Հունիսի 24-27-ը Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղի ունեցավ մանկական գաստրոէնտերոլոգիայի 2026 թվականի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումը՝ մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման եվրոպական կազմակերպության ESPGHAN (European Society for Paediatric Gastroenterology, Hepatology and Nutrition) 58-րդ տարեկան համագումարը, որտեղ ԵՊԲՀ-ն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ներկայացրեց Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, մանկական գաստրոէնտերոլոգ Օլգա Ասատրյանը:
ESPGHAN-ի տարեկան համագումարը համարվում է մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման ոլորտի ամենահեղինակավոր միջազգային գիտական միջոցառումներից մեկը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին, գիտնականներին և հետազոտողներին:
Միջոցառման գիտական ծրագրի շրջանակում ներկայացվել է գիտական աշխատանք, որը նվիրված է կիստոզ ֆիբրոզի գաստրոէնտերոլոգիական դրսևորումներին երեխաների շրջանում:
Հետազոտությունն արտացոլում է հիվանդության գաստրոէնտերոլոգիական ախտանշանների կլինիկական բազմազանությունը՝ ընդգծելով դրանց վաղ ճանաչման և պացիենտների վարման բազմամասնագիտական մոտեցման կարևորությունը:
Նշենք, որ պացիենտը, ում օրինակով ներկայացվեց հոդվածը, տարիներ շարունակ հսկվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործող Մուկովիսցիդոզի կենտրոնի բժիշկ Սաթենիկ Հարությունյանի կողմից, ով վերոնշյալ գիտական աշխատանքի համահեղինակն է:
Գիտական աշխատանքը հրապարակվել է Journal of Pediatric Gastroenterology and Nutrition(JPGN) ամսագրի պաշտոնական հավելվածում, ինչը վկայում է դրա համապատասխանությունը միջազգային բարձր գիտական չափանիշներին: