Մրգի կամ բանջարեղենի վրայից կարելի՞ է կտրել բորբոսնած հատվածը և ուտել այն

Մրգի կամ բանջարեղենի վրայից կարելի՞ է կտրել բորբոսնած հատվածը և ուտել այն

Մրգի կամ բանջարեղենի վրայից բորբոսնած հատվածը հեռացնելն ու մնացած մասն ուտելը կարող է խելամիտ քայլ թվալ, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա կարող է անվտանգության կեղծ զգացում առաջացնել։

Ըստ Study Finds-ի՝ Գերմանիայի Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտի (BfR) նոր ուսումնասիրությունը վկայում է, որ բորբոսի արտադրած թույները պարտադիր չէ, որ մնան միայն տեսանելի բորբոսի հատվածում, հատկապես՝ մեծ քանակությամբ ջուր պարունակող մթերքներում, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենը։

Ուսումնասիրության շրջանակում հարցում է անցկացվել 1000 մարդու շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը առօրյա սննդամթերքում առկա բորբոսային տոքսինների վերաբերյալ։

Ըստ Study Finds-ի՝ հետազոտողները ցանկանում էին պարզել, թե որքանով են մարդիկ տեղեկացված բորբոսի մասին, ինչպես են նրանք իրականում վարվում խոհանոցում բորբոս նկատելիս և ինչ պատկերացումներ են պայմանավորում նրանց ընտրությունը։

Հարցումը խառը արդյունքներ է արձանագրել։ Որոշ մարդիկ ուշադիր էին սննդամթերքի պատշաճ պահպանմանը և ակնհայտորեն փչացած մթերքը (օրինակ՝ մածունը կամ միսը) դեն նետելուն, սակայն թարմ մթերքի, պանրի կամ չոր համեմունքների դեպքում նրանք կա՛մ թերագնահատում էին ռիսկը, կա՛մ կարծում էին, թե տեսանելի բորբոսը հեռացնելը լուծում է խնդիրը։

Հարցման տվյալներով՝ հարցվածների 30,6%-ը նշել է, որ կտրում-հեռացնում է բորբոսնած հատվածը և ուտում մնացած մասը։

Ըստ ուսումնասիրության՝ BfR-ը խորհուրդ է տալիս նման մթերքն ամբողջությամբ դեն նետել՝ դրանք մասնակիորեն կտրելու փոխարեն։

Հարցումը ցույց է տվել, որ միայն 46,9%-ն է տեղյակ եղել, որ ջերմային մշակումը (եփելը կամ թխելը) չի ոչնչացնում բորբոսի տոքսինները։ Հարցվածների 27,4%-ը կարծել է, որ բարձր ջերմաստիճանը կարող է դրանք անվնաս դարձնել, իսկ 25,7%-ը վստահ չի եղել այդ հարցում։

Ցածր խոնավություն և խիտ կառուցվածք ունեցող մթերքների (գազար, կաղամբ, քաղցր պղպեղ, կարտոֆիլ, շաղգամ) մեջ բորբոսի արմատները դժվարությամբ են թափանցում: Այս մթերքների դեպքում անհրաժեշտ է կտրել բորբոսնած տեղից առնվազն 1 դյույմ (մոտ 2.5 սմ) հեռավորությամբ և խորությամբ: Դանակը չպետք է դիպչի բորբոսին, որպեսզի սնկի սպորները չտարածվեն բանջարեղենի մաքուր մասի վրա:

Փափուկ մթերքներն ամբողջությամբ պետք է դեն նետել:

Բարձր խոնավությամբ մթերքներում (լոլիկ, վարունգ, ելակ, հատապտուղներ, դեղձ, նարինջ, խնձոր) բորբոսը և դրա արտադրած վտանգավոր թույները (միկոտոքսինները) վայրկենապես տարածվում են ամբողջ պտղով մեկ։ Նույնիսկ եթե կտրեք միայն տեսանելի փտած մասը, մնացած հյութալի մասն արդեն վարակված է անտեսանելի արմատներով և բակտերիաներով: