Նախքան կյանքը. ծնողների ընտրությունների ազդեցությունը ապագա սերնդի վրա

Նախքան կյանքը. ծնողների ընտրությունների ազդեցությունը ապագա սերնդի վրա

Նոր կյանքի ծագումը սոսկ երկու բջիջների միաձուլման ակնթարթ չէ, այլ բարդ կենսաբանական գործընթացների ամբողջություն, որոնք սկսվում են դեռևս բեղմնավորումից շատ առաջ։ Տարիներ շարունակ բժշկությունն ու հասարակությունը հիմնական ուշադրությունը դարձրել են մոր առողջությանը, սակայն ժամանակակից գիտական տվյալները էականորեն փոխել են այս ընկալումը։

Այսօր գիտությունն ավելի ու ավելի համոզիչ կերպով փաստում է, որ ապագա երեխայի առողջության համար պատասխանատվությունը հավասարապես կրում են երկու ծնողները։ Սա արտացոլվում է ինչպես Developmental Origins of Health and Disease, այնպես էլ Paternal Origins of Health and Disease գիտական հայեցակարգերում, որոնք համապատասխանաբար ընդգծում են մոր և հոր ներդրումը սերնդի առողջության ձևավորման գործում։ Առանձնահատուկ կարևորություն է ստանում նախաբեղմնավորման փուլը՝ բեղմնավորումից առնվազն 100 օր առաջ ընկած ժամանակահատվածը, որը կարելի է դիտարկել որպես յուրահատուկ «հնարավորությունների պատուհան», երբ դեռ հնարավոր է էապես ազդել ապագա երեխայի առողջության վրա։

Սակայն իրական վիճակը հեռու է իդեալականից։ Աշխարհում հղիությունների ավելի քան 40%-ը չպլանավորված է, և նույնիսկ զարգացած երկրներում բժշկական անձնակազմի կեսից պակասն է կիրառում նախաբեղմնավորման խորհրդատվության պրակտիկան։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց միայն 47%-ն է այցելում ատամնաբույժին բեղմնավորումից առաջ, չնայած բերանի խոռոչի առողջության ազդեցությանը հղիության ելքերի վրա։ Այս փաստերը վկայում են այն մասին, որ անտեսվում է այն փուլը, որը փաստացի սահմանում է նոր կյանքի զարգացման մեկնարկային պայմանները։

Փոփոխման ենթակա կարևորագույն գործոններից մեկը սննդակարգն է։ Չնայած առկա տեղեկատվությանը և բժշկական ցուցումներին՝ հղիություն պլանավորող կանանց ավելի քան 90%-ի մոտ արձանագրվում է կենսական նշանակություն ունեցող միկրոտարրերի անբավարարություն։ Սա ունի անմիջական հետևանքներ․ աշխարհում ամեն օր շուրջ 3000 երեխա է ծնվում նյարդային խողովակի արատներով, մինչդեռ հղիությունից առաջ և ընթացքում օրական 400 մկգ ֆոլաթթվի ընդունումը կարող է նվազեցնել այդ ռիսկը 72%-ով։ Այնուամենայնիվ, 18–24 տարեկան կանանց միայն 30%-ն է ընդունում ֆոլաթթու, և ընդամենը 6%-ն է տեղյակ դրա ընդունման ճիշտ ժամկետների վերաբերյալ։

Պտղի նորմալ զարգացման համար կարևոր նշանակություն ունեն նաև երկաթի և վիտամին D-ի մակարդակները, որոնց անբավարարությունը լայն տարածում ունի։ Այս գործոնները հաճախ զուգակցվում են վնասակար սովորությունների հետ։ Օրինակ՝ օրական 300 մգ-ից ավելի կոֆեինի օգտագործումը բարձրացնում է հղիության ընդհատման ռիսկը 31%-ով, մոր ծխելը գրեթե եռապատկում է սրտի բնածին արատների առաջացման հավանականությունը, իսկ բեղմնավորումից առաջ ալկոհոլի օգտագործումը մեծացնում է վիժման ռիսկը շուրջ 30%-ով։

Ժամանակակից սննդակարգը հաճախ բնութագրվում է բարձր աստիճանի վերամշակված մթերքների գերակշռությամբ, որոնք որոշ երկրներում կազմում են օրական սննդակարգի մինչև 50–60%-ը։ Նման սննդակարգը բացասաբար է անդրադառնում վերարտադրողական առողջության վրա․ կանանց մոտ այն կապված է սաղմի չափերի նվազման հետ վաղ հղիության ընթացքում, իսկ տղամարդկանց մոտ՝ պտղաբերության նվազման և բեղմնավորման ժամանակի երկարացման հետ։

Հետազոտության առրդյուքների համաձայն՝ առողջ կենսակերպի անցումը կարող է զգալիորեն բարելավել արդյունքները․ այն կարող է նվազեցնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը մինչև 70%, իսկ համալիր փոփոխությունները կարող են նվազեցնել երեխայի ճարպակալման հավանականությունը մինչև 75%։

Մոր առողջությունը շարունակում է մնալ առանցքային գործոն, քանի որ հենց նրա օրգանիզմն է ապահովում պտղի զարգացման միջավայրը։ Ուստի կանանց քրոնիկական հիվանդությունները էապես բարձրացնում են անբարենպաստ ելքերի ռիսկը, հատկապես՝ ածխաջրային նյութափոխանակության խանգարումների պարագայում։

Վերոնշյալով պայմանավորված՝ բեղմնավորումից առաջ առկա շաքարային դիաբետը պահանջում է խիստ վերահսկողություն։ Գլիկոհեմոգլոբինի նույնիսկ 0․5%-ով նվազեցումը նվազեցնում է բնածին արատների հաճախականությունը 6%-ով, սրտի արատները՝ 11%-ով, վաղաժամ ծնունդները՝ 11%-ով, ինչպես նաև մայրական ծանր հիվանդացությունն ու մահացությունը՝ 10%-ով։

Հղիության ընթացքում զարգացող գեստացիոն շաքարային դիաբետը, որը հանդիպում է հղիների 6–7%-ի մոտ, նույնպես լուրջ խնդիր է, քանի որ բնութագրվում է կրկնության բարձր հավանականությամբ․ հետագա հղիությունների ընթացքում դրա ռեցիդիվի հաճախականությունը կազմում է 40%-ից մինչև 73%։

Լրացուցիչ ռիսկի գործոն է նաև մարմնի ավելցուկային զանգվածը․ Եվրոպայի չափահաս բնակչության ավելի քան 50%-ը ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում, ինչը կապված է հղիության ծանր բարդությունների հետ, այդ թվում՝ պրեէկլամպսիայի, որը տարեկան ամբողջ աշխարհում հանգեցնում է ավելի քան 570 000 մայրերի և նորածինների մահվան։

Միևնույն ժամանակ, նպատակային նախապատրաստման ծրագրերը ցույց են տալիս, որ դրական փոփոխությունները հնարավոր են․ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) նախապատրաստման ընթացքում ճարպակալում ունեցող պացիենտների մոտ մարմնի զանգվածը նվազում է միջինում 6․1 կգ-ով, իսկ քաշի չափավոր նվազեցումը՝ 6․6 կգ-ով, բարելավում է ֆերտիլությունը։

Կնոջ սիրտանոթային համակարգի վիճակը ևս կարևոր դեր ունի․ բեղմնավորումից առաջ դիաստոլիկ զարկերակային ճնշման յուրաքանչյուր 10 մմ սնդիկի սյան բարձրացումը բարձրացնում է հղիության ընդհատման ռիսկը 18%-ով։ Հոգեբանական գործոնները նույնպես նշանակալի են․ սթրեսը կարող է նվազեցնել պտղաբերությունը մինչև 46%-ով։

Թեև մոր դերը վաղուց ընդունված է որպես որոշիչ, հոր ներդրումը գիտության ուշադրության կենտրոնում է հայտնվել համեմատաբար վերջին տարիներին։ Պարզվել է, որ սպերմատոզոիդները փոխանցում են ոչ միայն գենետիկական նյութը (ԴՆԹ), այլև էպիգենետիկ տեղեկատվություն, որը կարգավորում է գեների արտահայտումը սաղմում։

Այս էպիգենետիկ մեխանիզմները չափազանց զգայուն են կենսակերպի նկատմամբ։ Սպերմատոզոիդները կրում են ԴՆԹ-ի մեթիլացման հատուկ նշաններ, ինչպես նաև միկրոՌՆԹ-ներ և տրանսպորտային ՌՆԹ-ների ֆրագմենտներ, որոնց մի մասը փոխանցվում է ձվաբջջին և մասնակցում է սաղմի զարգացման վաղ փուլերին։ Նույնիսկ կարճաժամկետ սննդակարգային փոփոխությունները կարող են ազդել հարյուրավոր նման մոլեկուլների վրա։

Փորձարարական հետազոտությունները ցույց են տալիս, որ հոր սննդակարգը կարող է ազդել հազարավոր գեների վրա, որոնք ներգրավված են պտղի զարգացման գործընթացներում, այդ թվում՝ պլացենտայի ձևավորման հետ կապված գեների վրա։ Սննդակարգում սպիտակուցների կամ վիտամինների անբավարարությունը կարող է խաթարել ապագա երեխայի նյութափոխանակությունը, մինչդեռ հավասարակշռված սննդակարգը, հակառակը, ապահովում է պաշտպանիչ ազդեցություն։

Հոր տարիքը և ֆիզիկական վիճակը ևս ունեն զգալի նշանակություն։ 50 տարեկանից բարձր տղամարդկանց դեպքում երեխայի մոտ աուտիզմի զարգացման ռիսկը աճում է 2․7 անգամ։ Ավելցուկային քաշը և ճարպակալումը մեծացնում են խոշոր պտղի ծնվելու հավանականությունը մոտ 1․3 անգամ և բարձրացնում մակրոսոմիայի ռիսկը մինչև 3․3 անգամ, մինչդեռ մարմնի զանգվածի դեֆիցիտը կարող է մինչև 8․5 անգամ բարձրացնել ցածր քաշով նորածնի ծնվելու հավանականությունը։ Բացի այդ, աճում է վաղաժամ ծննդաբերության (1․3 անգամ) և ծննդյան ժամանակ ցածր մարմնի զանգվածի (1․6 անգամ) ռիսկը։ Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ծրագրերի շրջանակներում, հոր մարմնի զանգվածի բարձր ինդեքսի դեպքում, բնածին արատների ռիսկը աճում է մոտ 1․8 անգամ, իսկ հենաշարժիչ համակարգի անոմալիաների ռիսկը՝ մինչև 4․6 անգամ։

Տղամարդու առողջական վիճակը ևս ունի նշանակալի ազդեցություն․ մետաբոլիկ համախտանիշը բարձրացնում է սրտային արատների զարգացման ռիսկը մոտ 1․2 անգամ, իսկ հիպոսպադիայի ռիսկը՝ 1․3 անգամ։ Օնկոլոգիական հիվանդությունները կապված են բնածին արատների ռիսկի մոտ 1․1 անգամ աճի հետ, իսկ նախկինում տարած վարակները, այդ թվում՝ հեպատիտ B-ն, բարձրացնում են սրտի բնածին արատների հավանականությունը 1․4 անգամ։

Կենսակերպը նույնպես առանցքային դեր ունի։  Հոր կողմից ծխելը բարձրացնում է բնածին արատների ռիսկը մոտ 1․9 անգամ, ընդ որում՝ ինտենսիվ ծխելու դեպքում առանձին արատների ռիսկը կարող է աճել ավելի քան 13 անգամ։ Ալկոհոլի օգտագործումը կապված է սրտի բնածին արատների ռիսկի 2․9–5 անգամ աճի հետ և գրեթե կրկնակի բարձրացնում է միկրոցեֆալիայի զարգացման հավանականությունը։ Թմրանյութերի օգտագործումը բեղմնավորումից 1–2 տարի առաջ հանգեցնում է նորածնի մարմնի զանգվածի նվազմանը միջինը 115–128 գ-ով։

Վերջապես, նշանակալի ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մասնագիտական գործոնները։ Թունավոր նյութերի հետ շփումը, ինչպիսիք են լուծիչները, թունաքիմիկատները և եռակցման աերոզոլները, զգալիորեն բարձրացնում է բնածին արատների զարգացման ռիսկը։ Նույնիսկ բնակության պայմաններն ունեն նշանակություն․ ավտոմայրուղիների մոտ կամ վերջերս վերանորոգված տարածքներում ապրելը կապված է զարգացման արատների բարձր ռիսկի հետ։ Ծանր մետաղների ազդեցությունը ասոցացվում է նյարդային խողովակի արատների զարգացման հետ։

Այսպիսով, հոր առողջական վիճակը չի կարող դիտարկվել որպես երկրորդական գործոն, այլ հանդիսանում է ակտիվ և էական դերակատարում ունեցող բաղադրիչ, որը ազդում է ապագա սերնդի առողջության ձևավորման վրա։ Նրա կենսակերպը, սննդակարգը, տարիքը և ընդհանուր առողջական վիճակը բարդ կենսաբանական մեխանիզմների միջոցով արտացոլվում են երեխայի զարգացման վրա։

Ընդհանուր առմամբ, կուտակված գիտական տվյալները հստակ ցույց են տալիս, որ ապագա երեխայի առողջությունը ձևավորվում է դեռևս բեղմնավորումից առաջ և կախված է երկու ծնողներից։ Նախաբեղմնավորման շրջանը իրական հնարավորություն է՝ ազդեցություն ունենալու ապագա սերնդի առողջության վրա։ Սննդակարգի նկատմամբ գիտակցված մոտեցումը, վնասակար սովորություններից հրաժարումը, քրոնիկական հիվանդությունների վերահսկումը և շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցության նվազեցումը պետք է դառնան երեխայի ծնունդը պլանավորող զույգի համատեղ առաջնահերթ խնդիրները։