Ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու առաջիկա անելիքներին հանգամանալից անդրադարձով մեկնարկեց ԵՊԲՀ ռեկտորատի 2026-2027 ուսումնական տարվա առաջին նիստը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն արդյունավետ մեկնարկ մաղթելով բոլորին` շեշտեց, որ տարբեր ուղղություններով օգոստոսից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն առավել լայն ընդգրկմամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին համալսարանի գործունեության հիմնական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր՝ կրթական գործընթացի կազմակերպումից և կադրային քաղաքականությունից մինչև գիտական ու կլինիկական բնագավառներ։
Կադրային քաղաքականության վերաբերյալ խոսելիս ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ մոտեցումները լինելու են խստապահանջ և հետևողական։
Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են տեսական ամբիոնների դասախոսների աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև կադրային մրցույթների կազմակերպման և անցկացման հարցերը։
Ռեկտորը դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարեց կազմակերպել արտադրական ժողովներ՝ քննարկելու ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, կարգապահության և առաջիկա մի շարք այլ աշխատանքների հետ կապված հարցերը։
Բուհի ղեկավարը նաև ընդգծեց, որ համալսարանի մրցունակությունն այս տարի գերազանցել է սպասելիքները։ Աճել է արտասահմանցի դիմորդների թիվը, ընդլայնվել է նաև նրանց աշխարհագրությունը, ինչը վկայում է ԵՊԲՀ միջազգային գրավչության և մրցունակության շարունակական աճի մասին։ Իրականացվող բարեփոխումները շարունակական են լինելու:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս հետո նախատեսվում է նոր գրադարանի բացումը։
Այն հավակնում է դառնալ լայնածավալ գիտակրթական կենտրոն՝ ժամանակակից պայմաններով և հնարավորություններով, որը կնպաստի ուսանողների ու դասախոսների կրթական և գիտական գործունեության զարգացմանը։
ԵՊԲՀ երեք ֆակուլտետ՝ Ստոմատոլոգիական, Դեղագիտական և Հանրային առողջության, միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթաց են անցնում։
Օրակարգի համաձայն՝ ընդունելության քննությունների ընթացքն ու արդյունքները ռեկտորատի անդամներին մանրամասն ներկայացրեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։
Ռեկտորին զեկուցվեց նաև համալսարանի կրթական, գիտական, կլինիկական գործընթացների մասին, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Նիստի ամփոփիչ մասում անդրադարձ կատարվեց Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրես 2027-ի (Armenian Medical World Congress 2027) մասնավորապես՝ գիտական և կազմակերպչական անելիքներին, որը գալիք տարվա հուլիսին Երևանում միավորելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի բժիշկ-գիտնականների, հետազոտողների, դասախոսների, կլինիկական մասնագետների և սովորողների։