրային հագեցվածության, պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների, վճարված հարկերի, վարկային ակտիվության, այլ հարցերի շուրջ:

Հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական կրթական հաստատությունում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 2024-2025 թվականներին կրթություն է ստանում 5722 սովորող, որի 28.8 տոկոսը օտարերկրացի է:

Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացները շարունակվում են. Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետները հավատարմագրման փուլում են:

Հանրային առողջության ֆակուլտետի կողմից իրականացվող «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը ստացել է ուսումնական ծրագրի միջազգային վավերացում՝ Հանրային առողջության կրթության հավատարմագրման գործակալության (APHEA-ի) կողմից։

Զեկույցից չվրիպեցին ըստ կիսամյակների տարբեր ֆակուլտետների առաջադիմությունը, դասախոսական կազմի կառուցվածքը, ուսումնական պրոցեսի նյութատեխնիկական բազայի բարելավմանն ուղղված ծախսերը, բուհի անխափան գործունեության համար կարևոր այլ թեմաներ:

Հետբուհական կրթության մասին խոսելիս Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵՊԲՀ կլինիկական բազան ապահովում է 1800 կլինիկական օրդինատորի կրթության 42%-ը, 58%-ը՝ այլ բուժհաստատություններում:

Բուհն` ավագ և միջին բուժանձնակազմն ընդգրկող 4290 մասնակցով, 407 շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր է իրականացրել:

Լրացուցիչ մասնագիտացում և կատարելագործում անցել է 4664 բուժաշխատող` 1020 բժիշկ և 3270 բուժքույր:

2025-2026 ուստարում 36 երկրից արտասահմանցի ապագա բժիշկներն ընտրել են ԵՊԲՀ-ն` բժշկական կրթություն ստանալու համար:

Միջազգային համագործակցություն և փոխանակային ծրագրերը հաջողությամբ շարունակվում են:

Շարունակում է կայուն աճել բուհի հետազոտողների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ WEB OF SCIENCE շտեմարանի` ազդեցության գործոն ունեցող ամսագրերում տպագրված գիտական հրապարակումների քանակը:

«Բժշկական գիտություններ» բնագավառը զբաղեցնում է 2-րդ տեղը` Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի կողմից 2015-2025 թվականներին հրապարակված գիտական հրապարակումների ցուցանիշով:

Գիտական ներուժի վերարտադրության մասին խոսելով` Արմեն Մուրադյանը նկատեց, որ վերջին 5 տարվա պատկերում հայցորդների և ասպիրանտների թվաքանակը համալսարանում որոշակի կայուն դինամիկա է պահպանում, սական 2025 թվականին առկա ասպիրանտներ չեն ընդունվել:

2016-2020թթ.-ի համեմատությամբ` 2021-2025թթ. տպագրված Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող հետազոտական հոդվածների քանակը գրեթե 4 անգամ աճել է:

2025 թվականին համալսարանական երեք հիվանդանոցները սպասարկել է 279,208 դեպք: Ներդրվել են HIS և LIS ծրագրերը:

«Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցներն ընթացիկ տարում համալրվել են նոր սարքավորումներով:

«Հերացի» և «Մուրացան» համալիրներում ISO 9001:2015 որակի կառավարման համակարգի ներդրման գործում առաջընթաց է արձանագրվել:

Այս ուղղությամբ զարգացման ծրագրերի շրջանակում շարունակվելու են ակադեմիական, հետազոտական և կլինիկական ուղղություններով գործընթացների հոսքագծերի ամբողջական մշակումները, ռիսկերի համակարգային գնահատումները և համապատասխան ընթացակարգերի մշակումները:

Ներդրման և հավաստագրման աշխատանքները նախատեսված են 2026 թվականին:

«Լանցետ» միջազգային վիրաբուժական պլատֆորմը 2025 թվականին ունեցել է 450 մասնակից, 2022-ից 2025 թվականներին մասնակիցների թիվը կազմել է 1200: Հաջողությամբ շարունակվում են առաջին բուժօգնության BLS (Basic Life Support)
դասընթացները:

Որպես մասնագիտական դարբնոցներ` բուհի ղեկավարը կարևորեց «Մանկաբուժության» և «Վիրաբուժության» դպրոցների կայացմանն ուղղված աշխատանքները: Ուսանողների վարկանիշավորման համակարգը զարգացման ծրագրերի առանցքում է:

Այս ուստարում 714 սովորող ունեցող ԵՊԲՀ քոլեջում կառուցվածքային և վարչարակական փոփոխություններ են կատարվել, փոխվել է միջին մասնագիտական կրթություն ապահովող կառույցի հասցեն. նոյեմբերի 1-ից այն տեղակայված է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի տարածքում: Քոլեջի նոր տարածքը հագեցած է 5 լսարանով, 3 աշխատասենյակով, հանդիպումների սրահով, որոնք համապատասխանում են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին:

Ավելի ընդարձակ, լուսավոր և հարմարավետ աշխատանքային տարածք

Առաջին անգամ իրականացվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպում հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում: Ստեղծվել է քոլեջի ուսումնական խորհուրդը: Ձևավորվել են 7 մասնագիտությունների կրթական ծրագրեր: 494 աշակերտ ունեցող «Հերացի» ավագ դպրոցի միջազգային հաջողությունները նույնպես տեսանելի են հանրությանը: Աշակերտների` օլիմպիադաներում հաղթանակների, ուսուցիչների` կամավոր ատեստավորման, որակավորման գործընթացներում հաջողությունների տեսքով:

Վերլուծական ստորաբաժանման` «Հերացի» վերլուծական կենտրոնի աշխատանքները ևս արդյունքներ են տալիս:

Կազմակերպվել է 13 վարպետաց դաս, 410 մասնակից ունեցող 6 հավաստագրված կոնֆերանս, 10 հանդիպում-քննարկում, մասնագիտական թեմաներ ընդգրկող տեսաշարեր, ուսանողների հետ հետազոտություններ, տպագրված աբստրակտ և ավելի քան 300 վերլուծական նյութ:

Վերանորոգումներին ու բարեփոխումներին անդրադառնալով` Արմեն Մուրադյանը փաստեց` վերանորոգվել է շուրջ 5000 քմ տարածք, որի շարքում է Նորմալ անատոմիայի ամբիոնը, ուսանողական հանրակացարանը, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը, Ստոմատոլոգիական կրթության գերհզոր բազան` տեղակայված «Միքայելյան» հիվանդանոցում, բազմաթիվ այլ ուսանողական տարածքներ:

Բուհի բոլոր անցակետերում տեղադրվել են ժամանակակից անցակետեր՝ անվտանգության և արդյունավետ կառավարման համար: Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ հրդեհային անվտանգության աշխատանքները շարունակական են:

Համալսարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից հունիսին մեկնարկել է նոր գրադարանի վերափոխման և արդիականացման ծրագիր: Այս նախագծի հիմնական նպատակն է վերածել համալսարանական գրադարանը բազմաֆունկցիոնալ կենտրոնի՝ ստեղծելով ուսանողների համար ոգեշնչող միջավայր։

5-րդ լսարանը բարեկարգումների շարքում է: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 20-ին, ավարտը` մարտին:

Ձեռքբերումները հայաստանյան և միջազգային դաշտում մի շարք ուղղություններով հաջողությամբ ընթանում են: Համահայկական բժշկական 15-րդ կոնգրեսը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում` բժշկական բուհում: Նախագահելու է ԵՊԲՀ ռեկտորը: 14-րդ համագումարին Մադրիդում համալսարանականներն արդյունավետ մասնակցություն ունեցան` ներկայացնելով արդի մասնագիտական թեմաներ, ձևավորելով նոր գործակցության հնարավորություններ:

Նիստի ամփոփիչ մասն ուղղված էր գալիք տարվան. «Ցանկանում եմ, որ մյուս տարվա ընթացքում ձեր ցանկությունները` կապված ձեր ընտանիքների, աշխատանքի, ուսանողների հետ իրականանան։ Համոզված եմ, որ խորը զգացմունքներով եք լցված ուսանողների հանդեպ, հակառակ դեպքում համալսարանում անհնար էր աշխատելը։ Խորը կարեկցանքով են լցված մեր բժիշկները պացիենտների նկատմամբ, հակառակ դեպքում այդ ծանր աշխատանքը, որ ամեն օր սխրանքի ձևաչափով իրականացնում են հիվանդանոցներում, չէին կարողանա իրականացնել։ Մեր ուսուցիչներին խնդրանքով եմ դիմում, որ մյուս տարի ու դրան հաջորդող տարիներին չբացակայեն այս դահլիճից: Նրանց կորուստը բոլորիս համար է ցավալի և ինձ համար առանձնահատուկ ցավալի է։ Հոգ տարեք ձեր մասին, ամուր եղեք, ձեր ներկայությունն այստեղ մեզ ամրապնդում է, հույս ներշնչում, որ դեռևս ունենք սխալվելու իրավունք»։

Մոտալուտ տոների առթիվ շնորհավորելով` ռեկտորը խոսքն առանձնահատուկ ուղղեց ապագա բժիշկներին։

«Խաղաղ լինի ձեզ համար հաջորդ տարին` լցված երջանկությամբ, գտնեք ձեզ աշխատանքի կիրառական հատվածում: Մարդը երջանիկ է դառնում, երբ ընտրում է իր ցանկացած, իրեն լիարժեքություն, ամբողջականություն պարգևող աշխատանք, որը ոչ միայն իր, այլև հասարակության համար երջանկության մի փոքր հատվածն է ձևավորում» – եզրափակեց պրոֆեսոր Մուրադյանը: