Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Քեն Ոոքեր միջազգային համալսարանի կոնսորցիումի (Ken Walker International University Consortium – KWIU) միջև հունիսի 29-ին ստորագրվեց շրջանակային ռազմավարական համաձայնագիր (Strategic Framework Agreement):
Նպատակն է ԵՊԲՀ-ում ձևավորել ամերիկյան բժշկական կրթական մոդելի վրա հիմնված նոր կրթական ծրագիր՝ American Medical Education Program։
Վրաստանի Քեն Ոքեր միջազգային համալսարանի կոնսորցիումի և ԱՄՆ Էմորի համալսարանի հետ համագործակցության հիմնական խնդիրն է բժշկական բուհում ներդնել ամերիկյան բժշկական կրթության լավագույն փորձը, բարձրացնել համալսարանի միջազգային մրցունակությունը, ներգրավել օտարերկրյա ուսանողների նոր հոսքեր, զարգացնել դասախոսական կազմի կարողությունները և ստեղծել USMLE-ին ուղղված մրցունակ կրթական միջավայր։
Ողջունելով վրացի և ամերիկացի գործընկերներին` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց.
«Մեզ համար սպասված օր է, համոզված եմ, որ մեր համագործակցությունը, որը վաղուց է սկսվել և այսօր ուրվագծվելու է շրջանակային պայմանագրի ստորագրությամբ, մեծ հեռանկար ունի: Մեզ համար շատ կարևոր հանդիպումից հետո մենք կունենանք բազմաթիվ հարցեր` քննարկելու նաև ընկերական միջավայրում: Կցանկանայի տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ ծրագիր է մշակել մեր երկրի չորս բուհի համար` QS (World University Ranking 2026) համապատասխան սանդղակով վարկանիշավորվելու նպատակով: Մենք ունենք մոտավորապես երկու տարի, որպեսզի կարողանանք մեզ հստակ տեսնել այդ վարկանիշավորման պրոցեսի մեջ: Այդ առումով նման բարձր վարկանիշավորում անցած համալսարանների հետ այսօր հանդիպումը մեզ համար կարևոր և ընդունելի է»:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձևավորել ինտեգրված բժշկական կրթական ծրագիր, որը հիմնված կլինի ամերիկյան բժշկական կրթության ժամանակակից սկզբունքների վրա՝ կիրառելով նորարարական ուսումնական ծրագրեր, դասավանդման և գնահատման մեթոդաբանություն, թվային կրթական համակարգեր և միջազգային որակի ապահովման մեխանիզմներ։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Արչիլ Ունդիլաշվիլին խոսքը սկսեց` շնորհավորելով պրոֆեսոր Մուրադյանին ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու առթիվ: «Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Երևանի պետական բժշկական համալսարանը կարող է դիրքավորել իրեն միջազգային վարկանիշավորման համակարգում, ինչը բուհի հիմնական նպատակներից է: Ավելին` համալսարանը կարող է պահպանել և զարգացնել առաջատար դիրքերը` որպես կրթության, գիտական աշխատանքների և բժշկության առաջատար կենտրոն ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Մեզ համար մեծ պատիվ է ստորագրել համաձայնագիր Ձեզ հետ` հիմք դնելով բավականին ընդլայնված համագործակցության և գործընկերության», – ընդգծեց վրացի մասնագետը:
Էմորի համալսարանի բժշկական դպրոցի (Emory University School of Medicine) հեմատոլոգիայի և բժշկական ուռուցքաբանության պրոֆեսոր, Winship Cancer Institute-ի առաջատար բժիշկ-ուռուցքաբան, հեմատոլոգիական չարորակ հիվանդությունների և կլինիկական հետազոտությունների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Մերի Ջո Լեչովիչը, որը երկար տարիներ զբաղվել է նաև բժշկական կրթությամբ, ռեզիդենտների և երիտասարդ դասախոսների պատրաստմամբ, ինչպես նաև միջազգային կրթական համագործակցության ծրագրերով, և Էմորի համալսարանի բժշկական դպրոցի մանրէաբանության և իմունաբանության պրոֆեսոր Գորդոն Չըրչվորդը, որը երկար տարիներ զբաղվել է բժշկական կրթության կազմակերպմամբ և ուսումնական ծրագրերի զարգացման հարցերով, ևս ջերմորեն շնորհավորեցին ռեկտորին վերընտրվելու առիթով. «Մեզ համար մեծ պատիվ է աշխատել Ձեզ հետ այս համատեքստում` արդեն որպես վերընտրված ռեկտոր»:
«Իրականում, երբ քննարկում էինք, որ առաջին աշխատանքային օրը, շաբաթը մեզ մոտ կմեկնարկի այս միջոցառմամբ, բոլորս շատ ոգևորված էինք: Հավատացե’ք, որ մենք այս գործակցությանը վերաբերվում ենք շատ ավելի մեծ սպասումներով, քան ուղղակի շրջանակային պայմանագիրը: Եվ ոչ միայն մենք, այլև բազմաթիվ ուսանողներ, որոնք գիտեն, որ կարող են ստանալ ամերիկյան ոճի կրթական ծրագրի ամբողջականությունը Հայաստանում», – եզրափակելով հանդիպման առաջին հատվածն` ասաց բժշկական բուհի ղեկավարը:
Ստորագրման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո պրոֆեսոր Մուրադյանն արտերկրի գործընկերոջը` պրոֆեսոր Չըրչվորդին, նվիրեց ««Ոսկե հատման» սկզբունքը արվեստում, կենսաբանության և բժշկության մեջ» իր համահեղինակությամբ գրված գրքի անգլերեն օրինակը, որի շնորհանդեսը կկայանա շուտով:
Նշենք, որ ԱՄՆ Էմորի համալսարանը համարվում է աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններից մեկը, հատկապես` բժշկության, հանրային առողջապահության, կենսաբժշկական գիտությունների և բուժքույրության ոլորտներում։