Մայիսի 11-ին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը հյուրընկալեց պրոֆեսոր Յացեկ Յավորսկուն՝ Լեհաստանի Մոլեկուլային և Բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտից, ով նաև COBRAIN կենտրոնի խորհրդատվական մարմնի անդամ է։ Նա հանդես եկավ ոգեշնչող դասախոսությամբ՝ նվիրված PhD հետազոտության իրական էությանը, գիտական հետաքրքրասիրությանը և գիտական բացահայտումների ճանապարհին։
Դասախոսության հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ PhD-ն պարզապես գիտական աստիճան ստանալու կամ արդեն հայտնի գիտելիքները ամփոփելու մասին չէ. այն նոր գիտելիքի ստեղծման գործընթաց է, որը հիմնված է ինքնուրույն հետազոտության, քննադատական մտածողության և անկեղծ գիտական հետաքրքրասիրության վրա։ Պրոֆեսորը խորհուրդ է տալիս «Հետազոտական թեմա ընտրելուց առաջ յուրաքանչյուր ապագա հետազոտող պետք է իրեն տա մեկ կարևոր հարց․ «Ինչո՞ւ է ինձ անհրաժեշտ PhD-ն»։ Պատասխանը պետք է բխի չլուծված հարցերը հասկանալու և գիտությանը արժեքավոր ներդրում ունենալու իրական ցանկությունից»։ Դասախոսության ընթացքում պրոֆ Յավորսկին հատուկ ընդգծեց հավակնոտ, սակայն հստակ և կենտրոնացված ոչ մրցակցային հետազոտական ուղղություն ընտրելու կարևորությունը։ Հաջող PhD նախագիծը պետք է լինի իրատեսական և իրագործելի՝ համապատասխան ժամանակային, ֆինանսական և ռեսուրսային հնարավորություններին, սակայն միևնույն ժամանակ բավականաչափ համարձակ՝ ոլորտում իրական առաջընթաց ապահովելու համար։
Պրոֆեսոր Յավորսկին խորհուրդ է տալիս խուսափել չափազանց ուսումնասիրված թեմաներից, որոնք սահմանափակ նորարարական ներուժ ունեն, և կենտրոնանալ գիտական բացերի ու դեռևս անպատասխան մնացած հարցերի վրա։ Դասախոսության ընթացքում նաև ընդգծվեց, որ առավել ուժեղ հետազոտական նախագծերը սկսվում են հստակ ձևակերպված գիտական խնդրից, ճշգրիտ հետազոտական հարցերից և նոր գիտական պատկերացումներ ձևավորելու ներուժ ունեցող հիպոթեզից։ Ամենահետաքրքիր գիտական բացահայտումներից շատերը ծնվում են այն ոլորտներում, որտեղ առկա գիտելիքները դեռևս ամբողջական չեն, մասնագետների միջև կան տարաձայնություններ, կամ նոր տեխնոլոգիաները ստեղծում են նախկինում անհնար թվացող հնարավորություններ։
Ամենակարևորը. երբ գիտական հետաքրքրասիրությունը, մոտիվացիան, միջավայրը և նպատակը ներդաշնակ են, ապա PhD-ն դադարում է լինել պարզապես ակադեմիական պահանջ և վերածվում է երկարատև գիտական ներդրման։