«Հերացի» ավագ դպրոցի բակում հնչեց սեպտեմբերյան առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Կրթական հաստատությունը կրկին լցվեց երիտասարդների ակտիվությամբ և նոր սպասումներով։
Ուսումնական տարվա մեկնարկը լավագույն առիթն է նոր ծրագրերի ու նպատակների մասին խոսելու, ինչպես նաև դպրոցական համայնքին ուղղված բարեմաղթանքներ հնչեցնելու համար։
Աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին ողջունեցին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը և «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը՝ մաղթելով բոլորիդ հետաքրքիր, արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարի։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով առանձնակի կարևորեց գիտելիքը, այն ստանալու գործընթացը և տեղեկացրեց, որ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ մակերեսով մասնավորեցված տարածքը. դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում հաշտության համաձայնություն է կնքել:
Գիտելիքի օրը միայն ուսումնական տարվա մեկնարկ չէ։ Այն նաև հնարավորություն է սովորելու, բացահայտելու, հարցեր տալու և սեփական հետաքրքրությունների սահմաններն ընդլայնելու համար։
Սեպտեմբերի 1-ի տոնական տրամադրությունը ներկաներին փոխանցեցին ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները և «Հերացի» բենդը։
Միջոցառման երկրորդ հատվածը շարունակվեց «Գիտելիքի հետքերով» ինտերակտիվ դասերով։
10-11-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին ինտերակտիվ դասերի, որոնք հնարավորություն տվեցին ուսումնական գործընթացը սկսել ոչ միայն գիտելիքով, այլև հետաքրքրությամբ։
Մայրաքաղաքի տարբեր թանգարաններ այցելություններով հերացիականները կամփոփեն Գիտելիքի օրը:
Նշենք, որ 2026-2027 ուսումնական տարում «Հերացի» ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարաններում սովորում է 477 աշակերտ։ Ուսուցիչների թիվը 39-ն է, որոնցից 93 տոկոսը կամավոր ատեստավորվել է։
Այս տարի 181 շրջանավարտից 135-ն ընդունվել է բարձրագույն կրթական հաստատություն, որոնցից 66-ը (16-ը՝ անվճար) ԵՊԲՀ։ Միջազգային համալսարաններ է ընդունվել 7 շրջանավարտ:
Միայն այս տարի կենսաբանության միջազգային 3 օլիմպիադաներից դպրոցի աշակերտները նվաճել են 11 մեդալ։