SORT IT. բժշկական բուհում մեկնարկել է հետազոտությունների միջոցով առողջապահական ոլորտի առաջխաղացման դասընթացը

SORT IT. բժշկական բուհում մեկնարկել է հետազոտությունների միջոցով առողջապահական ոլորտի առաջխաղացման դասընթացը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 23-ին պաշտոնապես մեկնարկեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) հովանու ներքո իրականացվող «Համընդհանուր առողջապահական ոլորտի առաջխաղացում հետազոտությունների միջոցով SORT IT դասընթացը՝ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մասնագետների համար»։

Դասընթացի նպատակն է խթանել բժիշկների, դասախոսների և ուսանողների հետաքրքրվածությունը գիտահետազոտական գործունեության նկատմամբ, ինչպես նաև անհատական մենթորների աջակցությամբ զարգացնել և խորացնել նրանց հետազոտական և գիտական գրավոր հաղորդակցման հմտությունները։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն իր ողջույնի խոսքում փաստեց, որ բժշկական բուհում են հավաքվել մենթորներ և մասնակիցներ Եվրոպայից և Ասիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից, և Հայաստանն այսօր այդ ամենի կենտրոնում է:

«ԱՀԿ հատուկ ծրագրի շրջանակում մենք անցկացնում ենք դասընթաց, որը կնպաստի գործառնական հետազոտություններում ավելի թիրախային լինելուն: Այս դասընթացը ԵՊԲՀ գիտական և  կլինիկական ստորաբաժանումների համագործակցության լավագույն օրինակներից է: Մենթորները հիմնականում կլինիկական ուղղվածության մեր մասնագետներին կսովորեցնեն, թե ինչպես աշխատել տարբեր տվյալների հետ, ինչպես ճիշտ տեսակավորել դրանք և ըստ դրա ձևավորել հետազոտական հարց: Դասընթացը նրանց կտա հետազոտական տրամաբանություն, մտածելակերպ, ինչպես նաև կարողություն` հասկանալու, թե ինչը կարող է դառնալ հետազոտության հիմք», – մեզ հետ զրույցում մանրամասնեց պրոռեկտորը:

Ծրագրի արդյունքում, նրա փոխանցմամբ, ակնկալվում է մոտ 10 հոդված` բաց հասանելիությամբ:

Դասընթացը նախատեսված է մեկ տարվա համար, բաղկացած է 4 փուլից. վերջին երկու փուլերը կանցկացվեն հոկտեմբերին: «Առաջին երկու փուլերը նվիրված են նրան, թե ինչպես գեներացնել հետազոտական պրոտոկոլը և կառավարել տվյալները: Իսկ երրորդ և չորրորդ փուլերում արդեն այդ տվյալների հիման վրա մասնակիցները կսովորեն` ինչպես գրել գիտական հոդված», – նշեց պրոֆեսոր Ենկոյանը: Նրա խոսքով` ընդգրկված է 50 մասնակից:

«Ծրագիրը հիմնականում նախատեսված էր բժիշկների համար, բայց մենք փորձեցինք ներգրավել նաև ուսանողներին: Այժմ ունենք մոտ 20 ուսանող, 10 կլինիցիստ, 10 դասախոս: Շուրջ 14 մասնակից ունենք արտերկրից` Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Հնդկաստան», – հավելեց պրոռեկտորը:

Բժիշկների ընտրությունը կատարվել է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի կողմից հայտարարված մրցույթի, իսկ ուսանողների ընտրությունը` «Առաջադեմ հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում ուսանողների ներկայացումների գնահատման արդյունքում:

ԱՀԿ Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի գիտնական Ռոնի Զաքարիան ողջույնի իր խոսքում հատուկ ընդգծեց 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու ներդրումը, որը դեռևս դարեր առաջ կարողացավ տարբերակել վարակիչ հիվանդությունը ոչ վարակիչից:

«Դասընթացի շրջանակում դուք կսովորեք, թե ինչպես հետազոտական ​​հարցերը վերածել կառուցվածքային հետազոտության, ինչպես օգտագործել ստեղծված ապացույցները՝ ընդհանուր պրակտիկայի վրա ազդելու նպատակով։

Մենք ձեզ կծանոթացնենք չորս սկզբունքների՝

  1. հետազոտությունը պետք է համապատասխանի տվյալ երկրին, և դուք պետք է ներգրավեք նաև որոշում կայացնող կառույցներին,
  2. մենք կփորձենք ստեղծել առաջնագծի առողջապահության աշխատողների կայուն հետազոտական ​​կարողություններ,
  3. մենք ցանկանում ենք կառուցել գործընկերություն և առաջնորդություն, ինչպես անում ենք այստեղ, քանի որ կայունությունը ոչ թե նախագծերի, այլ մարդկանց մասին է,
  4. մենք ցանկանում ենք տեսնել լիարժեք ազդեցություն, արդյունք, որպեսզի կարողանանք օգուտ բերել բնակչությանը, բարելավել մեր առողջապահական համակարգերը և ավելի խելացի կերպով օգտագործել մեր ռեսուրսները։

Ես շատ հպարտ եմ` տեսնելով, որ այստեղ հավաքված մենթորների կեսը SORT IT դասընթացի շրջանավարտներն են Հայաստանից։ Եվ արտերկրից մեզ միացածների գրեթե 80%-ը նույնպես SORT IT-ի շրջանավարտներ են», – նկատեց Ռոնի Զաքարիան` վստահեցնելով, որ սա պարզապես դասընթաց չէ, այլ` ապացույցների վրա հիմնված փոփոխությունների շարժում, որին միանում է յուրաքանչյուր մասնակից։