Տնտեսագիտությունից հանրային առողջություն. ԵՊԲՀ շրջանավարտն ուսումնասիրել է  ոչ վարակիչ հիվանդությունների, դրանց ռիսկի գործոնների վերաբերյալ դեռահասների իրազեկվածության մակարդակը

Տնտեսագիտությունից հանրային առողջություն. ԵՊԲՀ շրջանավարտն ուսումնասիրել է  ոչ վարակիչ հիվանդությունների, դրանց ռիսկի գործոնների վերաբերյալ դեռահասների իրազեկվածության մակարդակը

Էլինա Կարապետյանը 2010 թվականից աշխատում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է:

«Կարծելով, որ տնտեսագիտություն մասնագիտության և իմ՝ համալսարանում աշխատելու լավագույն համադրությունը հանրային առողջության ֆակուլտետում ուսումնառությունը կլիներ, առաջին անգամ 2017թ. բարձրաձայնեցի այդ ցանկության մասին: Սակայն, տարբեր պատճառներով, չէր ստացվում սկսել կրթական գործընթացը:  2024թ., երբ արդեն ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանի օգնականն էի, ղեկավարիս թույլտվությամբ, սեպտեմբերին ընդունվեցի ԵՊԲՀ  հանրային առողջության ֆակուլտետի «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի «Հանրային առողջության և առողջապահություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրս: Միակ նախապայմանը, որ դրվեց իմ առջև. դասերից չբացակայել ու լավ սովորել: Այդ պահից սկսած չունեի այլ տարբերակ, քան դառնալ կուրսի առաջատարը, որովհետև պատասխանատու էի մի մարդու առաջ, ով ինքնին աշխատանքի նկատմամբ նվիրվածության ու ազնվության կերպար է: Ծրագրի տևողությունը 1,5 տարի էր: Ասել, որ այն ինձ շատ բան է տվել, նշանակում է՝ ոչինչ չասել: Կուրսընկերներիս մեջ կային մարդիկ, ում այսօր պատիվ ունեմ կոչել ընկեր, ովքեր այդ թվում բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ են»,-նշում է հանրային առողջության մասնագետը:

Նա ընդգծում է, որ կրթությունը, ի թիվս այլ առավելությունների, իրեն տվել է կարևոր հմտություն՝ հետազոտական աշխատանք կատարելու ունակություն: «Ի դեպ, մագիստրոսական ավարտական թեզիս թեման նույնպես պատահական չէր ընտրված: Ինձ, որպես հայ մայրիկի, շատ էր հետաքրքրում դեռահասների առողջության վրա նստակյաց կենսակերպի անվերահսկելի աճի ազդեցության վտանգները: Երբ թեզիս ղեկավարի՝ Հանրային առողջության կազմակերպման ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գաննա Սականյանի հետ որոշում էինք թեման, կանգ առանք ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց կենսակերպային ռիսկի գործոնների վերաբերյալ դեռահասների իրազեկվածության մակարդակի վրա, մասնավորապես թեզիս վերնագիրն էր «Երևան քաղաքի՝ 15-17 տարեկան դեռահասների իրազեկվածությունը ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց կենսակերպային ռիսկի գործոնների վերաբերյալ»»։

Աշխատանքը ստացվեց շատ հետաքրքիր, ինչի համար անչափ շնորհակալ ե ղեկավարիս: Հետագայում, ի թիվս 23 աշխատաքի, իմ հետազոտության համառոտագիրը ներկայացվեց «Ոչ վարակիչ հիվանդությունների, դրանց ռիսկի գործոններին նվիրված 4-րդ միջազգային կոնֆերանս»-ի ընտրափուլում: Մեկ ամիս անց ստացա դրական արձագանք. Հայաստանից ընտրված 5 աշխատանքներից մեկն իմ հետազոտությունն էր, որն էլ հնարավորություն ունեցա ներկայացնել հունիսի 3-ից 5-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Կոնֆերանսի ժամանակ: Այս պահին աշխատանքս շարունակում եմ որպես պրոռեկտորի օգնական, դասավանդում եմ «Տնտեսագիտության հիմունքներ» ԵՊԲՀ քոլեջում, և մոտակա ժամանակահատվածում որևէ մասնագիտական փոփոխություն չեմ նախատեսում: Սակայն հետագայում չեմ բացառում նաև տարբեր ծրագրերում և հետազոտական աշխատանքներում ընդգրկվածությունը՝ որպես ԵՊԲՀ աշխատակից և հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ»,-նշում է Էլինա Կարապետյանը: Նա, դեռևս ուսումնառության շրջանում մասնակցել է մի քանի հետազոտության:

Դրանցից կարևոր է համարում նշել «Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ընդգրկուն հասարակական արժեքի գնահատում» ծրագրով «Մուրացան» համալսարանական կլինիկայում 2025 թվականի օգոստոսին իրականացված Ֆոկուս խմբի համակարգողի աշխատանքը:

«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր կայացրեն են այս ծրագիրը՝ ի դեմս դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի: Չէի պատկերացնում, որ կրթությունը կարող է լինել այդքան համապարփակ ու որակյալ՝ ընդգրկելով հանրային առողջապահական տարբեր ասպեկտներ ու մասնագետներ նաև հարակից ոլորտներից: Լիահույս եմ՝ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագիրը նույնպես շուտով կստանա միջազգային հավատարմագրում, այնպես, ինչպես «Բուժական գործ» կրթական ծրագիրը՝ իր ուրույն տեղը հաստատելով ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կրթաշուկայում»,-շեշտում է Էլինան:

Ակտիվ աշխատանքային գործունեությանը զուգահեռ նա երեք երեխաների հոգատար մայր է, կենսուրախ ու ակտիվ անձնավորություն, ով սիրում է երաժշտություն, պար և ունի բազմազան հետաքրքրություններ ու նախասիրություններ։