ԵՊԲՀ-QS համալսարանական վարկանիշավորման համաշխարհային կազմակերպության խորհրդատվական հանդիպումը

ԵՊԲՀ-QS համալսարանական վարկանիշավորման համաշխարհային կազմակերպության խորհրդատվական հանդիպումը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները մասնակցեցին համալսարանական վարկանիշավորման QS (Quacquarelli Symonds) համաշխարհային կազմակերպության երկօրյա աշխատաժողովին:

ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը նշված կառույցի հետ սկսում են համագործակցություն՝ նպատակ ունենալով բարելավել ՀՀ բուհերի դիրքերը միջազգային վարկանիշավորման համակարգերում։

Համագործակցության մեկնարկը խորհրդանշող միջոցառման երկրորդ օրը նշանավորվեց ոլորտում շուրջ 35 տարվա փորձ ունեցող և աշխարհի շուրջ 2000 բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորմամբ զբաղվող QS կազմակերպության առաքելության և տեսլականի մանրամասն ներկայացմամբ: «Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության ապագային» խորագրով խորհրդատվական հանդիպման ընթացքում ընկերության խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը, գլխավոր խորհրդատու Իզոբել Ռոսսիտերը, ավագ խորհրդատուներ Դանիել Կանը և Դարա Բուխտոյարովան խոսեցին Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի հետ համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև միջազգային վարկանիշավորման մեթոդաբանությունն ու դրա նշանակությունը բուհերի զարգացման և միջազգային տեսանելիության բարձրացման համար։

Հատուկ անդրադարձ կատարվեց հմտությունների, աշխատատեղերի և աշխատուժի տրանսֆորմացիայի, ՀՀ դիրքը վարկանիշավորման համակարգում սահմանելու, հետազոտությունների արդյունքներն ակադեմիական հեղինակության վերածելու, շրջանավարտների ձեռքբերումները և աշխատակիցների գոհունակությունը միջազգային ճանաչման վերածելու անհրաժեշտության մասին:

Կարևորելով համալսարանների ակադեմիական հեղինակությունը` նրանք հատկապես ընդգծեցին ակադեմիական և հետազոտական ոլորտում գերազանցությունը ճանաչման վերածելու անհրաժեշտությունը: Նրանց փոխանցմամբ` որոշակիորեն սահմանափակված միջազգային ակադեմիական հեղինակությունը լուրջ մարտահրավեր է մեր երկրում բարձրագույն կրթության համար: Բարձրագույն կրթությունը, Իզոբել Ռոսսիտերի խոսքով, գործիք է տնտեսական բարեփոխման ճանապարհին: Համալսարանները, ըստ Դանիել Կանի, մրցակցում են բարձրագույն կրթության աճող շուկայում գլոբալ տեսանելիության համար:

Քննարկման ավարտին փորձագետները ներկայացրին 3-ամյա նախագծի` հաջողության հասնելու ճանապարհային քարտեզը:

Նույն օրը` սեպտեմբերի 16-ին, վարկանիշավորման QS կազմակերպության մասնագետները խորհրդատվական հանդիպում անցկացրին բժշկական բուհում` ԵՊԲՀ ներկայացուցիչների հետ:

Ընդգծվեց համալսարանի գլոբալ ակադեմիական հեղինակության բարձրացմանն ուղղված ռազմավարության անհրաժեշտությունը, շեշտվեց բուհի առանձնահատուկ տեղն ու դերը բնական գիտությունների և բժշկագիտության ասպարեզներում, քննարկվեցին բժշկական բուհի տեսանելիության մակարդակի բարձրացմանը և աշխարհագրության ընդլայնման ուղղված երկկողմ համագործակցության հետագա հեռանկարները:

Նշենք, որ նախագծի շրջանակում առկա ձևաչափով աշխատաժողովները կմեկնարկեն հաջորդ տարվա` 2027 թվականի ապրիլին: Մինչ այդ համագործակցության ձևաչափը կլինի հեռավար` հունվարին և փետրվարին նախատեսելով առցանց քննարկումներ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատանքներում ներգրավված են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Բուհերի ընտրությունը փոխկապակցված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող համակարգային բարեփոխումների և «Ակադեմիական քաղաք» ծրագրի տրամաբանության հետ։