Հերթական վարպետաց դասը բուժաշխատողների համար

Հերթական վարպետաց դասը բուժաշխատողների համար

«Հերացի» վերլուծական կենտրոնի հերթական վարպետաց դասը տուբերկուլոզի դեմ պայքարի օրվա շրջանակում, մարտի 24-ին և 25-ին կազմակերպել էր «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով:

Նպատակն է ուսուցանել բուժաշխատողներին ԲՑԺ պատվաստման տեխնիկան, մոտեցումները, Մանթու թեստի տեխնիկան, գնահատման տարբերակները, սառցե շղթայի պահպանման առանձնահատկությունները:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը դասընթացի սկզբում հանգամանալից ներկայացրեց տուբերկուլոզի վերաբերյալ վերջին տարիների գլոբալ և Հայաստանյան վիճակագրական տվյալները, այնուհետև խոսեց պատվաստումային գործընթացի, հակացուցումների, սառցե շղթայի, անբարեհաջող ելքերի մասին, նշեց բուժաշխատող-ծնող-երեխա հաղորդակցման կարևորության մասին` նշելով պատվաստումներից խուսափող ծնողների և երեխաների հետ տարբեր հնարավոր իրավիճակների ստեղծման և լուծումների մասին:

Զեկույցի ընթացքում համաճարակաբանը նշեց, որ չնայած առողջապահաության ոլորտի արագ զարգացմանն ու նորարարություններին` տուբերկուլոզը դեռևս առողջապահական մեծ բեռ է աշխարհի շատ երկրներում` լինելով  կանխարգելելի և բուժելի հիվանդություն:

Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ հիվանդանում, իսկ 1 միլիոն մարդ մահանում են տուբերկուլոզից: Միևնույն ժամանակ տուբերկուլոզը համարվում է առանձին վարակիչ հիվանդություններից մահվան առաջատար պատճառն աշխարհում: Համաձայն ԱՀԿ-ի գնահատման` 2024թ.-ին արձանագրվել է տուբերկուլոզով 10.7 միլիոն հիվանդության և 1.23 միլիոն մահվան նոր դեպքեր:

Այսօր տուբերկուլոզի դեմ միակ հասանելի պատվաստանյութը ԲՑԺ (Bacillus Calmette–Guérin, BCG) պատվաստանյութն է: Այն տուբերկուլոզի տարածուն ձևերի կանխարգելումն է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:

ԲՑԺ պատվաստանյութն ունի 75-79% արդյունավետություն տարածուն ձևի և մենինգիտի կանխարգելման առումով և 40-80% արդյունավետություն` թոքային տուբերկուլոզի դեպքում:

Զեկուցողը նշեց, որ հետպատվաստումային անբարեհաջող ելքերի բացառման համար շատ կարևոր է սառցե շղթայի պահպանումը: Սառցե շղթան այն համակարգն է, որն ապահովում է պատվաստանյութերի պահպանման և փոխադրման անհրաժեշտ պայմանները՝ սկսած պատվաստանյութեր արտադրող գործարանից մինչև պատվաստվողը: Սառցե շղթան իմունականխարգելման հիմնական բանաձևերից մեկն է, քանի որ պատվաստանյութերը, որոնք պահպանվում են անբարենպաստ ջերմային ռեժիմի պայմաններում, կարող են կորցնել իրենց իմունածին ակտիվությունը:

Հայաստանում 2025 թվականին մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումների ընդհանուր մակարդակը հասել է ռեկորդային 95.1%-ի։

Դասընթացի փորձնական մասը ներառում էր պատվաստման տեխնիկայի ցուցադրում մուլյաժների միջոցով, որի ընթացքում մեր մասնակիցները սովորեցին պատվաստման տեխնիկայի ճշգրիտ իրականացման գործընթացը:

Երկրորդ օրը զեկույցով հանդես եկավ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանը, ով ներկայացրեց տուբերկուլոզի հայտնաբերման Մանթու փորձի մեթոդը, իրականացման գործընթացը, տեխնիկան, նպատակները, խոսեց հնարավոր կեղծ դրական պատասխանի, դրանց հնարավոր պատճառների մասին:

Ըստ զեկուցողի ԲՑԺ պատվաստումը կարող է առաջացնել կեղծ դրական Մանթուի թեստ, սակայն թեստի բարձր ցուցանիշները խոսում են ակտիվ հիվանդության մասին։

Տուբերկուլինային մաշկային փորձը (Մանթու թեստ) ախտորոշիչ մեթոդ է, որը հայտնաբերում է օրգանիզմում տուբերկուլյոզի միկոբակտերիաների առկայությունը (վարակվածությունը)։ Այն ներառում է տուբերկուլինի ներմաշկային ներարկում, որի արդյունքը գնահատվում է 48-72 ժամ անց՝ մաշկի վրա առաջացած պապուլայի (պնդացման) չափսերով: Թեստի մոջոցով պարզ է դառնում՝ արդյոք անձը վարակված է տուբերկուլյոզով (թեթև կամ լատենտ ձևով)։

Տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները մինչև 2030թ.-ը, իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են բեկումնային գիտական զարգացումներ, այդ թվում` նոր պատվաստանյութի ստեղծում: