Փետրվարի 9-ը Ստոմատոլոգների միջազգային օրն է (International Day of Dentist)։ Սա ևս մեկ առիթ է անդրադառնալու ստոմատոլոգի պատասխանատու մասնագիտությանը և ներկայացնելու այն կրթական ուղին, որն անցնում են ապագա բժիշկները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
Տոնի խորհուրդը. Սուրբ Ապոլոնիայի սխրանքը
Փետրվարի 9-ը Սուրբ նահատակ Ապոլոնիայի օրն է. համարվում է, որ նրան ուղղված աղոթքները բուժում են ատամնացավը։ Ապոլոնիան ալեքսանդրիացի նշանավոր պաշտոնյայի դուստր էր, որին դաժան կտտանքների են ենթարկել՝ պահանջելով հրաժարվել քրիստոնեությունից։ Ի վերջո, նրան այրել են խարույկի վրա, սակայն մինչ այդ աղջիկը խնդրել էր քանդել կապանքները և ինքնակամ նետվել կրակի մեջ։ Այս դեպքը տեղի է ունեցել 249 թվականի փետրվարի 9-ին։
Սուրբ Ապոլոնիայի տառապանքներն ու քրիստոնեական սխրանքն այնքան են ապշեցրել ժամանակակիցներին ու սերունդներին, որ ծնվել է մի առասպել. բավական է արտաբերել նրա անունն ու աղոթել, և ատամնացավը կնահանջի։ 300 թվականին Ապոլոնիան սրբադասվել է որպես սուրբ նահատակ։ Հենց այս պատմական իրադարձությամբ և Սուրբ Ապոլոնիայի հիշատակի օրով էլ պայմանավորված է Ստոմատոլոգների միջազգային օրվա ընտրությունը:
Ֆակուլտետի ձևավորումն ու զարգացման ուղին
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետը հիմնադրվել է 1961 թվականին։ Մինչ այդ ստոմատոլոգներ պատրաստում էին միայն ուսումնարաններում, ինչը մինչ օրս պահպանվել է հետխորհրդային որոշ երկրներում։ Սակայն համալսարանական ֆակուլտետի ստեղծմանը զուգընթաց՝ ուսումնարանների համապատասխան բաժինները փակվեցին։
Ֆակուլտետի դեկանն արդեն 15 տարի Լազար Եսայանն է՝ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը։ Երկարամյա պաշտոնավարման գաղտնիքը, զրուցակցիս խոսքով, այն է, որ տարբեր ղեկավարներ մշտապես բարձր են գնահատել իր և իր թիմի կատարած աշխատանքը։
«Երկար պաշտոնավարելը չի ձանձրացնում, որովհետև այս 15 տարվա ընթացքում մենք անընդհատ աճել ու զարգացել ենք՝ փոփոխությունների շնորհիվ հասնելով առավելագույնին»,- նշում է Լազար Եսայանը և հպարտությամբ թվարկում տարիների ընթացքում իրականացված առանցքային ծրագրերը։
Կրթության տեխնոլոգիական վերազինումը և գործնական ստոմատոլոգիական կրթության նոր հասցեն
Որպես առաջին կարևոր ձեռքբերում՝ դեկանն առանձնացնում է 2018-ին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում Ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնի ստեղծումը՝ 48 վարժասարքով, որտեղ անցկացվում է գործնական պարապմունքների 10–15 տոկոսը։ Իսկ այսօր արդեն «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ԵՊԲՀ-ին անհատույց տրամադրված տարածքում ստեղծվել է Ստոմատոլոգիական գիտակրթական կլինիկական կենտրոնը, որը 3–4 ամսից կունենա վերջնական ու նորացված տեսք։ Այն զբաղեցնում է շուրջ 1400 քմ տարածք և ներառում է չորս ստորաբաժանում՝ Թերապևտիկ և Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնները, կլինիկական հատվածը և ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնը՝ 17 սենյակով։
«Երեքից չորս ամսից այստեղ կունենանք ևս 132-ը, երկրորդ փուլում՝ ևս 36-ը։ Այս համալիրը դառնալու է անփոխարինելի ուսումնական միջավայր։ Լուսավոր ու հարմարավետ սենյակներում դասապրոցեսն արդեն ընթանում է սեպտեմբերից, իսկ կահավորման ավարտից հետո ուսանողներն իրենց գործնական հմտությունների 40 տոկոսը կյուրացնեն հենց այստեղ»,- մանրամասնում է դեկանը։
Միջազգային հավատարմագրումը և նոր հորիզոնները
Ֆակուլտետն այժմ գտնվում է միջազգային ծրագրային հավատարմագրման կարևոր փուլում։ Փաստաթղթային մասն ավարտված է, և նյութերն այժմ փորձագետների ուսումնասիրության տիրույթում են, առաջարկներ են ներկայացնում։ Լիահույս են, որ գործընթացը կամփոփվի 1–1.5 տարում։
Հավատարմագրման արդյունքում գործնական աշխատանքները կկազմեն ուսումնառության 50%-ը (40%-ը՝ սիմուլյատորների վրա, 10%-ը՝ կլինիկական բազաներում)։
«Սա թույլ կտա մեծացնել արտասահմանցի ուսանողների հոսքը. ակնկալում ենք միջազգայնացումից հետո տարեկան ունենալ առնվազն 100 և ավելի ուսանող։ Վերջերս գործուղվել էինք Շրի Լանկա՝ ուսանողների ներգրավման նպատակով։ Առաջին փուլը հաջողել ենք, և այժմ աշխատում ենք, որպեսզի երկրորդ փուլում նույնպես դրական արդյունք գրանցենք ու հաջորդ տարի արդեն Շրի Լանկայից ուսանողներ ընդունենք»,- ասում է պրոֆեսոր Եսայանը։
Ծրագրային բարեփոխումները և OSCE ձևաչափի կիրառումը
Այս տարիների կարևորագույն փոփոխությունները նաև ծրագրային են։ Եթե նախկինում մասնագիտական առարկաները սկսվում էին երկրորդ կուրսից, ապա այժմ մասնագիտական ներածությունը տեղափոխվել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակ։ Սա թույլ է տալիս ուսանողին հենց սկզբից պատկերացում կազմել իր ընտրած ուղու մասին։
«Մոդուլային համակարգով ավելացել են նաև նեղ մասնագիտական առարկաներ։ Մենք աստիճանաբար դառնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան առաջատար ֆակուլտետ։ Գործնական պարապմունքների աճը կտա ավելի պատրաստված մասնագետներ, ինչը մեծ բան կփոխի բոլորիս կյանքում»,- վստահ է նա։
Դեկանը նաև առանձնահատուկ շեշտում է պետական ավարտական քննությունների անցկացումը OSCE ձևաչափով, ինչը միջազգային հավատարմագրման ճանապարհին կարևոր քայլ է։ Այս ձևաչափից գոհ են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, ասում է՝ ցուցանիշները բավականին բարձր են եղել։
Պահանջված մասնագիտության և ֆակուլտետ ընդունվելու աննախադեպ մրցակցության մասին
Ստոմատոլոգիան երբեք չի կորցրել իր գրավչությունը։ Հայաստանն այսօր քայլում է համաշխարհային չափանիշներին համահունչ, իսկ մեր մասնագետները մշտապես մասնակցում են միջազգային վերապատրաստումների։
«Հայաստանում նորությունների պակաս չունենք, իհարկե, խոսքը բոլորի մասին չէ․ կան նաև սարսափելի դեպքեր, որոնք անընդունելի են դիպլոմ ունեցող բժշկի համար»,- ասում է դեկանը՝ շեշտելով, որ սխալը կարող է լինել յուրաքանչյուրի աշխատանքում, սակայն գիտակցված սխալն ու անգիտակցաբար թույլ տրված սխալը տարբեր են։
Դեկանը նշում է, որ շուկան գերհագեցած է. Հայաստանում 10 հազար բնակչի հաշվարկով ավարտում է 17–18 ստոմատոլոգ, մինչդեռ 60–70 շրջանավարտը տարեկան լիովին բավարար կլիներ երկրի պահանջարկի համար։
«Այս ոլորտում ունենք 8–9 մասնավոր բուհ, որոնք նույնպես պատրաստում են մասնագետներ։ Տարեկան շրջանավարտների թիվը շատ մեծ է, ցավալի է, որ ԵՊԲՀ-ն այդ շուկայի կազմում ունի ընդամենը 25–30 տոկոս։ Սակայն յուրաքանչյուր բուհ ունի լիցենզիայով սահմանափակ տեղեր, որից ավել ընդունել պարզապես հնարավոր չէ»,- նշում է զրուցակիցս։
Միևնույն ժամանակ, Ստոմատոլոգիական ֆակուլտետն արդեն երկու տարի անընդմեջ ընդունելության մրցակցությամբ առաջին տեղում է։ Մեկ տեղի համար այստեղ պայքարում է միջինում 2,5–2,6 դիմորդ։ Այս ցուցանիշը աննախադեպ է վերջին տարիներին։ Օրինակ՝ այս տարի անցողիկ միավորը եղել է 28, ինչը շատ բարձր ցուցանիշ է և թույլ է տալիս ունենալ առավել պատրաստված ուսանողներ։
«Ընդհանրապես բժշկական համալսարան ընդունվողները միշտ էլ եղել են բավականին պատրաստված։ Տարեկան 60–70 շրջանավարտը լիովին բավարար է Հայաստանի պահանջները հոգալու համար, սակայն այսօր 10 հազար բնակչի հաշվարկով ավարտում է շուրջ 17–18 ստոմատոլոգ։ Նրանց մի մասը աշխատում է, մի մասը մեկնում է արտերկիր, մի մասն էլ ընդհանրապես չի աշխատում։ Կարծում եմ՝ այսօր պետք է մտածել ոչ թե այդքան շատ ստոմատոլոգ պատրաստելու, այլ վերապատրաստման ուղղությամբ»,- ասում է ֆակուլտետի ղեկավարը:
«Ստոմատոլոգը բժիշկ չէ» թյուր կարծրատիպը
Անդրադառնալով այն թյուր պատկերացմանը, թե ստոմատոլոգը բժիշկ չէ, Լազար Եսայանը հակադարձում է.
«Բերանի խոռոչն օրգանիզմի հայելին է։ Առանց բժշկական խորը գիտելիքի հնարավոր չէ ախտորոշել օրգանիզմի ներքին խնդիրները։ Մեր ուսանողները 7–8 տարի սովորում են նույն առարկաները, ինչ մյուս ֆակուլտետներում։ Միայն ատամ բուժելով հնարավոր չէ կանխատեսել և կանխարգելել հետագա բարդությունները։ Ստոմատոլոգիան առողջապահության ոլորտի կարևորագույն մասնագիտություններից է»,- ընդգծում է դեկանը։
Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ «ստոմատոլոգ» և «ատամնաբույժ» մասնագիտությունները խիստ տարբեր են։ Ատամնաբույժը ավելի նեղ մասնագիտացում ունի և հիմնականում զբաղվում է ատամների հիվանդությունների բուժմամբ, մինչդեռ ստոմատոլոգը աշխատում է ամբողջ ատամնածնոտային համակարգի հետ՝ ներառյալ շրթունքները, լորձաթաղանթը, լեզուն և բերանի խոռոչի հետ կապված բոլոր օրգաններն ու դրանց կապը ներքին հիվանդությունների հետ։ Ստոմատոլոգը հաճախ կարող է ախտորոշել օրգանիզմում ընթացող փոփոխություններ, որոնք պացիենտը դեռևս չի զգում։
Խորհուրդ ապագա ուսանողներին
Ստոմատոլոգ դառնալը ամենևին էլ հեշտ չէ․ հեշտ է միայն այն դեպքում, երբ մարդը հետևողական է և ձգտում է դառնալ մասնագետ։ Դեկանը երիտասարդներին հորդորում է մասնագիտությունն ընտրել սրտի թելադրանքով, այլ ոչ թե շրջապատող մարդկանց հորդորներով։
«Կարևոր է, որ ֆակուլտետ ընդունվելիս ուսանողը հստակ պատկերացնի՝ ուր է գնում և ինչ ճանապարհ է իրեն սպասվում։ Շատ դեպքերում հարազատների կամ շրջապատի ցանկությամբ ընդունվողները հեռանում են՝ հասկանալով, որ դա իրենցը չէ։ Սակայն չկայանալով որպես ստոմատոլոգ՝ նրանք հաճախ կայանում են որպես շատ լավ մարդ և լավ մասնագետ այլ ոլորտներում՝ բիզնես, դիզայն, շինարարություն։ Սա գալիս է նրանից, որ մեր բուհը պատրաստում է ոչ միայն մասնագետներ, այլև կյանքի և պետության համար պիտանի մարդիկ։ Մեր պատերն անգամ կրթում և դաստիարակում են մարդ տեսակը»,- ասում է դեկանը։
Ամփոփելով զրույցը՝ Լազար Եսայանը շնորհավորում է բոլոր ստոմատոլոգներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և մասնագիտական բավարարվածություն. «Մարդկանց պարգևեք գեղեցիկ ժպիտներ՝ նախ լինելով մարդ, ապա՝ մասնագետ»։
Հարցազրույցը` Ինգա Մարտինյանի
Լուսանկարները` Վազգեն Թովմասյանի