«Բուժհաստատությունների կառավարում». պահանջված կրթական ծրագրի 9-րդ սերունդը

«Բուժհաստատությունների կառավարում». պահանջված կրթական ծրագրի 9-րդ սերունդը

Մայր ու դուստր նույն ուսանողական նստարանին, ինչպես նաև չորս երեխաների մայր, համալսարանական, այլ հիվանդանոցների, ամբիոնական ղեկավար պաշտոններ ունեցող անձինք որպես ուսանող. խոսքը ԵՊԲՀ ամենապահանջված` Հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management)  մագիստրոսական ծրագրի մասին է, որի 9-րդ սերնդի 34 տարբեր մասնագիտություն, զբաղվածություն և տարիք ունեցող  շրջանավարտ ավարտեց ուսումնառությունը։ Հանդիսավոր միջոցառումը, հրավիրված դասախոսների ներկայությամբ, ավանդույթի համաձայն անցկացվեց «Զինվորի տան» գրադարանում:

Տարեցտարի աճում է հետաքրքրությունն այս կրթական ծրագրի նկատմամբ, ավելանում է դիմորդների թիվը, իսկ ընդունելության մրցույթը դառնում է ավելի բարձր։  Սա վկայում է դրա պահանջվածության և առողջապահական համակարգի համար դրա կարևորության մասին։   Այս աճը նաև ցույց է տալիս, որ առողջապահության ոլորտի մասնագետներն ավելի հստակ են գիտակցում՝ կառավարումն ինքնուրույն մասնագիտություն է, իսկ բուժհաստատության հաջողված ղեկավարումը պահանջում է ոչ միայն փորձ, այլև մասնագիտական, արդի, ապացույցների վրա հիմնված գիտելիք։

Նախաձեռնողները  համոզված են, որ այս համատեղ հաջողությունը պայմանավորված է դրա կիրառական ուղղվածությամբ, ժամանակակից բովանդակությամբ, փորձառու դասախոսական կազմով, ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ և ուսուցման ու իրական առողջապահական խնդիրների միջև սերտ կապով։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դիմելով ներկաներին նշեց, որ 9 տարի հետո այս ծրագրի շարունակությունը հաստատում է այն ցուցանիշները, որ դիմելությունը գերազանցում է սպասելիքները:

«Սիրելի շրջանավարտներ, ես ձեզ սրտանց շնորհավորում եմ: Ինը տարի է, ինչ գործում է ծրագիրը, և տարեցտարի ավելի է ամրապնդվում  վստահությունը, որ այն անհրաժեշտություն էր, որը կանխատեսելի էր:  Առկա է ձևավորված բարձրորակ ղեկավարների պահանջարկ: Առողջապահական համակարգը, օրեցօր փոխվելով, հաստատուն քայլերով գնում է առաջ, և այս կրթությունը երկրում այսօր ավելի քան կարևոր է»,- ընդգծեց ռեկտորը` տեղեկացնելով բոլորին հաջորդ տարի հուլիսի 8-10-ը ԵՊԲՀ հյուրընկալ հարկի ներքո կայանալիք Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (Armenian Medical World Congress 2027) մասին, որը նվիրվելու է բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին: Նա վստահություն հայտնեց, որ համագումարի աշխատանքներում գործուն մասնակցություն կունենան նաև շրջանավարտները: Համագումարը ռեկտորի գնահատմամբ` ոլորտին վերաբերող հարցերի ու մարտահրավերների պատասխաններ է տալու:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ ավարտողներից յուրաքանչյուրն առաջիկայում ոչ միայն բուժհաստատության կամ  ծրագրի ղեկավար, այլ միջազգային ֆորումներում որպես համակարգող է հանդես գալու:

«Շնորհավորելով յուրաքանչյուրիդ, ուզում եմ մաղթել, որ կյանքի բոլոր շրջափուլերում հպարտորեն կրեք հերացիական մեծ ընտանիքի անդամ լինելու պատասխանատվությունն ու բարձր պատիվը: Մեծ հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ և ամենայն բարիք»,- ասաց նա:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը փաստեց.

«Նոր բնագավառում ձեզ նորովի բացահայտեցիք, ստացաք այն ժամանակակից գիտելիքը, որը մենք ձեզ տրամադրել ենք այն նպատակով, որպեսզի բարելավենք հետագայում մեր բնակչության առողջությունը»:

«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը խոսքը սկսեց  շնորհակալություններով:

«Երբ տասը տարի առաջ հանդիպեցինք պարոն Մուրադյանի հետ,  կարողացանք տեսնել տեսլականն ունեցող այն պատասխանատուին, որը բացի վիրաբուժական գործունեությունից, հասկացավ այս ծրագրի կարևորությունը: Ինչպես հիշում եք, նույն ծրագիրը 25 տարի առաջ մենք սկսել ենք Փարիզի թիվ 1 Պանթեոն-Սորբոն (Université Paris 1 Panthéon-Sorbonne)  համալսարանում և այս նույն ծրագիրը տեսնում ենք այստեղ` արդեն 9-րդ սերնդի միջոցով»,- շեշտեց Սեմերջյանը, ում երկրորդ շնորհակալությունը Մարինե Հովհաննիսյանին էր ուղղված:

«Այս տարի ևս արդեն սկսված են գրանցումները: Տիկին Հովհաննիսյան շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն ամենօրյա աշխատանքի, այլև այն գաղափարի համար, որը նա արտահայտեց, ասելով, որ մեկ տարվա ծրագիրը մի փոքր ծանր է ոմանց համար և եկեք միասին մտածենք 11 շաբաթ տևողությամբ կարճաժամկետ տարբերակը: Այստեղ էլ ունենք հաջողություններ, արդեն 14-րդ սերունդն է ավարտել»,- վկայեց  ծրագրի համանախաձեռնողը:

Անի Սարդարյանը բժիշկ-ստոմատոլոգ է, ում գնահատմամբ` սովորելու ընթացը շատ հետաքրքիր է:

«Բացի նրանից,  որ նոր ընկերներ, նաև լավ և հարուստ վարչարարական կառավարման գիտելիք ենք ձեռք բերում, որոնք արդեն իսկ կիրառելի են աշխատանքում և  կյանքում»,- ասաց նա:

Ինչպես Անին, այնպես էլ Լուսինե Դանիելյանը կարմիր դիպլոմով ավարտեցին:  Լուսինեն  աշխատում է  ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնում որպես տնօրենի տեղակալ:

«Ընդունվելու  որոշումս միանգամից է  ստացվել և, ճիշտն ասած, ակնկալիքներս ոչ  այդքան սկզբում, այլև հաջորդիվ էին հստակեցվել: Չէի մտածում, որ այսքան գիտելիք կստանամ: Իհարկե, սովորելը շատ ռեսուրս է տանում, ժամանակ, հատկապես, երբ ընտանիք ունես, ժամանակի առումով ռեսուրսը, որը ծախսվում է, արդարացված է»,- նկատում է ավարտողը:

Նշենք, որ շրջանավարտները կարճ ժամանակահատվածում մասնագիտական և կարիերային հաջողություններ են գրանցում։

Մագիստրոսական թեզերի շրջանակում մշակված գաղափարները հաճախ կյանքի են կոչվում՝ դառնալով հաջողված նախաձեռնություններ։

Սա ծրագրի արդիականության և շրջանավարտների ստացած գիտելիքի գործնական արժեքի լավագույն վկայությունն է։

Խմբային լուսանկարով եզրափակվեց բուժհաստատությունների կառավարիչների 9-րդ սերնդի դիպլոմների հանձնման արարողությունը: