Այս տարվա գարնանը Երևանի պետական բժշկական համալսարանը միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագիր է կնքել ֆրանսիական առաջատար բժշկական կառույցների՝ Assistance Publique – Hôpitaux de Paris (AP-HP) և Université Paris-Saclay-ի հետ։
Համաձայնագրի շրջանակում փոխանակումներով, փորձի փոխադարձ փոխանցմամբ և մասնագիտական զարգացման հնարավորություններով հագեցած շաբաթ անցկացվեց։ Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի երկու բաժանմունքների ղեկավարներ՝ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ նույնանուն ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան և Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկա ղեկավար, ԵՊԲՀ Մանկական անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կուրսի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, աշխատանքային այցով գտնվել են Փարիզի համալսարանական Բիսետրի և Անտուան-Բեկլեր հիվանդանոցներում։
Ֆրանսիացի գործընկերների հետ միասին նրանք ունեցել են հագեցած և արդյունավետ շաբաթ՝ մասնակցելով բարձր մակարդակի գիտական ու կլինիկական քննարկումների, փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության ծրագրերի։
Այցի ընթացքում համալսարանականները նաև մասնակցել են Ֆրանսիայի մանկաբույժների ասոցիացիայի համագումարին՝ ավելի ամրապնդելով ֆրանսիական և հայկական բժշկական թիմերի միջև համագործակցային կապերը։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնում AP-HP հիվանդանոցային խմբի ղեկավարությանը, ինչպես նաև բոլոր այն մասնագետներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հաջողված համագործակցային նախաձեռնության իրականացման գործում, որը խոստումնալից հեռանկարներ է բացում հետագա գործընկերության համար։
Այս կրթական նախաձեռնությունը լավագույնս արտացոլում է հայ-ֆրանսիական գործակցության կենսունակությունն առողջապահության, բժշկական կրթության և գիտահետազոտական ոլորտներում՝ ի շահ պացիենտների և առողջապահության ապագա մասնագետների։