Գիտաժողով նվիրված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի հիշատակին

Գիտաժողով նվիրված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի հիշատակին

Կապույտ դահլիճում  շարունակվեցին ԵՊԲՀ «Հորիզոն 2020» ՔՈԲՐԵՅՆ ծրագրի ամփոփիչ միջոցառումները, որոնց շրջանակում այսօր անցկացվում է ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովը:

«Բժշկական համալսարանի համար ավանդույթները կարևոր են,  բուհը չի մոռանում իր մեծերին»,- նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ»  կենտրոնի գլխավոր գիտաշխատող  Կոնստանտին Ենկոյանը:

Գիտաժողովի շրջանակում կարևորվեցին և ունկնդիրներին ներկայացվեցին ակադեմիկոս Բունիաթյանի դասախոսությունները` նյարդային համակարգի կեսնաքիմիայի վերաբերյալ:

Հայաստանում կենսաքիմիայի և նեյրոքիմիայի հիմնադրի անցած գիտական ուղին ներկայացրեց նրա դուստրը` Գայանե Բունիաթյանը, ով ավելի քան 30 տարի աշխատում է Տյուբինգենի Համալսարանի բջջային/մոլեկուլային ֆարմակոլոգիայի լաբորատորիայում (Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն):

Գայանե Բունիաթյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, գիտական թիմին այս գիտաժողովը կյանքի կոչելու համար:

«Խորհրդանշական է, որ կենսաքիմիայի հիմնադրին նվիրված միջոցառումն անցկացվում է մեր երկրում հիմնադրված նեյրոգիտական կենտրոնի կողմից»,- նշեց նա:

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանը  (1907- 1981)  դպրոցական կրթությունը սկսել է Նոր Բայազեթի տեղի դպրոցում:

Այս գյուղական դպրոցում 9 տարի սովորելուց հետո նա հաջողությամբ հանձնել է քննությունները և ընդունվել Երևանի Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, որն ավարտել է մեկ տարի անց և ընդունվել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) բժշկական ֆակուլտետ։ ԵՊՀ-ն ավարտելուց հետո շուրջ 36 տարի աշխատել է  բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի բաժնում: Բունիաթյանն իր ձեռագիր ինքնակենսագրականում մեծ երախտագիտությամբ հիշատակում է պրոֆեսոր Ա.Գ Իոաննիսյանի և պրոֆեսոր Ն.Պ Ղամբարյանի մասին, որոնցից փայլուն կրթություն է ստացել քիմիայի բնագավառում:

Հրաչյա Բունիաթյանը 33 տարեկանում ներկայացրել է իր աշխատանքը Մոսկվայի բարձրագույն կրթական կոմիտեում` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: Նրա թեկնածուական թեզիսը բարձր է գնահատվել ռուս հայտնի կենսաքիմիկոս, ՍՍՀՄ պետական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Խորհրդային Միությունում բիոքիմիայի հիմնադիր վաստակավոր, գիտնական Ալեքսեյ Բախի կողմից, և Բարձր ատեստավորման հանձնաժողովի կողմից արժանացել է թեկնածուի կոչման: 

1939-1941թթ. Բունիաթյանը Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտորն էր,  1940թ. Բունիաթյանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1942-1946 թվականներին Բունիաթյանը դարձել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։  

1943 թվականին ակադեմիկոս Բունիաթյանը մի քանի ականավոր հայ գիտնականների հետ, ինչպիսիք են Վ.Ա. Համբարձումյանը, Լ.Ա Օրբելին. Ի.Ա. Օրբելին, է.Ա. Հասրաթյանը, Ն.Մ. Սիսակյանը, Խ. Աճառյանը և այլոք, հիմնադրել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան։

Գիտության տարբեր բնագավառներում ունեցած իր խորը գիտելիքների, կազմակերպչական տաղանդի և կյանքի նկատմամբ ունեցած լայն հետաքրքրության շնորհիվ Բունիաթյանը միշտ առաջատար դիրքերում էր` Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Երևանի պետական բժշկական ինստիտուտի պրոռեկտոր և Հայաստանի կենսաքիմիական և ֆիզիոլոգիական ընկերությունների նախագահ:

1961թ. Բունիաթյանը հիմնադրել է կենսաքիմիայի ինստիտուտը: Նրա ղեկավարած գիտնականների սկզբնական փոքր խումբը ֆիզիոլոգիայի ինստիտուտում մեծ թափով վերածվեց նեյրոքիմիայի համաշխարհային ճանաչում ունեցող կենտրոնի: 1981 թվականին Բունիաթյանը հիմնել է համամիութենական և միջազգային ամսագիրը` «Neurochimia»։

Բունիաթյանը մեծացրել է կենսաքիմիայի երեք սերունդ և հիմնել հայ կենսաքիմիկոսների ու նյարդաքիմիկոսների խոշոր համայնք: Հ. Բունիաթյանի գլխավորությամբ պաշտպանվել է 58 թեկնածուական և 17 դոկտորական թեզ:

Բունիաթյանը գիտական աշխատությունների և նախագծերի շուրջ խորհրդատու է եղել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում:

Բունիաթյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են կենսաքիմիային, հատկապես նյարդաքիմիական խնդիրներին վերաբերող միջազգային կոնֆերանսներ:

Բունիաթյանը եղել է «Ուղեղի կենսաքիմիայի հարցեր» և 14 հատորից բաղկացած «Ուղեղի կենսաքիմիայի խնդիրները» գիտական ժողովածուների գլխավոր խմբագիրը, որը հրատարակվել է Կենսաքիմիայի ինստիտուտի կողմից: Ի դեպ, ամեն տարի խմբագրված «Ուղեղի կենսաքիմիայի խնդիրները» ժողովածուն միջազգային օրագիր էր, որտեղ տպագրվում էին հայ գիտնականների, ինչպես նաև համամիութենական գիտնականների և համաշխարհային ճանաչում ունեցող նյարդաքիմիական լաբորատորիաների ու ինստիտուտների աշխատությունները:

1947–1955թթ. Բունիաթյանը եղել է Հայաստանի ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղագործների առաջատար ընկերությունների նախագահ, 1960թ.` Հայաստանի կենսաքիմիկոսների միության նախագահ, 1971` Գերմանիայի բնագետների ակադեմիայի անդամ (Լեոպոլդինա), 1975-ին ընտրվել է Նյարդաքիմիկոսների միջազգային միության հրատարակչությունների խմբագրական խորհրդի անդամ:

Բունիաթյանը եղել է մի քանի գիտական ընկերությունների անդամ, ինչպիսիք են` Կենսաքիմիայի միջազգային միություն, Ուղեղի հետազոտությունների միջազգային կազմակերպություն, կենսաքիմիկոսների համամիութենական ընկերություն, Միջազգային նյարդաքիմիական ընկերության խորհուրդ, «Neurochimia» հանդես, որը հրատարակվել է Անգլիայում: Եղել է «Կենսաքիմիայ»-ի, «Բժշկական քիմիայի հարցեր»-ի և «Հայաստանի Կենսաբանական ամսագիր»-ի խմբագրական խորհուրդների անդամ: Բունիաթյանը եղել է աշխարհահռչակ նեյրոքիմիկոս Աբել Լայթայի ստեղծած «Նյարդաքիմիա» ձեռնարկի խմբագրական խորհրդի անդամ: Բունիաթյանն այս ժողովածուում հրատարակել է մի քանի գլուխ, որտեղ ներառվել են հայ նյարդաքիմիկոսների ձեռքբերումները:

Բունիաթյանի մեծ հեղինակությունը ԽՍՀՄ-ում ապացուցվեց նրանով, որ Խորհրդային կառավարությունը Բունիաթյանին նշանակեց ԽՍՀՄ գիտնականների մեծ պատվիրակության ղեկավար` չնայած այս պատվիրակության մեջ շատ հայտնի ռուս գիտնականների մասնակցությանը:  Ակադեմիկոս Բունիաթյանը սերտ կապեր է հաստատել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայկական սփյուռքի հետ։ Նրանք օգնեցին նրան համալրել իր ինստիտուտը ամենաժամանակակից սարքավորումներով և շատ մեծ հյուրընկալություն ցուցաբերեցին, երբ Բունիաթյանն այցելեց իրենց երկրներ։ Հետևելով, թե հայկական սփյուռքն ինչ խանդավառությամբ է ընդունում Բունիաթյանին` Լենինգրադից ծագումով ռուս պատվիրակներից մեկը՝ պրոֆեսոր Դյոմինը, կատակով ներկայացավ որպես Դյոմինյան։

1981 թվականին Բունիաթյանը հիմնադրել է Համամիութենական և միջազգային “Neurochimia” ամսագիրը, իսկ նույն թվականի մարտի 19-ին նա հեռացավ կյանքից: 

1982 թվականին Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտն անվանակոչվեց նրա անվամբ՝  Հ.Խ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ: 

2022 թվականը հոբելյանական էր անվանի գիտնականի համար. նրա 115-ամյակն էր:

Այսօրվա գիտաժողովին զեկուցողներից էր նաև ակադեմիկոսի թոռնուհին` Տյուբինգենի Համալսարանի բջջային/մոլեկուլային ֆարմակոլոգիայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր (Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն) Լուսինե Դանիելյանը:

«Բուհի հետ իմ կապը երկար տարիների պատմություն ունի, քանի որ ես սովորել եմ բժշկական համալսարանում, բայց ուսումնառության վերջին տարում տեղափոխվել եմ Գերմանիա` պահպանելով կապը տեղի մասնագետների, տարբեր ամբիոնների հետ»,- ասաց  նա` համառոտ ներկայացնելով նաև իր կապը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի հետ.

«Իմ երկարամյա կապը պահպանելով` սկսեցի համագործակցել նաև պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ և առաջարկեցի բուհի` TWINNING-ի դիմելու գաղափարը, և նա սատարեց այն: Ի ուրախություն մեզ, գաղափարը հաջողեց»:

Ակադեմիկոս Բունիաթյանը  շատ մեծ ազդեցություն է ունեցել դստեր և թոռնուհու` որպես գիտնական, կայացման գործում:

«Պապիկս ինձ համար առաջին հերթին պապիկ էր: Իհարկե շատ փոքր էի այդ ժամանակ, որպեսզի հասկանայի կենսաքիմիայում իր նվաճումները, բայց տարիներ անց, երբ տեղափոխվեցի Գերմանիա և ավարտեցի բժշկական համալսարանը, սկսեցի համագործակցել աշխարհի տարբեր գիտնականների հետ:  Ամերիկացի գործընկերներ ձեռք բերեցի և ծոնթացա նաև Յուջին Ռոբերթսի հետ, որը  գամմա-ամինակարագաթթվի ֆունկցիայի բացահայտողներից է: Երբ նա ինձ ասաց, որ իմ պապիկը  գիտության մեջ ստրատեգիկ, վերլուծական իր մտածողությամբ շատ հոգեհարազատ է իրեն, ես շատ տպավորված էի»,- մանրամասնեց Լուսինե Դանիելյանը:

Հաջորդիվ` մայիսի 17-ին, շարունակվող միջոցառումը` քննարկումների տեսքով, նեյրոգիտությամբ հետաքրքրվողների, հետազոտողների համար հագեցած օրակարգ ուներ:

Թեմաները վերաբերում էին բջիջների վրա հիմնված կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների խանգարումների դեպքում թերապիաներին,  ժառանգականության փոխանցմանը,  ուղեղի թվային շարժունակության գնահատմանը նյարդաբանական հիվանդություններում, ուղեղի գնահատման համակարգին և դրա դերին գիտության պաթոգենեզում, ինչպես նաև ALPHA2-ադենոբլոկատորների օքսիդատիվ սթրեսի զարգացման կարգավորմանը և քրոնիկ ակուստիկ սթրեսի պայմաններում առնետների ճանաչողական վարքին: