Սիրահարված վիրաբուժությանն ու Հայաստանին՝ կլինիկական օրդինատորի միջազգային կրթական ուղին ԵՊԲՀ-ում

Սիրահարված վիրաբուժությանն ու Հայաստանին՝ կլինիկական օրդինատորի միջազգային կրթական ուղին ԵՊԲՀ-ում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի պացիենտները անշուշտ նկատած կլինեն այս արտասահմանցի կլինիկական օրդինատորին, ով ակտիվորեն ներգրավված է կլինիկական աշխատանքներում։ Նա Չանդու Էկամբարեսվարն է՝ ԵՊԲՀ որովայնային վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր, ով արդեն երեք տարի է՝ ուսանում է համալսարանական հիվանդանոցում։

Բժշկին հատուկ համեստությամբ, անընդհատ սովորելու, կլանելու, լսելու կարողությամբ ուսանողը այս տարիներին ոչ միայն վիրաբուժություն է սերտել, այլև սովորել հայերեն, սիրահարվել Հայաստանին։ «Բարև, ոնց ես»-ից բացի՝ Չանդուն հասկանում է հայերեն խոսակցությունները պացիենտների հետ զրույցներում։

Ինչո՞ւ հենց բժիշկ և ինչո՞ւ հենց վիրաբույժ

«Ես որոշեցի դառնալ բժիշկ, որովհետև խորապես մոտիվացված էի մարդկանց կյանքում իրական և չափելի փոփոխություն մտցնելու գաղափարով, բժշկությունը գիտության, պատասխանատվության և ծառայության իդեալական համադրություն է։ Իսկ վիրաբուժությունը հատկապես գրավեց ինձ, որովհետև այն հնարավորություն է տալիս անմիջականորեն լուծել խնդիրներ և տեսնել ակնհայտ արդյունքներ։ Յուրաքանչյուր վիրահատություն պահանջում է ճշգրտություն, կարգապահություն և սառնասրտորեն որոշումներ կայացնելու ունակություն, ինչը լիովին համընկնում է իմ բնավորության հետ։ Ցավը մեղմելը, գործառույթը վերականգնելը և երբեմն անգամ կյանք փրկելը ինձ տալիս է այնպիսի նպատակասլացության զգացում, որը ոչ մի այլ մասնագիտություն չի կարող ապահովել։ Ի վերջո, ես ընտրեցի բժշկությունը ոչ միայն որպես մասնագիտություն, այլ որպես ողջ կյանքի նվիրում՝ ուսմանը, ծառայությանը և գերազանցությանը։ Բացի այդ, ես սովորեցի մարդկային մարմինը՝ գոյություն ունեցող ամենաբարդ «մեքենան», ընկալել որպես կենդանի հանելուկ, որը պետք է լուծել, իսկ արդյունքը՝ ինչ-որ մեկին իր կյանքը վերադարձնելն է»,-ասում է Չանդուն։

Կրթական ճանապարհը և ԵՊԲՀ-ի ընտրությունը

Նա բժշկական կրթությունը ստացել է Դավաո քաղաքում՝ Ֆիլիպիններում, Դավաո բժշկական դպրոցի հիմնադրամում՝ համատեղելով թե՛ տեսական, թե՛ գործնական ուսուցումը ժամանակակից մեթոդների և տեխնիկաների միջոցով։ Սկզբում ավարտել է բնական գիտությունների բակալավրիատը (B.Sc)՝ բջջային և մոլեկուլային կենսաբանություն ու գենետիկա մասնագիտացմամբ, քիմիայի մինոր ծրագրով։ Բակալավրիատն ավարտելուց հետո սկսել է բժշկական ուսումը՝ զուգահեռ անցնելով կլինիկական ռոտացիաներ, որոնք ներառել են ներքին հիվանդություններ, վիրաբուժություն, մանկաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, հոգեբուժություն և համայնքային բժշկություն՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներում, մասնավորապես՝ Southern Philippines Medical Center-ում, Davao Medical School Foundation Hospital-ում և Brokenshire Integrated Health Ministries, Inc. բժշկական կենտրոնում։ MBBS-ը ավարտելուց հետո Չանդուն մանրակրկիտ ուսումնասիրել է հետբուհական վիրաբուժական կրթության մի շարք միջազգային տարբերակներ։ Ապագա բժշկի հիմնական նպատակը այնպիսի ծրագիր ընտրելն էր, որն առաջարկում է ուժեղ ակադեմիական ուսուցում, ինտենսիվ գործնական վիրաբուժական փորձ և կառուցվածքային մենթորություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը, մասնավորապես՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, այդ չափանիշներին լիովին համապատասխանում էր։

«Երևանի պետական բժշկական համալսարանը տարածաշրջանի առաջատար բժշկական հաստատություններից է, որը հայտնի է վիրաբուժական հագեցած ծրագրով, փորձառու դասախոսական կազմով և զարգացած կլինիկական ենթակառուցվածքներով։ Որովայնային վիրաբուժության MS ծրագիրը ապահովում է լայնածավալ փորձ ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ վիրահատությունների ոլորտում՝ ներառյալ աղեստամոքսային, լյարդա-լեղուղիների, հաստ աղու, բարիատրիկ և վահանաձև գեղձի վիրահատությունները։ Այս լայն վիրահատական սպեկտրը լիովին համընկնում էր իմ նպատակին՝ դառնալ բարձրակարգ ընդհանուր և որովայնային վիրաբույժ»,-պատմում է օրդինատորը։

Նրա որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել գործնական ուսուցման շեշտադրումը։ Չանդուի խոսքով՝ համալսարանական հիվանդանոցները ապահովում են պացիենտների բարձր հոսք և բազմազան կլինիկական դեպքեր, ինչը թույլ է տալիս օրդինատորներին ակտիվորեն մասնակցել վիրահատություններին՝ սերտ վերահսկողության ներքո։

«Այսպիսի ուսումնական միջավայրը կարևոր դեր է խաղացել իմ վիրահատական վստահության և կլինիկական դատողության ձևավորման գործում։ Բացի այդ, Հայաստանը ապահով, մատչելի և ակադեմիապես կենտրոնացված երկիր է, ինչը այն դարձնում է իդեալական միջավայր միջազգային բժշկական շրջանավարտների համար։ Երևանի պետական բժշկական համալսարանի բազմամշակութային ակադեմիական միջավայրը ևս նպաստել է իմ հարմարվողականության, հաղորդակցման հմտությունների և մասնագիտական հասունության զարգացմանը»,- ասում է սովորողը՝ հավելելով, որ իր որոշումը շարունակել որովայնային վիրաբուժության MS ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում, պայմանավորված էր ակադեմիական գերազանցությամբ, լայն վիրաբուժական փորձով, դասախոսական մենթորությամբ, մատչելիությամբ և միջազգային ճանաչմամբ, որոնք կենսական նշանակություն ունեն երկարաժամկետ մասնագիտական զարգացման համար։

Օրդինատուրան՝ նշանավոր վիրաբույժների մենթորությամբ

Օտարերկրացի կլինիկական օրդինատորը նշում է, որ իր հետբուհական վիրաբուժական կրթությունը խորապես ձևավորվել է բացառիկ մենթորության շնորհիվ՝ պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի ղեկավարությամբ, ով հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի Որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչը և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավարը։

«Բարձրակարգ ակադեմիական վիրաբույժի ղեկավարությամբ ուսուցումը վճռորոշ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական ձևավորման վրա։ Նրա ղեկավարությամբ մենք ունեցել ենք կանոնավոր կառուցվածքային ակադեմիական սեմինարներ՝ համակցված ինտենսիվ գործնական վիրաբուժական ուսուցման հետ։ Այս դասընթացները ներառել են գործող վիրաբույժների ակտիվ մասնակցություն և ընդգրկել ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտությունների զարգացում տարբեր միջամտությունների շրջանակում՝ որովայնային վիրաբուժություն, վահանաձև գեղձի վիրահատություններ, հաստ աղու միջամտություններ, բարիատրիկ վիրաբուժություն, ճողվածքների վերականգնում և առաջադեմ լապարոսկոպիկ տեխնիկաներ։ Այս ինտեգրված մոտեցումը զգալիորեն ամրապնդել է իմ կլինիկական մտածողությունը, վիրահատական հմտությունները և որոշումներ կայացնելու կարողությունը։

Բացի պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանից, ես պատիվ եմ ունեցել ուսանել նաև բարձրակարգ վիրաբույժների ղեկավարությամբ, այդ թվում՝ բժիշկ Հայկ Սաֆարյան, Հայկ Եղիազարյան, Անդրանիկ Ալեքսանյան, Խաչատուր Այվազյան, Արեգ Պետրոսյան, Վահե Հակոբյան, Հակոբ Շմավոնյան, Կարեն Պապազյան, Օհանյան, Վարդանյան, Ռաֆայել Մեսրոպյան, Հայկ Մաթևոսյան, Վահան Բադոյան և Ֆելիքս Մելքոնյան։ Նրանց բազմազան մասնագիտական փորձը և դասավանդման ոճերը կարևոր դեր են ունեցել իմ վիրահատական վստահության, կարգապահության և մասնագիտական վերաբերմունքի ձևավորման գործում», -ասում է օրդինատորը։

Նրա խոսքով՝  այս հմուտ վիրաբույժների հավաքական մենթորությունը խորապես ազդել է իր կլինիկական մոտեցման, վիրաբուժական ճշգրտության, թիմային աշխատանքի և պացիենտակենտրոն խնամքի նկատմամբ իր նվիրվածության վրա՝ ձևավորելով ամուր հիմք իր ապագա վիրաբուժական կարիերայի համար։

Հայաստանի մասին

Այս ընթացքում նա սիրահարվել է ոչ միայն վիրաբուժությանը, այլև Հայաստանին, որտեղ ապրում է մեծ հաճույքով։ «Երկիրը անվտանգ է, մշակութապես հարուստ և շատ հյուրընկալ, ինչը մեծապես նպաստեց իմ արագ հարմարվելուն։ Ազատ ժամանակս անցկացնում եմ ուսումնառությամբ, վիրաբուժական գիտելիքներիս խորացմամբ, Երևանի ուսումնասիրությամբ և հայերեն լեզվի ուսումնասիրմամբ՝ գործընկերների հետ առօրյա շփման միջոցով։ Հայաստանը առաջարկում է ուժեղ ակադեմիական միջավայր և գերազանց կլինիկական փորձ, ինչը այն դարձնում է իդեալական բժշկական կրթության համար»։

Այս տարի  ավարտելով ԵՊԲՀ օրդինատուրան նա մտադիր է շարունակել առաջադեմ վիրաբուժական ուսուցումը և ձեռք բերել միջազգային փորձ։ Որտեղ էլ շարունակի իր հետագա գործունեությունը հնդիկ օրդինատորը, Հայաստանը միշտ կմնա իր սրտում, և եթե հնարավորություն լինի վերադառնալ Հայաստան՝ աշխատանքի կամ ակադեմիական համագործակցության շրջանակում, ապա անպայման կօգտվի այդ հնարավորությունից։