Մանկաբուժության դպրոցի նոր հաջողությունը միջազգային հարթակում. ուսանողներն ու օրդինատորները ESPID 2026-ում

Մանկաբուժության դպրոցի նոր հաջողությունը միջազգային հարթակում. ուսանողներն ու օրդինատորները ESPID 2026-ում

Մանկաբուժության դպրոցը բժշկական համալսարանի փոքր, սակայն կարևորագույն ենթակառույցներից է, որի ստեղծման հիմնական նպատակն է կանխել մանկաբույժ դառնալ ցանկացող ուսանողների թվի տարեցտարի նվազումը, հաղթահարել ոլորտում առկա կադրային պակասը և բարձրացնել մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ու գրավչությունը։

Դպրոցի համակարգման շրջանակում են նաև մանկաբուժության գծով կլինիկական օրդինատուրայի ծրագրերը, որոնք, ինչպես նախկինում, իրականացվում են Երևանի պետական բժշկական համալսարանի համապատասխան ամբիոնների, դասախոսական կազմի և կլինիկական բազաների ներուժի համադրմամբ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի համակարգմամբ բժշկական բուհում ձևավորվել է Մանկաբուժության դպրոցը, որը դարձել է երիտասարդ մասնագետների մասնագիտական աճի և գիտական զարգացման կարևոր հարթակ։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են կրթական դասընթացներ, փորձի փոխանակման հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև վերապատրաստման այցեր՝ նպաստելով ապագա մանկաբույժների գիտական և գործնական կարողությունների զարգացմանը։

Մանկաբուժության դպրոցի գործունեության հերթական նշանակալի արդյունքը գրանցվեց օրեր առաջ միջազգային գիտական հարթակում։

2026 թվականի հունիսի 1-5-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական ընկերության (ESPID – European Society for Paediatric Infectious Diseases) 44-րդ ամենամյա գիտաժողովը ոլորտի ամենահեղինակավոր միջազգային գիտական միջոցառումներից է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների մասնագետների, հետազոտողների և կլինիցիստների՝ գիտական նորագույն ձեռքբերումները ներկայացնելու, փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցությունը խորացնելու նպատակով։

Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողներ Էլինա Բաշրաթյանը, Էլինա Ղուկասյանը, Մարիամ Բարաղամյանը, Սերգեյ Թեյմուրազյանը, Աննա Պապյանը և Միլենա Զադոյանը, Մանկաբուժության դպրոցի շրջանակում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժիշկներ Սուրեն Բրուտյանի և Վիոլետա Մանուկյանի, ինչպես նաև դպրոցի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանի գիտական ղեկավարությամբ, ESPID 2026 միջազգային գիտաժողովում ներկայացրել են իրենց գիտահետազոտական աշխատանքները՝ արժանանալով միջազգային մասնագիտական հանրության հետաքրքրությանն ու բարձր գնահատականին։

Բացի ուսանողներից, միջոցառմանը մասնակցել են նաև 7 կլինիկական օրդինատորներ՝ Մանկաբուժության 1-ին կուրսի օրդինատորներ Անի Համբարձումյանը, Սոնա Մելիքբեկյանը, Միլենա Նաղաշյանը, Սոսե Առուշանյանը, Վարդ Կալանդարյանը, Ասյա Օրջացյանը և Դիանա Երանոսյանը։

Հեղինակավոր այս գիտաժողովին մասնակցությունը բացառիկ հնարավորություն էր երիտասարդ հետազոտողների համար՝ ներկայացնելու սեփական գիտական արդյունքները, ծանոթանալու մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտի նորագույն միտումներին և ձեռքբերումներին, ինչպես նաև ընդլայնելու միջազգային գիտական ու մասնագիտական համագործակցության շրջանակները։

Այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է Երևանի պետական բժշկական համալսարանում գիտահետազոտական մշակույթի զարգացման, երիտասարդ գիտնականների խրախուսման և ապագա բժիշկների միջազգային գիտական կյանքում ակտիվ ներգրավվածության մասին։ Նման ձեռքբերումները ոչ միայն նպաստում են սովորողների մասնագիտական կայացմանը, այլև ամրապնդում են համալսարանի գիտական հեղինակությունն ու ճանաչելիությունը միջազգային ակադեմիական հանրության շրջանում։