Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ապրիլի 28-ին «Պատվաստանյութերն աշխատում են յուրաքանչյուր սերնդի համար» թեմայով համաժողովը բժշկական համալսարանի տանիքի ներքո էր համախմբել բժիշկ-համաճարակաբաններին, բժիշկ-մանրէաբաններին, վարակաբաններին, ընտանեկան բժիշկներին, թերապևտներին, մանկաբույժներին, հանրային առողջության և առողջապահության մասնագետներին, ինչպես նաև բուժքույրերին:
«Համաճարակաբանների և մանրէաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ԵՊԲՀ-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացված գիտաժողովի մասնակիցներին ողջունեց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` միջոցառումը միավորել է մասնագետներին մի բուհում, որտեղ ձևավորվում են մեր բժիշկները, որոնք հետագայում պետք է ապահովեն համընդհանուր սոցիալական պատասխանատվության դաշտ: «Առողջապահության ոլորտում առաջատար դերն, այնուամենայնիվ, այս առումով մնում է համաճարակաբաններին: Կարծում եմ, որ հենց բուհում է հետագայում ձևավորվում այն մտածելակերպը, որը թույլ է տալիս լայն շերտերի հետ քննարկել համաճարակաբանական խնդիրները և, մասնավորապես, իմունիզացիային վերաբերող հարցերը:
Մեր երկրում մեր բժիշկների, մեր բուհի շրջանավարտների ջանքերով այս պահին պատվաստումների մինչև 93% փաստացի ծածկույթ է ապահովված, ինչը նաև ապահովում է այն 7%-ի անվտանգությունը, որը դեռևս մնում է ժխտողական հատվածում: Այդ առումով, իհարկե, անելիքները շատ են, որովհետև սոցիալական մեդիայի դաշտը հասանելի է բոլորին: Մեր կարևորագույն ձեռքբերումը կլինի, եթե այսօր կարողանանք այս հարցին արձագանքել մեկ ճակատով», – ընդգծեց բուհի ղեկավարը:
Անդրադառնալով իմունիզացիայի ծրագրերին ագրեսիվ հակադարձողներին` ռեկտորը նկատեց, որ այդ մարդկանց լսելիությունն, իհարկե, ապահովել անհրաժեշտ է, բայց չի կարելի ապահովել լսելիություն ագրեսիվ մղձավանջ հանդիսացող տիրույթ ստեղծողներին, որոնք փորձում են հանրային կարծիք ձևավորել: «Հենց այս պատճառով էլ 2024 թվականին աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվեց 127 հազար կարմրուկի դեպք, որը բժշկական անձնակազմի մեծ ծախսատարությամբ և, իհարկե, մարդկային լրջագույն ռեսուրսներ օգտագործելով, 75 %-ով հաջողվեց նվազեցնել:
Մայր բուհում անցկացվող նման գիտաժողովները կարևորագույն նշանակություն ունեն` հաշվի առնելով, որ այն բոլոր գիտահեն և նոր տեխնոլոգիաներով ձևավորվող ուղղությունների հենասյունն է: Մի նոր մարտահրավեր է արհեստական բանականությունը, որը ևս կարգավորման խնդիր է հանդիսանալու բոլորի համար, որը շահառուներին թույլ է տալիս ունենալ պատասխաններ, բայց դրանք մտահոգիչ են բազմաթիվ ուղղություններով, և, կարծում եմ, ձեր այսօրվա անելիքների մեջ պետք է մտնի նաև հենց այս հարցի վերլուծությունը: Վստահ եմ, որ այսօրվա գիտաժողովը կբերի առարկայական առաջարկներ գործող առողջապահական մարմիններին, համոզված եմ, որ, առաջատար դիրքերում մնալով, մեր համաճարակաբանները կշարունակեն իրենց աշխատանքներն այն մարտահրավերների հարցում, որոնք, կարծես թե, մենք` պրակտիկ բժիշկներս, չենք տեսնում, բայց դրանք կան», – վստահեցրեց Արմեն Մուրադյանը` կոնֆերանսին մաղթելով արգասաբեր աշխատանք:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտան ողջույնի իր խոսքում շեշտեց, որ ո’չ գիտությունըև ո’չ պատվաստանյութերը վերացական չեն: «Ե’վ գիտությունը, և’ պատվաստանյութերն ամեն օր փրկում են այստեղ հավաքված յուրաքանչյուրին, ինչպես նաև նրանց, ովքեր այստեղ նստած չեն», – նշեց նա` շնորհակալություն հայտնելով բժշկական համալսարանին` հավաքվելու և պատվաստանյութերի օգուտի մասին խոսելու հնարավորության համար:
1974թ. սկսած, ըստ նրա, երբ ԱՀԿ անդամ-պետությունները որոշեցին, որ անհրաժեշտ է ընդլայնել պատվաստման և իմունիզացիայի ծրագրերը` ընդգրկելով նաև երեխաներին, փրկվեց 150 միլիոն մարդու կյանք: «Դա նշանակում է, որ ամեն րոպե փրկվում է 6 մարդու կյանք: Եվ սրանք պարզապես թվեր չեն, նրանք երեխաներ են, նրանք անհատներ են, նրանք ծնողներ են, որոնք որոշում են կայացրել պատվաստվել շատ տարիներ առաջ:
Ինչպես նշեց պրոֆեսոր Մուրադյանը, այս ոլորտում դեռևս շատ անելիք ունենք, սակայն հիմա ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, որտեղ ինֆորմացիոն գերհագեցած վիճակ է: Թե’ Հայաստանում, թե’ աշխարհի որևէ այլ կետում յուրաքանչյուր ծնող լավագույնն է ցանկանում իր երեխային, այս առումով կարևոր է, որպեսզի մենք հավաստի և ճշգրիտ ինֆորմացիա տրամադրենք, որի հիման վրա կկարողանանք ճիշտ որոշումներ կայացնել: Իմունիզացիայի եվրոպական շաբաթվա կարգախոսը շատ տեղին է ընտրված. պատվաստանյութերը պետք է ոչ միայն պաշտպանեն երեխաների առողջությունը, այլև դեռահասների առողջությունը` պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով, իսկ հետո՝ նաև արդեն ավելի հասուն անձանց առողջությունը` գրիպի դեմ պատվաստանյութի միջոցով, որոնք պետք է հասանելի լինեն բնակչությանը», – հավելեց Սիդարթա Դատտան:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը հիշեցրեց, որ 2005 թվականից սկսած` 20 տարի անընդմեջ, Հայաստանը միացել է Իմունիզացիայի եվրոպական շաբաթվա միջոցառումներին: «Իմունականխարգելումը` որպես հակամանրէային կայունության զսպման կարևորագույն գործիք» զեկույցի շրջանակում համալսարանական մասնագետը շեշտեց. «Հայտնի է, որ հակամանրէային կայունությունը ԱՀԿ 10 գլոբալ առաջնահերթություններից մեկն է, և այս գործիքը, որը մենք ունենք բակտերիալ վարակների բուժման առումով, գնալով կորցնում ենք: Պատվաստանյութերն ուղղակիորեն և անուղղակիորեն կարողանում են զսպել վարակները»:
Մերի Տեր-Ստեփանյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես են պատվաստումները նվազեցնում հակամանրէային կայունությունը: Հիմնական ցուցանիշների մասին խոսելիս նա մեջբերեց ԱՀԿ 2024 թ. տվյալները, որոնց համաձայն` պատվաստանյութերի շնորհիվ տարեկան կանխվում է 515 հազար մահ, և 1/3-ով կրճատվում են դեղակայուն վարակների բուժման հետ կապված հիվանդանոցային ծախսերը:
Համաճարակաբանության ամբիոնի վարիչն անդրադարձավ բակտերիալ, վիրուսային և հեռանկարային պատվաստանյութերին, ինչպես նաև նոր սերնդի պատվաստանյութերի մշակմանը:
«Ակնկալվում է, որ մինչև 2030-2050թթ. պատվաստումների շնորհիվ 7.6 միլիարդ դեղաչափով կկրճատվի հակաբիոտիկների տարեկան սպառումը: Կկանխվի տարեկան 543 000 մահ, որոնք պայմանավորված են դեղակայուն հարուցիչներով», – ընդգծեց նա:
Զեկույցի ընթացքում Մերի Տեր-Ստեփանյանը խոսեց նաև թվային և գենետիկական տեխնոլոգիաների կիրառման մասին:
Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունակախարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը ներկայացրեց պատվաստումների ազգային օրացույցը և շեղումները` մանրամասնելով 2026-2030թթ. Իմունակախարգելման ազգային ծրագիրը, պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները, պատվաստումների կատարման ցուցումները, Ազգային օրացույցի ընդհանուր դրույթները:
ՀՀ իմունակախարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբի ղեկավար, ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր Արման Բադալյանի զեկույցը վերաբերում էր տուբերկուլոզի դեմ նոր պատվաստանյութի հեռանկարներին: Մասնագետը տվեց պատվաստանյութի ընդհանուր բնութագիրը, մեջբերեց տուբերկուլոզով հիվանդացության տվյալներն աշխարհում. «Երկրագնդի ազգաբնակչության քառորդ մասն ինֆեկցված է տուբերկուլոզի բացիլով (1.8-2 մլրդ)»: Արման Բադալյանը տեսազանգի միջոցով մասնակիցներին ներկայացրեց տուբերկուլոզով հիվանդացությունն աշխարհում` ըստ սեռատարիքային բաշխվածության, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդացությունը Հայաստանում` նկատելով, որ ընդհանուր առումով իջեցում ունենք: Զեկույցի ավարտին մասնագետն անդրադարձավ նոր պատվաստանյութի նախընտրելի բնութագրերին և արդյունավետությանը:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանը հանդես եկավ «Պատվաստումը` որպես գլոբալ առողջապահական մարտահրավերներին դիմակայելու միջոց» զեկույցով, իսկ ՀՎԿԱԿ իմունակախարգելման վարչության կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը խոսեց միջանձնային հաղորդակցության և միֆերի մասին: