Ավետիք Մինասյանի հաջողության ուղին ձևավորել էին ինքնավստահությունը, ռիսկի գնալու կարողությունը և խորը գիտելիքը

Ավետիք Մինասյանի հաջողության ուղին ձևավորել էին ինքնավստահությունը, ռիսկի գնալու կարողությունը և խորը գիտելիքը

«Բժշկի ուղին» ակնարկաշարն այս անգամ անդրադառնում է Ավետիք Միշայի Մինասյանի (1969-2020) անցած մասնագիտական ճանապարհին` նրա ծննդյան օրը նրա վառ օրինակը ներկայացնելով ապագա բժիշկներին:

Ավետիք Մինասյանը բժիշկների այն սերունդն էր ներկայացնում, որոնց մասնագիտական ուղին ձևավորվել էր գիտելիքի, զինվորական ծառայության, երկարամյա կլինիկական փորձի և մանկավարժական նվիրման համադրմամբ։ 

Կենսագրական տվյալներ

Ավետիք Մինասյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում (1988–1994), այնուհետև անցել կլինիկական օրդինատուրա (1994–1997)՝ ամրապնդելով մասնագիտական հիմքը։ Մասնագիտական գործունեության առաջին տարիներին ծառայել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում՝ որպես ԼՕՌ բաժանմունքի պետ, ավագ լեյտենանտ (1997–1999)՝ բժշկի առաքելությունը իրականացնելով նաև զինվորական պայմաններում։

1999 թվականից նա ներգրավված էր ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի աշխատանքներում՝ որպես ասիստենտ և դասախոս փոխանցելով գիտելիքն ու փորձն ապագա բժիշկներին։ Զուգահեռաբար նա մասնագիտական կատարելագործում է անցել Բլոխինի անվան գիտաուռուցքաբանական կենտրոնում (Մոսկվա)։

2005 թվականին հանրապետական հիվանդանոցում պրոֆեսոր Ռ. Մ. Խանամիրյանի նախաձեռնությամբ ստեղծված գլխի և պարանոցի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքը` Ա. Մինասյանի ղեկավարությամբ, ձևավորվեց որպես ԼՕՌ կլինիկայի կարևորագույն ուղղություններից մեկը։ Նրա կողմից կլինիկայում իրականացվեցին կոկորդի չարորակ նորագոյացությունների արմատական վիրահատություններ, հետվիրահատական ռեկոնստրուկցիաներ և դրանց տարբերակները, վահանագեղձի վիրահատություններ, պարանոցի բնածին արատների բուժում։ Նա իրականացրել է նաև կոկորդի բարորակ նորագոյացությունների էնդոլարինգեալ վիրահատություններ, գանգի հիմի ու հիմային ծոցի պաթոլոգիաների բարդ վիրաբուժական միջամտություններ։

2015 թվականից ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս Ա. Մինասյանը ղեկավարել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքը։ Նրա ղեկավարած բաժնում իրականացվում էին քթի և հարակից խոռոչների բոլոր պաթոլոգիաների բուժումը, քթի միջնապատի և արտաքին քթի դեֆորմացիաների շտկումը (ռինոսեպտոպլաստիկա), ձայնի և լսողության վերականգնման վիրահատությունները, բնածին արատների, վնասվածքների, ուռուցքների և վահանաձև գեղձի հիվանդությունների բուժումը։ Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում կոկորդի չարորակ ուռուցքների բուժման բոլոր տեսակները՝ օրգանապահպան, ձայնը վերականգնող և կյանքի ցուցումներով իրականացվող վիրահատություններ, որոնք միաժամանակ փրկում էին պացիենտի կյանքը և վերականգնում շնչառության ու կուլ տալու հնարավորությունը։

Նա 15 գիտական աշխատանքի հեղինակ է։ Ընտանիքում շարունակել է բժշկական գիծը։ Վաստակավոր բժիշկների թոռ էր:  Պապը՝ Ավետիք Ուստյանը, վիրաբույժ էր, տատիկը՝ Փիրուզա Երիցյանը՝ ինֆեկցիոնիստ։

