Օրեր առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տեղի ունեցած տհաճ և զազրելի դեպքին՝ բուժաշխատողի և անվտանգության աշխատակիցների հանդեպ իրականացրած բռնությանը այսօր ԵՊԲՀ-ում մեկնարկած մանկաբուժությանը և ծերաբուժությանը նվիրված միջազգային համաժողովի ընթացքում անդրադարձավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Բուհի ղեկավարը ընդգծեց, որ կատարվածին որևէ արդարացում կամ բացատրություն չի կարող լինել: «Կատարված դեպքը հարիր չէ մեր հասարակությանը:
Բացարձակ կողմնակից չեմ, որ քննարկվի, թե ինչու է տեղի ունեցել այս միջադեպը, առավել ևս կնոջ, առավել ևս երեխայի ներկայությամբ: Իմ հարգանքի և կարեկցանքի խոսքերն եմ արտահայտում բժշկի հանդեպ, որը շարունակել է երեխային բուժօգնություն ցուցաբերել, իսկ տեղի ունեցածը պետք է լինի իրավապահնների տիրույթում և հասարակական պարսավանքի արժանանա, համընդհանուր ուժերով հեռացվեն նման երևույթները մեր ժողովրդի կենցաղից, մեր մշակույթից»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նման դեպքերի պատճառ են հանդիսանում հասարակության մեջ առկա խորը հոգեբանական խնդիրները, որոնք պարբերաբար նման զազրելի դրսևորումներ են ունենում: Նա նկատեց, որ բժշկի օրինակը, երբ բուժօգնություն է տրամադրել երեխային՝ չնայած իր հանդեպ կատարված վիրավորական, վտանգավոր կեցվածքին, օրինակելի է ապագա բժիշկների, ուսանողների համար:
ԵՊԲՀ ռեկտորը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև անվտանգության աշխատակիցներին, որոնք պատերազմից հետո վերադառնալով աշխատել են համալսարանական հիվանդանոցում և խիզախություն են դրսևորել՝ պաշտպանելով բժիշկներին և երեխաներին:
Այնուհետև Արմեն Մուրադյանը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնութան ծառայության մանկաբույժ Կարինե Թադևոսյանին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պահպանության ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սարգսյանին և հերթափոխային տեսուչ Ֆրունզ Մխիթարյանին շնորհակալագրեր հանձնեց: