Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի (AAU) տարեկան 26-րդ համաժողովը, որը կանցկացվի սեպտեմբերի 25-ին և 26-ին բժշկական համալսարանում, համախմբել է ոլորտի ներկայացուցիչներին:
«Քառորդ դարից ավելի ամեն տարի ուրոլոգիական ասոցիացիան` որպես կայացած համայնք, ընդգրկում է այդ տարեկան ձեռքբերումները և նոր մարտահրավերները: Այս տարի մենք ներկայացնում ենք ամենամեծ ձեռքբերումներից մեկը, դա ռոբոտիկ վիրաբուժությունն է, որին տիրապետում են մեր ասոցիացիայի մասնագետները և, իհարկե, արհեստական բանականության ներգրավվածությունը ոլորտի զարգացմանը, այս ամենին նվիրված է լինելու նաև 2027 թվականի հուլիսին կայանալիք Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրեսը», – ասաց ԵՊԲՀ ռեկտոր, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Մուրադյանը` հրավիրված երկօրյա միջոցառումը գնահատելով որպես մասնագիտական լավ հարթակ երիտասարդների և ավագ գործընկերների, արտերկրից ժամանած ուրոլոգների համար:
Ռեկտորը բեկումնային համարեց ոլորտի զարգացումը 100 տարվա ընթացքում: Առաջին անգամ մեր երկրում իրականացվեց ռոբոտիկ վիրահատություն, և արդեն անդրադարձ է կատարվելու այս թեմային որպես իրականություն:
«Մեր երազանքը 90-ականներին ունենալն էր համալսարանական հիվանդանոցներ, կրդեդիտային համակարգ, կայացած մասնագիտական համայնք, և այս ամենն ավանդվեց, ի վերջո, բարձրագույն տեխնոլոգիաներով: Նախկինում էնդոսկոպիկ գործողություններն առաջացնում էին բոլորիս մոտ մեծ ցանկություն տիրապետելու դրանց: Առաջին անգամ Սփյուռքի աջակցությամբ մեր ականավոր գործիչները, մասնավորապես` Կարո Դերձակյանը, որը շատ մեծ դեր ունի այս ամենն իրականացնելու մեջ, սովորեցրեց մեր ուսուցիչներին, ժամանակին` նրանք էլ մեզ, և այս ամենն այժմ պսակվել է ռոբոտիկ վիրաբուժությամբ: Արհեստական բանականությունը ոչ միայն շոշափելի է, այլև այսօր մեր առօրյայի մասն է», – խոսելով ուսուցիչների մասին` ասաց բժշկական բուհի ղեկավարը` հիշելով նաև ավագ կոլեգաներին, ուրոլոգիայի նահապետ, լուսահոգի Իվան Աղաջանյանին, և հատուկ ողջունելով և առողջություն մաղթելով Յուրի Զոհրաբյանին:
Արհեստական բանականության մասին խոսելիս ռեկտորն ընդգծեց, որ էմոցիոնալ բաղադրիչն անքակտելի է բժշկի գործունեությունից, և այն անհնար է փոխարինել արհեստական հարթակով, մինչդեռ ԱԲ-ի կիրառումը այս կամ այն օրգանի բուժման մեջ արդեն կայացած իրողություն է:
«Ուրախ եմ, որ մեր երիտասարդները գերազանցում են սպասելիքները. Արման Ծատուրյանը և Մհեր Մխիթարյանը կյանքի կոչեցին ռոբոտիկ վիրաբուժությունը, որի մասին մենք հենց այս դահլիճում հատուկ քննարկում ենք ունեցել մասնագիտական շրջանակում: Կարևոր է, որ երիտասարդները շատ են դահլիճում, դա ապացուցում է, որ ժամանակակից մոտեցումները և տեխնոլոգիաները խորհրդանշում են ապագան», – համաժողովին արդյունավետ ընթացք մաղթելով` ամփոփեց խոսքն Արմեն Մուրադյանը:
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, օնկոուրոլոգ Արման Ծատուրյանը փաստեց, որ Հայաստանն ունի ոլորտում բոլոր տեխնոլոգիական զարգացումները:
«Կարծիքները կարող են տարբեր լինել արհեստական բանականության կիրառման մասին, և այսօրվա մեր գիտաժողովի մեկ օրը ամբողջական նվիրված է արհեստական բանականությանը և դրա կիրառությանը ուրոլոգիայում. ախտորոշումից մինչև բուժում: Սա այլևս ապագա չէ, սա ներկա է, և որքան շուտ կարողանանք այդ գիտելիքը ձեռք բերել և կիրառել, այդքան ավելի հեշտ կլինի մեզ մեր առօրյա գործունեության մեջ», – նկատեց Ծատուրյանը:
Արդյոք կփոխարինի արհեստական բանականությունը բժշկին հարցին նա պատասխանեց` համեմատական տանելով ավտոմեքենա վարելու գործընթացի հետ, որովհետև առանց վարել իմանալու չենք կարող հեշտ տեղափոխվել մեկ կետից մեկ այլ կետ, հետևաբար, ԱԲ-ից պետք չէ վախենալ, պետք է ըմբռնումով մոտենալ ձեռքբերումներին և դրանք օգտագործել ի շահ պացիենտների:
Նա հույս հայտնեց, որ երկու օրը հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի նորարարություններին, ինչպես նաև ունկնդրել արտերկրի մասնագետներին: Գիտական ծրագիրը հիմնված է ոչ միայն արդի թեմաների, այլև քննարկումների, հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն կտա առավել խորքային ուսումնասիրել ներկայացված հարցերը:
«Ինձ համար մեծ պատիվ է և հաճույք ողջունել ձեզ այս դահլիճում և բացման խոսք հղել: Իհարկե ոչ միայն գիտելիքն է կարևոր, այլև մեր անձնական շփումները, մեր անձնական կարծիքների, իմացության, փորձի փոխանակումը ևս շատ կարևոր գործ է մեր զարգանալու գործընթացում», – ասաց 26-րդ տարեկան համաժողովի համանախագահ Արմեն Ավոյանը` հատուկ ողջունելով Իտալիայից ժամանած գործընկերներին և շեշտադրելով միջոցառման երկրորդ օրվա` նոր`քննարկումային ձևաչափով անցկացումը:
«Մեզ համար այս համաժողովը վաղուց արդեն պարզապես զեկույցների հավաքածու չէ, սա այն վայրն է, որտեղ մենք միասին փորձում ենք հասկանալ, թե ուր է գնում մեր մասնագիտությունը: Ուրոլոգիան վաղուց ունի դպրոց և ավանդույթներ, մեր ուսուցիչները մեզ ժառանգել են գիտելիք, վիրաբուժական վարպետություն և պատասխանատվություն մասնագիտության հանդեպ: Եվ մեր պարտքն է ոչ միայն զարգացնել մասնագիտությունը, այլև փոխանցել այն հաջորդ սերունդներին: Ուրոլոգիան զարգանում է բացառիկ արագությամբ: Դեռ մեկ տարի առաջ մենք կարող էինք միայն երազել Հայաստանում ռոբոտիկ վիրաբուժության մասին, իսկ այսօր այն արդեն հասանելի է մի քանի բժշկական կենտրոններում, և նոր կենտրոններ են պատրաստվում միանալ այդ գործընթացին», – նշեց ՀՀ ԱՆ ուրոլոգիայի գծով խորհրդատու Արթուր Գրաբսկին` ավելացնելով, որ թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նույնպես հեռավոր ապագա չեն, դրանք արդեն մասնագիտության իրականության մի մասն են, և շատ խորհրդանշական է, որ այս տարվա համաժողովը մեկնարկում է Եվրոպական ուրոլոգիական դպրոցի կողմից դասընթացով, որտեղ մասնագիտական համայնքը կդիտարկի զարգացումները:
«Որքան էլ փոխվեն տեխնոլոգիաները, մեկ բան չպետք է փոխվի, դա բժշկագիտության արժեքներն են», – ընդգծեց նա:
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան հավաքին ներկայացված էր նաև Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիան (European Association of Urology, EAU)` ի դեմս իտալացի առաջատար մասնագետների:
Թուրինի Կանդիոլո քաղցկեղի ինստիտուտի (Candiolo Cancer Institute) փորձառու ուրոլոգ Դանիելե Ամպարորեն «Եվրոպական ուրոլոգիայի դպրոց. ուրոլոգների համար եզակի կրթական հնարավորություն» վերտառությամբ ելույթի շրջանակում մանրամասնորեն ներկայացրեց Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի գործունեությունը, որը ներառում է շուրջ 20 հազար ուրոլոգների, գիտնականների, կլինիկական ռեզիդենտների, բուժքույրերի և պացիենտների աշխարհի ավելի քան 140 երկրից: Նա անդրադարձավ նաև ԱԲ կիրառմանը ուրոլոգիական պատկերավորման և ախտորոշման, ուրոլոգիական վիրաբուժության (մեքենայական ուսուցմամբ կատարելագործված ռոբոտային համակարգեր) մեջ, ինչպես նաև ուռուցքաբանական ուրոլոգիայում:
Հռոմի Սապիենզա համալսարանի բժիշկ-հետազոտող Ռիկարդո Լոմբարդոն «Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի արձագանքը գիտության մեջ արհեստական բանականության կիրառմանը և դրա վերաբերյալ առկա ապացույցներին» խորագրով զեկույցի ընթացքում ընդգծեց. «Արհեստական բանականությունն արագացնում է գիտության զարգացումն ավելի բարձր տեմպերով, քան գիտությունը կարող է հաստատել արհեստական բանականության արդյունքները»։ Նրա խոսքով` արհեստական բանականության ոլորտում գրագիտությունն այժմ ապացուցողական ուրոլոգիայի մաս է կազմում։
Իտալացի մասնագետը խոսեց նաև ԱԲ-ի էթիկայի, խնդիրների և սահմանափակումների մասին, անդրադարձավ արհեստական բանականությանը և վիրաբույժների նոր սերնդի պատրաստմանը:
Կանդիոլո քաղցկեղի ինստիտուտի մեկ այլ մասնագետ, խորհրդատու ուրոլոգ Էնրիկո Կեկուչին հանդես եկավ «ԱԲ-ն որոշումների կայացման գործընթացում․ կլինիկական որոշումների աջակցման համակարգերից մինչև կանխատեսող մոդելներ» զեկույցով և «ԱԲ-ի համատեղ օգնականները ուրոլոգիական միջամտությունների ընթացքում» դասախոսությամբ:
ԱԲ-ի համատեղ օգնականները ուրոլոգիական միջամտությունների ընթացքում, շագանակագեղձի քաղցկեղ, նեոադյուվանտ հորմոնալ թերապիա նախքան վիրահատությունը, ԱԲ-ն որոշումների կայացման գործընթացում․ կլինիկական որոշումների աջակցման համակարգերից մինչև կանխատեսող մոդելներ, ինչպես նաև բազմաթիվ այլ, այդ թվում` հակասական հարցեր, որոնք բժշկագիտության գրեթե բոլոր ուղղություններում են հանդիպում. թեմաներ, որոնց ժամանակակից հայացքով կանդրադառնան հայ և արտասահմանից ժամանած ուրոլոգները:
Նախաձեռնողները նպատակ ունեն տալ և ստանալ նոր, կիրառական գիտելիք: Համաժողովը աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 26-ին` ոլորտի առաջատարների կողմից կլինիկական դեպքերի, դրանց շուրջ բանավեճերի, երկխոսությունների ու մտքերի փոխանակման լայն հնարավորությամբ: