ԵՊԲՀ երեք՝ «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը և նշված ժամանակահատվածում երեք բուժհաստատության առջև դրված խնդիրների կատարողականը, Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանի զեկուցմամբ, ներկայացվեց Գիտական խորհրդի նիստում։
Զեկույցը հագեցած էր թվային, վերլուծական ցուցանիշներով:
Համալսարանական հիվանդանոցների կազմում գործում են նաև երկու առողջության առաջնային պահպանման պոլիկլինիկա, որտեղ հավաքագրված բնակչության ընդհանուր թիվը 2025 թվականին կազմել է 38889 մարդ, որից 21116 երեխա և 17773 մեծահասակ:
Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 0.7%-ով: Պոլիկլինիկաներում աճել է նաև դիմելիության ցուցանիշը` 2.1%-ով: Հաշվի առնելով Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը մեր երկրում, 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսվեց ԱԱՊ օղակների առավել ակտիվ ընդգրկումընայդ պրոցեսում:
«Ուսումնասիրելով համալսարանական հիվանդանոցների բուժական գործունեությունը, կարելի է արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ երեք հիվանդանոցում նկատվել է ստացիոնար պացիենտների ընդհանուր թվի 9,8% աճ»,- ասաց պրոռեկտորը:
Երեք հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն են ստացել՝ 2024 թվականին 128422 պացիենտ, իսկ 2025 թվականին՝ 135241, ինչը 5.3%-ով ավել է նախորդ տարվանից: Շտապ օգնությամբ դիմելիության ցուցանիշը աճել է 2.1%-ով նախորդ տարվա համեմատ:
Կլինիկական մի շարք ցուցանիշների կողքին Արմեն Մինասյանն առանձնահատուկ անդրադարձավ ուսումնական գործընթացին, որը համալսարանական բուժհաստատությունների գործունեության անքակտելի մասն է:
ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների դասապրոցեսը կազմակերպվում է համալսարանական երեք հիվանդանոցում և բժշկական բուհի հետ պայմանագիր կնքած բուժհաստատություններում: Ընդ որում, բուհի և քոլեջի ավելի քան 6580 ուսանողների շուրջ 43,5%-ը (2861 ուսանող) 1 օրվա ընթացքում հաճախում է համալսարանական հիվանդանոցներ:
«Արդեն կայացած իրականություն է այն, որ համալսարանական կլինիկաներում որպես կամավորներ աշխատում են ուսանողները և օրդինատորները: Շարունակվում է համալսարանական կլինիկաների միջազգային համագործակությունն արտերկրի այլ առաջատար կլինիկաների հետ»,- փաստեց Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը` հաջորդաբար ներկայացնելով 2025 թվականին իրականացված միջազգային` նախաձեռնությունները կլինիկական ու կրթական բաղադրիչով:
Զեկուցողը կետ առ կետ անդրադարձավ 2025 թվականի ապրիլին Գիտական խորհրդի որոշումների կատարողականին:
Այսպիսով, համալսարանում որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ` ISO 9001:2015 համակարգի շրջանակում, համալսարանական հիվանդանոցներում իրականացվել են կլինիկական կառավարման գործընթացների համակարգմանը և որակի կառավարման սկզբունքների կիրառմանն ուղղված մի շարք աշխատանքներ, այդ թվում հիվանդանոցների գործունեության հնարավոր ռիսկերի և կառավարման մեխանիզմների նախնական գնահատում։
Մինչև տարեվերջ նախատեսված է ISO 9001:2015 –ի շրջանակում անցնել մի շարք գործընթացներ: Համալսարանական հիվանդանոցների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2024 թվականի մայիսին: 2025թ-ին արդեն ավարտված է «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցներում բոլոր պացիենտներին էլեկտրոնային եղանակով գրանցման, ամբուլատոր քարտերի վարման, խորհրդատվությունների, ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման, այդ թվում PAX համակարգով պատկերների փոխանցման, լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը LIS համակարգի հետ ինտեգրման աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է երկարատև և շարունակական գործընթաց:
Շարունակվում է գիտակլինիկական հետազոտական աշխատանքների միասնական հարթակի կայացման գործընթացը:
Պրոռեկտորի փոխանցմամբ` 2025 թվականի ընթացքում երեք հիվանդանոցներում իրականացվել է 9 կլինիկական հետազոտություն:
Կլինիկական հետազոտությունների միասնական հարթակի ձևավորման ուղղությամբ գիտական և կլինիկական ստորաբաժանումների կողմից համատեղ իրականացվել են մի շարք քայլեր:
Փետրվարի 23-ից մարտի 2-ն անցվկացվեց SORT IT ծրագիրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո, որին մասնակցում էին նաև մասնագետներ Ղրղզստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից:
Ծրագրի արդյունքում ձևավորվել են ուսանողական խմբեր, որոնք ներգրվվել են համալսարանակամ հետազոտական նախագծերի շրջանակում պացիենտների տվյալների թվայնացման աշխատանքներում: Համալսարանական կլինիկաներում կլինիկական ռեգիստրների ներդնման նպատակով մշակվել են լոգիստիկ մի շարք փաստաթղթեր, մշակվել է կլինիկական ռեգիստրի ինկուբացիոն ծրագիր:
Մարտի 31-ին անցկացվեց կլինիկական աշխատանքների և գիտական գծով պրոռեկտորների համատեղ հանդիպումը համալսարանական հիվանդանոցային համալիրների կլինիկաների ղեկավարների, հետազոտական աշխատանքներում ընդգրկված բժիշկների հետ: Ներկայացվեցին կլինիկական հետազոտությունների հնարավորությունները ԵՊԲՀ-ում, առկա խնդիրները, ինչպես նաև կլինիկական ռեգիստրների ինկուբացիոն ծրագիրը, որի առջև նպատակ է դրվել առաջիկա վեց ամսվա ընթացքում ստեղծել մեկական ռեգիստր յուրաքանչյուր կլինիկական ստորաբաժանումում:
Համալսարանական հիվանդանոցների վերազինման աշխատանքները նույնպես շարունակվում են:
2025թ. ավարտվեց «Միքայելյան» հիվանդանոցի տարածքում միասնական լաբորատորիայի գործարկումը և լաբորատոր ծառայությունների թվայնացումն ու հավատարմագրումը: Միասնական լաբորատորիայում իրականացվում են երեք համալսարանական հիվանդանոցների բակտերոլոգիական, իմունոլոգիական և ՊՇՌ հետազոտությունները: Հաջողությամբ տրվեց լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների տնային կանչերի իրականացման գործընթացի մեկնարկը:
«Հերացի» հիվանդանոցում ձևավորվեց և հիվանդանոցի գործունեության մեջ կարևոր տեղ գրավեց ինտերվենցիոն առիթմոլոգիական ծառայությունը։
Շարունակվում են համալսարանական հիվանդանոցների կառուցվածքային, կազմակերպչական բարեփոխումներին և աշխատավարձի վարձատրման մեխանիզմներին ուղղված աշխատանքները՝ մասնավորապես ծրագրվում է ավարտին հասցնել երկու համալսարանական պոլիկլինիկաների օպտիմալացման աշխատանքները: Ընթացքի մեջ է ստոմատոլոգիական ծառայությունների բարեփոխումների ծրագիրը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը զեկուցողին ուղղեց մի շարք հարցադրումներ՝ հատկապես անդրադառնալով պացիենտների հոսքերի կազմակերպմանն ու որակի արդյունավետ կառավարմանը։
Ռեկտորն առանձնակի ընդգծեց նաև ուսանողների կարգավիճակին առնչվող հարցերը՝ կարևորելով ռոտացիոն մեխանիզմների հստակեցումը, ինչպես նաև հիվանդանոցներում տեխնոլոգիական առաջընթացի և ընդունարանից մինչև վիրահատարան լոգիստիկ բարեփոխումների անհրաժեշտությունը։
Նիստի հիմնական զեկուցողի ելույթից չվրիպեցին նաև 2026-2027 թթ. անելիքները` կլինիկաների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախանշված ծրագրերով:
Ապրիլի 10-ին «Վերադարձ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 5-րդ լսարանի վերաբացման արարողությունը, որն այժմ կրում է անվանի վիրաբույժ Գագիկ Ալֆրեդի Պիվազյանի անունը:
Գիտական խորհուրդը հավանություն տվեց Գագիկ Ալֆրեդի Պիվազյանի անվան կրթաթոշակի սահմանման հարցին, որը ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը՝ նշելով, որ հարցն առաջադրվել է ընտանիքի նախաձեռնությամբ և առաջարկով։ Վերջինս, անցնելով Նոմինացիոն կոմիտեի հավանության փուլը, ներկայացվել է Գիտական խորհրդին։
Անվանական կրթաթոշակն ապագայում կտրամադրվի վիրաբուժական դպրոցի սան հանդիսացող, վիրաբուժական գծով կլինիկական օրդինատորի, որը կունենա բարձր առաջադիմություն, կցուրցաբերի գիտական ակտիվություն:
Ռեկտորն արձագանքելով հարցին նկատեց, որ «Վերադարձ» ծրագիրը թույլ տվեց գեներացնել հնարավորություններ և արդիականացնել, վերակառուցել համալսարանական այնպիսի հարթակներ, որոնք տարիներ շարունակ բարվոք վիճակում չէին:
Գիտական խորհուրդը հաստատեց նաև «Ստոմատոլոգիական միջամտությունները ընդհանուր անզգայացման պայմաններում» մասնագիտությամբ լրացուցիչ մասնագիտացման կրթական ծրագիրը:
Նիստն ամփոփելով` Արմեն Մուրադյանը խոսքն ուղղեց դահլիճում ներկա կլինիցիստներին, մարդիկ ովքեր ամեն օր վիթխարի աշխատանք են կատարում, որը միշտ չէ, որ հնարավոր է արտահայտել թղթային, հաշվապահական ցուցանիշներով:
Նա շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին՝ նրանց ամենօրյա հոգատարության, մարդասիրության և նվիրված աշխատանքի համար։
Իր գնահատմամբ՝ բժշկական համայնքը հասարակության այն կարևոր առանցքային շերտերից է, որը ոչ միայն բուժում է, այլև բոլոր ժամանակներում իրականացնում է լուսավորչական առաքելություն:
«Առհասարակ, որպես ամենաազնվաբարո և աստվածահաճո մասնագիտության կրողներ, դուք, ըստ էության, ամեն օր սխրանքներ եք գործում՝ ծառայելով բոլոր տարիքային խմբերին՝ նորածիններից մինչև խորը ծերություն ապրող մեր քաղաքացիները։ Հիվանդանոց դիմող յուրաքանչյուր պացիենտի համար մղվում է նույն նվիրումով պայքարը՝ անկախ տարիքից»,– ընդգծեց բուհի ղեկավարը: