«Հերացի» համալսարանական հիվանդանոցն ապրիլի 21-ին համախմբել էր հայ և ֆրանսիացի մասնագետներին էլեկտրամիոգրաֆիային (ԷՄԳ) նվիրված արդեն 10-րդ աշխատաժողով-սեմինարի շրջանակում:
Երկու երկրի նյարդաբանները սերտորեն համագործակցում են 2020 թվականից:
Հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, ԷՆՄԳ լաբորատորիայի հիմնադիր, նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծեց.
«Կարծում եմ` բոլորս անհամբերությամբ սպասում ենք այս հանդիպումներին` ձգտելով ստանալ նոր գիտելիք, նոր փորձառություն»:
Նա տեղեկացրեց առաջիկա համաժողովների մասին. մասնավորապես` մայիսի 22-ին Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (European Academy of Neurology) կողմից Հայաստանում կանցկացվի EAN Day միջոցառումը, կտրամադրվեն կրեդիտներ, իսկ մայիսի 23-ին կկայանա Հայկական նյարդաբանական ասոցիացիայի հանդիպումը:
Բելլա Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց 2021-2026թթ. անցկացված հանդիպումների շրջանակում կատարված աշխատանքը, Գյումրիում և Գորիսում բացված նոր լաբորատորիաների գործունեությունը:
Այս անգամ ևս հայ և ֆրանսիացի նյարդաբանները կայցելեն Գորիս` քննարկելու կոնկրետ դեպքերը և տրամադրելու արդյունավետ ախտորոշումներ ու բուժումներ:
Համալսարանական մասնագետն անդրադարձավ հետազոտության արդյունքների հիման վրա զեկույց գրելու, ստացված տեղեկատվությունը գործընկերներին փոխանցելու, այն ավելի հասկանալի և կիրառելի դարձնելու նրբություններին:
Արտերկրի գործընկերները՝ Լիոնի համալսարանական հիվանդանոցի ԷՆՄԳ լաբորատորիայի ղեկավար, նյարդաբան Ֆրանսուազ Բուհուրը և նույն հիվանդանոցի նյարդաբան, ԷՆՄԳ մասնագետ Լոռան Ժոմիռը բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումների միջոցով խոսեցին ԷՆՄԳ տվյալների և պարամետրերի, ինչպես նաև դրանց ճիշտ մեկնաբանման մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարդ և հետաքրքիր կլինիկական դեպքեր, ֆրանսիացի նյարդաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատաժողովի գործնական մասը: