Բրոնխիալ ասթմա․ գլոբալ բեռ, ռիսկի գործոններ և վերահսկման ուղիներ

Բրոնխիալ ասթմա․ գլոբալ բեռ, ռիսկի գործոններ և վերահսկման ուղիներ

Ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթին համաշխարհային բժշկական օրացույցում նշվում է Ասթմայի միջազգային օրը։ 2026 թվականին այն նշվում է մայիսի 5-ին՝ «Ասթմայով յուրաքանչյուր հիվանդի համար հակաբորբոքային ինհալատորների հասանելիությունը շարունակում է մնալ հրատապ անհրաժեշտություն» կարգախոսով։ Վերջինս շեշտադրում է այն կարևոր հանգամանքը, որ աշխարհում տարեկան գրանցվող ավելի քան 450 000 ասթմայից մահվան դեպքերի զգալի մասը կանխարգելելի է՝ հիմնական դեղամիջոցների ժամանակին և համարժեք հասանելիության ապահովման պայմաններում։

Բրոնխիալ ասթման հանդիսանում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մեկը՝ ախտահարելով ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ բնակչությանը։ Այն քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որի հիմքում ընկած է շնչուղիների երկարատև բորբոքումը։ Արդյունքում դրանք դառնում են գերզգայուն և նեղանում՝ առաջացնելով շնչահեղձություն, հազ և սուլող շնչառություն։

Չնայած ժամանակակից բժշկության զգալի առաջընթացին՝ ասթման շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ խնդիր՝ սահմանափակելով միլիոնավոր մարդկանց առօրյա ակտիվությունը և առաջացնելով զգալի սոցիալ-տնտեսական բեռ։ Օրինակ՝ միայն ԱՄՆ-ում ասթմայի հետ կապված տարեկան ծախսերը (բուժում, աշխատունակության կորուստ, մահացություն) գերազանցում են 80 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Ըստ գնահատականների՝ 2023 թվականի դրությամբ աշխարհում ասթմայով հիվանդների թիվը շուրջ 363 միլիոն է, իսկ տարեկան մահացությունը հասնում է 442 000-ի։ Global Burden of Disease Study-ի տվյալների վերլուծությունը (1990–2021 թթ.) վկայում է բարդ և ոչ միանշանակ միտումների մասին։ Բնակչության ընդհանուր աճի պայմաններում հիվանդության դեպքերի բացարձակ թիվը որոշ տարածաշրջաններում կայունացել է կամ նույնիսկ նվազել․ օրինակ՝ տարածվածության դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 9,3%-ով՝ 1990 թվականի 287,30 միլիոնից հասնելով 2021 թվականին 260,48 միլիոնի։

Առավել տեղեկատվական են ըստ տարիքի ստանդարտացված ցուցանիշները։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում ասթմայի տարածվածությունը նվազել է 40%-ով, իսկ մահացությունը՝ 46%-ով։ Միևնույն ժամանակ, մահվան դեպքերի բացարձակ թիվը որոշակիորեն աճել է՝ 374,38 հազարից հասնելով 436,19 հազարի, ինչը հիմնականում պայմանավորված է բնակչության ծերացման գործընթացով։

Հիվանդության բեռի աշխարհագրական բաշխումը խիստ անհամաչափ է։ Ամենամեծ թվով հիվանդներ գրանցվում են խոշոր երկրներում՝ ԱՄՆ-ում՝ 33,33 միլիոն, Հնդկաստանում՝ 32,05 միլիոն, Չինաստանում՝ 25,02 միլիոն։ Միևնույն ժամանակ, ամենաբարձր մահացությունը դիտվում է Օվկիանիայում, Հարավային Ասիայում և Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներում, ինչը պայմանավորված է ախտորոշման և բուժման սահմանափակ հասանելիությամբ։

Մանկական ասթման առանձնահատուկ նշանակություն ունի՝ հանդիսանալով մանկական բնակչության շրջանում առավել տարածված քրոնիկ հիվանդություններից մեկը։ 2025 թվականի խոշոր հետազոտության տվյալներով, որն ընդգրկել է ավելի քան 1,5 միլիոն երեխա, մանկական ասթմայի գլոբալ տարածվածությունը կազմում է 10,2%։ Միևնույն ժամանակ առկա են արտահայտված տարածաշրջանային տարբերություններ․ Օվկիանիայում այն հասնում է 23%-ի, Լատինական Ամերիկայում՝ 14%, Հյուսիսային Ամերիկայում՝ 13%, մինչդեռ Եվրասիայում արձանագրվում են առավել ցածր ցուցանիշներ՝ շուրջ 8% (օրինակ՝ Ռուսաստանում՝ մոտ 4%)։

Հիվանդացության առավելագույն մակարդակը դիտվում է 5–9 տարեկան երեխաների շրջանում․ 2021 թվականին գրանցվել է շուրջ 21 միլիոն դեպք տղաների և 16 միլիոն՝ աղջիկների շրջանում։ Մանկական տարիքում տղաները հիվանդանում են ավելի հաճախ, մինչդեռ մեծահասակների շրջանում հակառակ միտումն է դիտվում՝ կանայք հիվանդանում են ավելի հաճախ և ունեն հիվանդության ավելի ծանր ընթացք։

Ասթմայի զարգացման հիմքում ընկած է գենետիկական նախատրամադրվածության և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությունը։

  • Գենետիկական մակարդակում առանձնացվում են, մասնավորապես, 17q21 քրոմոսոմային լոկուսը (ORMDL3 և GSDMB գեներ), ինչպես նաև ինտերլեյկինների գեներ (IL33, IL1R1)։
  • Կարևոր դեր ունեն պերինատալ գործոնները՝ վաղաժամ ծնունդը, ծննդյան ցածր քաշը, մոր կողմից հղիության ընթացքում ծխելը, կեսարյան հատումը և կրծքով կերակրման բացակայությունը։
  • Շրջակա միջավայրի ազդեցություններից առանձնացվում են ուրբանիզացիան, օդի աղտոտվածությունը, կենցաղային ալերգենների (փոշի, կենդանիների մազածածկ, բորբոս) ազդեցությունը և ծխախոտի ծուխը։
  • Կենսակերպային գործոններից ճարպակալումը բարձրացնում է ասթմայի զարգացման ռիսկը մոտ 30%-ով: Սննդակարգում արագ սննդի, մարգարինի և մսի ավելցուկ օգտագործումը նպաստում է ռիսկի աճին, իսկ մրգերի, բանջարեղենի և վիտամինների (D, C, E) օգտագործումը ցուցաբերում է պաշտպանիչ ազդեցություն։

Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակում (2014–2024 թթ.) արձանագրվում է ասթմայի հիվանդացության կայուն աճ բոլոր տարիքային խմբերում։ Մեծահասակ բնակչության (18+) շրջանում առաջնային հիվանդացությունն աճել է 30,1-ից մինչև 33,8 դեպք՝ 100 000 բնակչի հաշվով, իսկ ընդհանուր տարածվածությունը՝ 210,4-ից մինչև 214,0։ Ամենաարտահայտված փոփոխությունները դիտվում են մանկական բնակչության շրջանում։ 0–14 տարեկան երեխաների մոտ առաջնային հիվանդացությունը աճել է 1,4 անգամ՝ 29,4-ից հասնելով 40,5/ 100 000, իսկ ընդհանուր տարածվածությունը՝ 105,3-ից մինչև 165,1։ Առավել արագ աճ արձանագրվում է դեռահասների (15–17 տարեկան) շրջանում․ առաջնային հիվանդացությունը աճել է 1,7 անգամ (38,6-ից մինչև 64,6), իսկ ընդհանուր տարածվածությունը՝ 130,3-ից մինչև 224,7/ 100 000։

Ասթմայի ժամանակակից ախտորոշումը հիմնվում է կլինիկական տվյալների գնահատման և սպիրոմետրիայի արդյունքների վրա, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել շնչուղիների փոփոխական խցանումը։

Հիվանդության բուժման հիմնական նպատակը ախտանշանների վերահսկումն ու սրացումների կանխարգելումը։ Թերապիայի հիմքում ընկած են ինհալացիոն գլյուկոկորտիկոստերոիդները, որոնք նվազեցնում են բորբոքումը և մահվան ռիսկը, ինչպես նաև բրոնխալայնացնող դեղամիջոցները՝ ախտանշանների արագ թեթևացման համար։ Կարևոր նշանակություն ունի նաև հիվանդների կրթումը՝ անհատական «գործողությունների պլանի» մշակումը, գործոնների խուսափումը և ինհալատորների ճիշտ կիրառման հմտությունների ձևավորումը։

Հիվանդության վաղ ախտորոշումը, ռիսկի գործոնների նվազեցումը և ժամանակակից բուժման հասանելիությունը այն հիմնական ուղղություններն են, որոնք կարող են ապահովել, որ «ազատ շնչելը» դառնա իրականություն յուրաքանչյուր մարդու համար։