Ուսանողության միջազգային օրը բժշկական համալսարանում առանձնացավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների անմիջական հանդիպմամբ ու զրույցով։
Շնորհավորելով ուսանողներին՝ բուհի ղեկավարը նշեց․ «Կեցցեք դուք, որ պատրաստվում եք բուժել, փրկել, ձեռք մեկնել յուրաքանչյուր ցավ ապրողի, յուրաքանչյուրին առողջություն և գեղեցկություն պարգևել։ Վաղն այս դահլիճում կմեկնարկի մանկաբուժության և ծերաբուժության հարցերով գիտաժողով։ Մենք պատրաստվում ենք այդ գիտաժողովին, համոզված եմ, որ ձեզ համար էլ այն կարևոր և հետաքրքիր կլինի, որովհետև ձեր ապագա պացիենտների, ինչպես նաև ձեր ծնողների և ուսուցիչների մասին ենք խոսելու։ Սրտանց հրավիրում եմ ձեզ լսելու, թե ինչպիսի հաջողություններ է գրանցել ձեր հայրենիքն այդ 2 ուղղությամբ, մասնավորապես, պետք է ասեմ, որ ձեր ուսուցիչներին հաջողվեց 2,5 անգամ նվազեցնել մանկական մահացությունը, իսկ նորածնայինը՝ 1,5 անգամ։ Թե ինչքանով ձեզ դա կհաջողվի, կախված է նրանից, թե ինչպիսի կատարելագործված համակարգում, ինչպիսի գիտելիքներով, ինչպիսի մարդասիրությամբ դուք կլծվեք այդ գործին»։ Այդ ամենի հետ մեկտեղ, ըստ նրա, պետք է նաև նշել, թե այսօր ինչպիսի դժվարություններ են բաժին հասնելու ապագա բժիշկներին։ «Երեխաների միայն 7,5%-ն է, որ ընդհանրապես խնդիր չունի։ Ես զեկուցելու եմ այդ մասին վաղը և կուզեի՝ հասկանայիք, թե ինչպիսի բարդ իրավիճակում կհայտնվեք, եթե այսօրվա մեր հանդիպումը կրի զուտ նոմինալ և տոնական տրամադրություն։ Չէի ուզենա ձեզ շատ մտահոգել, բայց տեսնում եք, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում մեր բուժաշխատողները։ Երեկ տեղի ունեցած իրադարձությունները նաև ձեզ էին հասանելի, և համալսարանական հիվանդանոցում ձեր ավագ ընկերոջ՝ բժշկուհու հանդեպ է տեղի ունեցել ֆիզիկական բռնություն։ Եվ ամենակարևոր մասը․ բժշկուհին այդքանից հետո շարունակել է բուժօգնություն ցույց տալ երեխային, որի ներկայությամբ էլ կատարվել է բռնությունը», – ներկայացրեց Արմեն Մուրադյանը։ Սա, նրա խոսքով, բժշկին հարիր և նորմալ կեցվածք է, բայց նորմալ չէ այն, ինչ կատարվում է բուժաշխատողների հանդեպ։
«Այդ առումով թե՛ մարտահրավերները, թե՛ ձեր կեցվածքն ունենալու են առանցքային նշանակություն։ Թե ինչպիսի արժանապատվությամբ, ինչպիսի իրավական պաշտպանվածությամբ դուք կգործեք ձեր ապագա բժշկական գործունեությունն իրականացնելիս, կարծում եմ, այսօր պետք է քննարկենք։ Դուք չպետք է առերեսվեք այն խնդիրներին, որոնց առնչվել է մեր սերունդը, դուք պետք է աշխատեք ավելի ժամանակակից, իննովացիոն և պացիենտակենտրոն առողջապահական համակարգում», – մաղթեց ռեկտորը։
Շնորհավորանքի առանցքում բուհի ղեկավարը հայտնեց իր պատրաստակամությունը՝ բոլոր խնդիրներում օգտակար և նեցուկ լինելու։
«Մենք պատրաստակամ ենք և ամեն օր փորձում ենք ոչ միայն բարելավել կրթական ծրագրերը, այլև ուսանողական միջավայրը։ Եթե դա ձեզ համար տեսանելի է, ես ուրախ եմ, եթե դեռ տեսանելի չէ, նշանակում է, մեր աշխատանքներն ավելի մեծ եռանդով պետք է իրականացնենք։ Խոսքը գնում է կորոնավիրուսից և պատերազմից հետո ուսանողական կյանքի վերականգնման մասին։ Ավյունով լի բուհը՝ որպես երիտասարդության զարկերակ, կարողանում է այսօր ապահովել ոչ միայն մեր բնագավառում, այլև առհասարակ մեր քաղաքում մթնոլորտային ճնշում։ Խնդրում եմ ձեզ․ այս հարցում արժանի եղեք այն 100 տարվան, որոնց ընթացքում այստեղ սովորել և հետագայում մեր ժողովրդի թիկունքն ապահովող բժիշկներն են ձևավորվել, արժանի եղեք ձեր ուսուցիչներին և այս մեծ, անվանի միջազգային բուհին։ Մենք մի մեծ ընտանիք ենք, որտեղ դուք փոխարինելու եք մեզ։ Պացիենտի հետ շփվելիս վստահությունը ձեռք եք բերելու շատ դժվար, փորձե՛ք ձեր ամեն շարժումով ամրապնդել այդ վստահությունը։ Այդ ամենի հետ մեկտեղ մի մոռացեք, որ ապրում եք ձեր կյանքի ամենագեղեցիկ շրջանը։ Մեր բուհի համար շատ պատվաբեր է, որ հենց դուք եք հանդիսանում հերացիականներ», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։
Նա շնորհավորեց նաև ռազմական բժիշկներին ՀՀ զինված ուժերում բուժծառայողի մասնագիտական օրվա առթիվ։
Հանդիպման ընթացքում ռեկտորը պատասխանեց սովորողներին հետաքրքրող ամենատարբեր հարցերին, անդրադարձավ նրանց հուզող խնդիրներին, սիրով ընդունեց առաջիկայում սպասվելիք ուսանողական միջոցառումներին մասնակցելու հրավերները։