Սովորեցնում էր մանրամասն,  ուրույն մեթոդաբանությամբ և երբեք չէր խնայում գիտելիքը

Գործընկերներն ու աշակերտները բժիշկ Մինասյանին նկարագրում են որպես վիրտուոզ վիրաբույժ՝ խորը գիտելիքով, բացառիկ աշխատասիրությամբ ու մասնագիտական համարձակությամբ։ Որպես բժիշկ՝ նա բարձր պրոֆեսիոնալ էր, ապրումակցող, համբերատար ու սրտացավ։ Որպես ղեկավար՝ խստապահանջ, կարգապահություն սիրող, բայց աջակցող։ Իսկ որպես ուսուցիչ՝ իսկական ուսուցիչ՝ մեծատառով, ով սովորեցնում էր մանրամասն, իր ուրույն մեթոդաբանությամբ և երբեք չէր խնայում գիտելիքը։ Մարդկային տեսակետից նա առանձնանում էր հումորի զգացումով, կամային ուժով, հյուրասիրությամբ և ներքին կուլտուրայով՝ նկարում էր, ստեղծագործում էր ու շատ կարդում։

Նրա թողած մասնագիտական և մարդկային հետքը շարունակում է ապրել իր սաների աշխատանքում, պացիենտների կյանքում և բժշկական համայնքի հիշողության մեջ։

Կոլեգաների հուշերում մշտարթուն է Ավետիք Մինասյանի հիշատակը, որը խնամքով հավաքագրել ու մեզ է փոխանցել կինը` Լուսինե Բաբայանը, ով  մ.գ.թ, է,  Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ դասախոս, Հայաստանի պետական ջազ նվագախմբի տնօրենը:

Կոլեգա, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ  Նունե Նահապետյանը  հիշում է` ինչպես Մինասյանը եկավ ամբիոն որպես օրդինատոր 1994 թվականին։

«Շատ համեստ էր, խելացի: Հիշում եմ, ինչպես նրան տվեցի մասնագիտական գիրք մայրիկիս գրադարանից, և տեսնում էի, թե ինչպես էր առավոտից երեկո կարդում։ Հետագայում նա դարձավ շատ հայտնի բժիշկ Վիլեն Նիկոլայի Խուբլարյանի կլինիկական օրդինատորը, ի դեպ` իմ խորհրդով, որը վիրտուոզ օտորինոլարինգոլոգ էր: Ասացի, որ Վիլեն Նիկոլաևիչի մոտ դու կդառնաս ամենալավը, և այդպես էլ եղավ: Նա շատ բան սովորեց և փայլուն սկսեց վիրահատել. բավականին արագ, որովհետև տեսական գիտելիքը թույլ էր տալիս վիրահատել: Բոլոր իրավիճակներում, որոնց հանդիպում էր, կարողանում էր ճիշտ կողմնորոշվել` հատկապես ունեցած գիտելիքի շնորհիվ», -մանրամասնում է Նունե Նահապետյանը` ընդգծելով, որ Ավետիք Մինասյանի ստացած գիտելիքը չափազանց հավաստի էր։

Տարիներ անց էլ մտապահել է տեսարանը, ինչպես էր գործընկերը, վատմանի թղթերը հատակին փռած, պարանոցի ամբողջ անատոմիան, ԼՕՌ օրգանները նկարում ձեռքով։ «Անատոմիա, իհարկե, հասկանում էր` իր ձեռքով նկարած անոթներով, նյարդերով, ավշային հանգույցներով:  Նրա նման տոպոգրաֆիկ, կլինիկական անատոմիա քչերը գիտեին։ Այստեղ նրա փալլուն ուղեղն ու նկարչական շնորհն էր արտահայտվում», – հավելում է բժիշկ-դասախոսը` ընդգծելով, որ կյանքից վաղաժամ հեռացած Ա. Մինասյանի կարևոր հատկություններից էր հրաշալի ընկեր լինելը.

«Նվիրված էր ընկերներին և մասնագիտությանը: Անհնար է, որ որևէ մեկին պետք լիներ և չհասներ օգնության, որտեղ էլ լիներ, անպայման կհասներ»: 

Հոբելյարի սկած գործն այժմ հաջողությամբ շարունակում է աշակերտը` «Աստղիկ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան, բաժանմունքի ղեկավար Արսեն Կոշտոյանը:

«Ինչպես նրան ասում էինք, Միխայլովիչին 2008 թվականի սեպտեմբերից եմ ճանաչել, երբ առաջին անգամ գնացի հանրապետական հիվանդանոց, իրեն ու Վարդան Ազնաուրյանին ծանոթացա։ Այդ օրվանից սկսեց իմ կլինիկական օրդինատուրան: Միխայլովիչն ինձ ասաց, որ պետք է սովորել վիրաբույժ դառնալ, ու մինչև հիմա հիշում եմ այդ խոսքերը։ Սկսեցինք աշխատել ու հաջորդիվ սկսվեց, այսպես ասած, իրական աշխատանքը, պատասխանատվությունը։ Նա գերպահանջկոտ էր: Պետք է ամեն ինչ իդելական արվեր: Ամեն սխալի համար այնպիսի խստություն էր դրսևորում։ Եվ պետք է ասեմ, որ այդ պահանջատիրությունը, կարգապահությունը սիրելը, գրքի կանոններով շարժվելու հետևանքով ես էլ, մյուսներն էլ անցանք այդ ճանապարհը։ Այժմ փորձում ենք պահել այդ դիսցիպլինան, իր դրած հիմքը շարունակել», – ընդգծում է Կոշտոյանը` փաստելով, որ սկզբնական շրջանում ղեկավար-օրդինատոր էին փոխհարաբերությունները, իսկ հաջորդիվ, երբ եկան «Աստղիկ» բժշկական կենտրոն, իր առաջարկով արդեն ձևավորվեցին ընկերական հարաբերություններ` որպես երկու բժիշկ: «Սկսեցինք կռվել, բարիշել, ընկերություն անել մինչև վերջին օրը: Նա մարդ էր մեծատառով, ամենամեծատառով ուսուցիչ, նման ուսուցիչները պակասում են: Նրա նման ուսուցիչ երբեք չեմ կարող դառնալ, նա այն մարդն էր, որ ամեն ինչ տալիս էր: Նրա նման իսկապես չեմ կարող։ Ամեն մանրուք ներկայացնելը, գործիքի բռնելու ձևը, պացիենտի հետ խոսելը, ամեն ինչը բացատրելը, ցույց տալը։ Դրանով ենք մենք դարձել բժիշկ», – փաստում է աշակերտն ու շարունակում:

«Գործիքը վերցնում էր, ձևը ցույց տալիս, հարցնում` պատկերացրիր, դե արի, նստիր արա. մի բան եթե չստացվեր, և’ վախենում էիր առաջ գնալ, և’ նայում էիր աչքերին, որ տեսնեիր` ինչ կասեր: Հետևում էի նրա վիրահատման մեթոդիկային, փորձում նույն շարժումներով վիրահատել»:

Յուրի Ղուկասյանն Ավետիք Մինասյանի վերջին կլինիկական օրդինատորն էր։ Խոստովանում է, որ ուսուցչի շնորհիվ  անցել է ոչ միայն մասնագիտական, այլև կյանքի դպրոց։ Նա խորապես երախտապարտ է ղեկավարին։

Նրան ճանաչողները շեշտում են, որ բժիշկ էր կոչմամբ, սրտացավ էր, ապրում էր պացիենտի ցավը մեղմելու համար ու պացիենտի ցավով:

Ամբողջ գիշեր վիրահատությունից հետո, թե ցանկացած այլ ժամանակ, պատրաստ էր օգնել  դիմացինին:

«Արաբկիր» բժշկական համալիրի քիթ-կոկորդ-ականջաբան Աննա Սարգսյանն է շարունակում.

«Բացի նրանից, որ իմ մոտ և թանկ ընկերն է, միշտ զգում ենք նրա բացը: Նա յուրահատուկ հումորի զգացումով մարդ էր, ուսուցիչ էր, որը սովորեցրեց ապագա օտորինոլարինգոլոգների մի մեծ աստղաբույլի, որոնք վիրահատում են և միշտ հիշում նրան: Նա ոչ միայն ուներ բարձր պրոֆեսիոնալիզմ, բացառիկ հումոր, այլև լավ ընդգծված տղամարդու հատկանիշներ: Կան մարդիկ, որոնց ներկայությամբ անգամ տարերային աղետներից պաշտպանված լինելու զգացում ունես, նա հենց այդպիսին էր: Հիշում ենք միշտ բարի խոսքով»:

Մասնագիտական հատկանիշներին անդրադառնալով` նշում է, որ լինել լավ բժիշկ, լավ վիրաբույժ մասամբ նաև բնածին տաղանդ է, շնորհ, որովհետև, իր գնահատմամբ, սովորում են շատերը, բայց դառնում են եզակիները:

 «Այստեղ իր աշխատունակությունն էր արտահայտվում: Աշխատում էր առավոտից գիշեր, փաստացի գիշերում էր հիվանդանոցում: Երկրորդ, նա ինքնուրույն կատարում էր վիրահատություններ, երբ ծառայում էր Սիսիանում, դա նույնպես էական ազդեցություն թողեց իր վրա: Հիմքում նրա ինքնավստահությունն էր, ռիսկի գնալու կարողությունը և, իհարկե, բժշկական գիտելիքը», – նշում է Աննա Սարգսյանը:

Նույն համալիրի քիթ-կոկորդ-ականջաբան Մարիամ Աշոտյանը նկատում է, որ Ա. Մինասյանը` որպես բժիշկ,  հիանալի մասնագետ էր, որը յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերում էր անհատական վերաբերմունք: Նրա խոսքով` պրոֆեսոիանալ էր իր գործի մեջ, լայնախոհ:

«Եվ ամեն ինչի հետ միասին դա իր հաջողության գրավականն էր մասնագիտության մեջ: Վիրաբուժության մեջ նրա մոտ կար խոսք. սպորտային հետաքրքրություն` հաղթահարելու ցանկացած բարդ աշխատանք, որովհետև, կարծում եմ, իր պարագայում «ով, եթե ոչ ես» սկզբունքն էր գործում: Գնահատելով ռիսկերը` միշտ ամեն ինչ անում էր ի օգուտ պացիենտի: Եվ կյանք փրկող ամենաբարդ վիարհատությունները, օրինակ` տրախեոտոմիան, որին ես բազմիցս ներկա եմ եղել, հենց շտապ, ոչ թե պլանային իրավիճակներում, երբ վայրկյանական փրկվել է պացիենտի կյանքը, այսինքն` երրորդ աստիճանի ստենոզով, ուռուցքով քաղաքացին դիմել է կլինիկա` խեղդվելով, մարդկանց ուղեկցությամբ, րոպեների ընթացքում ճիշտ գնահատվել է իրավիճակը և կատարվել է վիրահատական միջամտություն, պացիենտը սկսել է շնչել: Այդպիսի բազմաթիվ դեպքեր կարող եմ հիշել, նույն բարդ տեղակայման գոյացությունները` խոշոր մագիստրալ անոթների վրա, որտեղ մի վրիպումը, մի անհաջող շարժումը կարող էր հիվանդի համար լինել ճակատագրական», – պատմում է Մարիամ Աշոտյանը:

Ավելացնում է, որ ավագ կոլեգայի լարվածությունը վիրահատության ընթացքում չէր երևում ընդհանրապես, բայց բնականաբար նա ուներ և’ ապրումներ, և’ մտածում էր պացիենտի, հարազատների մասին, որովհետև այդ պահին նա և’ վիրաբույժ էր, և’ ուսուցիչ, և’ պատասխանատու պացիենտի առողջության և կյանքի համար:

«Ամփոփելով ուզում եմ հիշել, որ շատ տպավորիչ էին այն հերթապահությունները, երբ ես լինում էի հերթապահ բժիշկ:  Անհետաձգելի դեպքերում գալիս էր վիրահատության, անպայման շատ հոգնած էր լինում վիրահատությունից հետո և անպայման պետք է հաց ուտեր, անգամ` գիշերը երկուսին:  Մենակ չէր սիրում ուտել, կանչում էր հերթապահ բժշկին, որ միասին ուտեն, ստիպում էր, պարտադրում նստել սեղանի շուրջ, քննարկել տարբեր անելիքներ, շփվել: Այս առումով հասկանում ես, որ դու, դեռ չլինելով այդ որակի և այդ մակարդակի մասնագետ, այդ պահին քեզ զգում ես ավելի բարձր մակարդակում», – ասում է ԼՕՌ բժիշկը ու նաև ընդգծում, որ Ա. Մինասյանի հետ շփման հեշտ ստացվելը կապված էր նրա մարդկային որակների հետ: «Նա չէր դնում սահմանափակումներ, ուղղակի իրեն հասկանալու,  սիրելու  համար պետք է ճանաչեիր ու հասկանայիր: Գեղեցիկ գրում էր, գեղեցիկ նկարում, միանգամից երևում էր, որ արվեստի մարդ է, երբեք չէր թերագնահատում իր կոլեգաներին, միջին բուժանձնակազմին, միշտ բոլորն իրենց տեղում էին, ու դա էր նաև լիարժեք ճիշտ աշխատանքի գրավականը», – եզրափակում է բժիշկը:

2020 թվականի հոկտեմբերին հիվանդության հետևանքով կյանքի վաղաժամ ընդհատված ուղին դադարեցրեց հաջողության հասած բժշկի, ուսուցչի բեղուն գործունեությունը, բայց 5 տասնամյակում ապրած իմաստավորված կյանքն ու մասնագիտական ուղին ունեին հենց իրենց բնորոշ երանգը, տարբերվող գույնը, որը տարիներ անց ոչ միայն չի խամրել, այլև պահպանվում է նրան ճանաչողների ու գնահատողների հիշողություններում: