Վիգեն Ավդալյանը 2007 թվականին է ընդունվել Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, որը 2014 թվականին գերազանցությամբ է ավարտել:
Խոստովանում է, որ մասնագիտական ուղու ընտրությունն իր համար բարդ չէր. Այն, կարծես, կանխորոշված էր մանկուց:
«Ես ինձ միշտ պատկերացնում էի բժշկի դերում։ Իմ մանկության խաղերը լի էին երևակայական հիվանդանոցներով և «բուժվող» հիվանդներով՝ թեև ընտանիքում բժիշկներ չկան։ Սրտաբանությունն իմ իրական տարերքն էր դարձել։ Ընտանիքում սրտի բնածին հիվանդության հետևանքով ունեցած ցավալի կորուստը դարձավ այն շրջադարձային կետը, որն ինձ ուղղորդեց դեպի մանկական սրտաբանություն և սրտի բնածին հիվանդությունների խորացված ուսումնասիրություն։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ը այս անգամ ինձ տարավ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն: Եթե մի օր հնարավոր լիներ հետ գնալ ու որոշել ուր գնալ ես կրկին կքայլեի դեպի այդ կենտրոնի»,-նշում է հերացիականը:
2017 թվականին նա գերազանցությամբ ավարտել է մանկական սրտաբանության օրդինատուրան: Ներկայումս աշխատում է «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոնում՝ որպես մանկական սրտաբան և մեծահասակների սրտի բնածին հիվանդությունների մասնագետ։
«Ուսման տարիները մշտապես առանձնահատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում։ Դրանք ոչ միայն գիտելիքների կուտակման ժամանակաշրջան էին, այլև ինքնաճանաչման և արժեքների ձևավորման կարևոր փուլ։ Բժշկի մասնագիտությունը պահանջում է անընդհատ զարգացում, և մենք՝ բժիշկներս, սովորում ենք ամեն օր՝ յուրաքանչյուր բուժառուից»,-նշում է սրտաբանը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին, բախվելով մասնագիտական բացերի և հետազոտական աշխատանքի իրականացման դժվարությունների հետ, անհրաժեշտ է համարել նոր գիտելիքներ ձեռք բերել: Որոշել է ընդունվել Հանրային առողջության ֆակուլտետ՝ վստահ լինելով, որ այն կօգնի զարգացնել իր հետազոտական կարողությունները։
«Այս ոլորտում ինձ հատկապես գրավեց այն գաղափարը, որ առողջությունը միայն բժշկի պատասխանատվությունը չէ, այլ ամբողջ հասարակության համատեղ աշխատանքի արդյունքն է։ Հանրային առողջությունը հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ ոչ միայն առանձին հիվանդների, այլ ամբողջ բնակչության բարեկեցության վրա»,-ընդգծում է Վիգեն Ավդալյանը։
Նա ընդգծում է, որ ուսումնառության ընթացքում ձեռք է բերել կարևոր գիտելիք և հմտություններ՝ տվյալների վերլուծություն, հետազոտական մտածողություն, թիմային աշխատանք և արդյունավետ հաղորդակցում։
«Սովորեցի գնահատել ռիսկերը, մշակել կանխարգելիչ ծրագրեր և աշխատել հասարակության տարբեր խմբերի հետ։ Իմ մասնագիտական ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցան դասախոսներն ու առարկաները, որոնք օգնեցին խորությամբ հասկանալ այս ոլորտի նշանակությունը։ Առանձնահատուկ տպավորություն են թողել մոր և մանկան առողջության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման թեմաներով դասախոսությունները։ Խորին երախտագիտությամբ եմ հիշում դասախոսներիս՝ իրենց նվիրվածության և բարձր մակարդակի դասախոսությունների համար։ Այս բնագավառում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն վերլուծական մտածողությունը, հաղորդակցման հմտությունները, թիմային աշխատանքի կարողությունը և բարդ խնդիրներին ստեղծագործ մոտեցմամբ լուծումներ գտնելու ունակությունը»,-շեշտում է երիտասարդ մասնագետը:
Ուսումնառության ընթացքում նա իրականացրել է հետազոտական աշխատանք՝ մագիստրոսական թեզի շրջանակում, որը նվիրված էր սրտի բնածին հիվանդությունների ազդեցությանը կյանքի որակի և հոգեկան առողջության վրա։
«Աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ, և հույս ունեմ այն տպագրել մոտ ապագայում»,-ասում է Վիգենը, ով 2026 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Հանրային առողջության ֆակուլտետը։
«Այսօր ինձ զգում եմ ավելի «հարուստ»՝ գիտելիքով, փորձով և հնարավորություններով։ Կարող եմ իրականացնել հետազոտական աշխատանքներ, բարձրաձայնել հանրային առողջապահական խնդիրների մասին և առաջարկել դրանց արդյունավետ լուծումներ։ Դժվարությունները հաղթահարում եմ նպատակասլացության, աշխատասիրության և շարունակական ինքնազարգացման շնորհիվ։ Ամեն խնդիր ընկալում եմ որպես նոր հնարավորություն սովորելու և առաջ շարժվելու»,-նշում է Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտը՝ հավելելով, որ իր ամենամեծ շարժիչ ուժը մասնագիտության հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվության զգացումն է։
«Ի վերջո, ամենակարևորը՝ ունենալ անկեղծ ցանկություն նպաստելու հասարակության առողջ և անվտանգ ապագայի ձևավորմանը»,-եզրափակում է ԵՊԲՀ երեք ֆակուլտետ գերազանցությամբ ավարտած շրջանավարտը: