Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԵՊԲՀ-ում անցկացվեց «Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր 2026. միասին ավելի ուժեղ» խորագրով միջոլորտային կրեդիտավորված կոնֆերանս։
Միջոլորտային միջոցառման նպատակն էր բարձրացնել կատաղության տարածվածության, համաճարակաբանական առանձնահատկությունների, հետազդակային կանխարգելման վերաբերյալ բուժաշխատողների իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել մասնագետների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը «Մեկ առողջություն» համատեքստում։
Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի վերլուծական» կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը խոսեց կատաղության համաճարակաբանության առանձնահատկությունների, տարածաշրջանային և միջազգային համաճարակաբանական միտումների մասին:Մասնագետը նշեց, որ 2026թ․ սեպտեմբերին ԱՄՆ-ի CDC-ի հրապարակումներում ընդգծվում էր, որ ԱՄՆ-ում կենդանիների շրջանում կատաղության դեպքերն աճել են, ինչի հետևանքով մարդկանց վարակման հավանականությունը նույնպես մեծացել է։ Հաղորդումների համաձայն՝ կատաղության դեմ պատվաստանյութի կիրառումն աճել է 33%-ով, իսկ իմունոգլոբուլինի կիրառումը՝ 76%-ով: Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց նաև Հայաստանում կենդանիների կողմից կծված դեպքերի վիճակագրությունը, որը վերջին տարիներին բարձրացման միտում է ունեցել:
Համաճարակաբանի խոսքով՝ կատաղությունը մահացու հիվանդություն է, վարակի հիմնական շտեմարան են աղվեսները, շները, գայլերը, շնագայլերը, Ամերիկայի մայրցամաքում` նաև չղջիկները, ընտանի կենդանիներից` շները, կատուները և այլն: Վարակված կենդանիները հարուցիչն արտազատում են թքի միջոցով` սկսած գաղտնի շրջանի վերջին 7-10 օրվանից և ողջ հիվանդության ընթացքում: Մարդու և կենդանու վարակումը կատարվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կողմից մաշկային ծածկույթների, հազվադեպ նաև լորձաթաղանթի կծման կամ թքոտման ժամանակ ուղղակի կոնտակտի միջոցով: Այս նպատակով կարևոր է հաշվառել և պատվաստել ընտանի կենդանիներին: Կծելուց հետո կարևոր է կատարել 15 ր տևողությամբ վերքի առաջնային մշակում օճառաջրով և յոդի սպիրտային խիտ լուծույթով, այնուհետև հակակատաղության պատվաստանյութ ներարկել: Կծած հատվածի վիրաբուժական մշակումը, վերքի եզրերի հեռացումը և այլն խստիվ արգելվում է:
Նա ներկայացրեց կատաղության նախա և հետկոնտակտային պատվաստումների սխեմաները` տարբեր իրավիճակների համար:
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հարություն Առաքելյանը ներկայացրեց Երևանում կատաղություն հիվանդության կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Նա խոսեց միֆերի և իրականության մասին: Ներկայացրեց թափառող շների ստերջացման և կատաղության դեմ պատվաստումների վերաբերյալ` ընդգծելով, որ վերջին տարիներին թափառող կենդանիների շրջանում կատաղության դեպք չի արձանագրվել։
Հարություն Առաքելյանը ներկայացրեց նաև իրենց կառույցի կողմից իրականացվող տեղեկատվական արշավները՝ շեշտելով, որ այս միջոցառումների արդյունքում մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկական հաստատություններ։ Նա նշեց նաև կենդանիների ականջներին դակած գունային նշանների նշանակության և կարևորության մասին:
Նրա խոսքով, չնայած կենդանիների շրջանում իրականացվող պատվաստումներին, կծելու դեպքում պարտադիր է հետազդակային պատվաստումների իրականացումը:
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի անասնաբուժության և համարակալման բաժնի գլխավոր մասնագետ, անասնաբույժ Ղևոնդ Բատիկյանը խոսեց «Կատաղության կանխարգելումը «Մեկ առողջություն» մոտեցման շրջանակում. անասնաբուժական ծառայության դերը և միջոլորտային համագործակցության կարևորությունը» թեմայի շուրջ:
Նա ներկայացրեց կենդանիների մոտ կատաղության կլինիկական դրսևորումների երկու հիմնական ձևերը՝ բուռն և պարալիտիկ կամ լուռ։ Երկու ձևերն էլ ունեն նույն ճակատագրական ավարտը։ Կլինիկական պատկերը կարող է տարբերվել՝ կախված կենդանու տեսակից:
Ղևոնդ Բատիկյանի խոսքով՝ կատաղությունը 100%-ով կանխարգելելի հիվանդություն է։
Կենդանիների համատարած պատվաստումը՝ առնվազն 70% ընդգրկվածությամբ, և դրանց նկատմամբ պատշաճ հսկողությունը փոխանցման շղթան ընդհատելու հիմնական գործիքներն են։ Նա ընդգծեց նաև, որ որ վաղ հայտնաբերումը, անվտանգ նմուշառումը և լաբորատոր հաստատումը կարևոր նշանակություն ունեն մարդկանց մոտ մահվան դեպքերից խուսափելու համար։ Կատաղության արդյունավետ վերահսկումը պահանջում է անասնաբուժական, առողջապահական և բնապահպանական ոլորտների ինստիտուցիոնալ համագործակցություն։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի համաճարակաբան Հասմիկ Հովսեփյանը հանդես եկավ «Կենդանիների կողմից կծված դեպքերի համաճարակաբանությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում» թեմայով զեկույցով:
Մասնագետը նշեց, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ընդհանուր 1635 արձանագրված դեպք: 2022-2025 թվականների ընթացքում արձանագրվել է դիմելիության ավելի քան կրկնակի աճ: Սա մի կողմից վկայում է թափառող և ընտանի կենդանիների հետ կոնտակտների ավելացման մասին, իսկ մյուս կողմից՝ ծնողների ու բնակչության զգոնության և իրազեկվածության բարձրացման մասին, ինչի շնորհիվ դեպքերը չեն թաքցվում և անմիջապես հասնում են բժշկական կենտրոն։
2022-2025 թվականներին դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ՝ 209-ից հասնելով 466-ի: 2025 թվականը եղել է պիկային տարի՝ 466 դեպքով, իսկ 2026 թվականին պահպանվում է բարձր ակտիվությունը. միայն մինչև օգոստոս ամիսն արդեն արձանագրվել է 394 դեպք։
Համաճարակաբանի փոխանցմամբ՝ 2022-2026թթ. կտրուկ ավելացել են III աստիճանի (գլխի/դեմքի) վնասվածքները և իմունոգլոբուլինի պահանջարկը: 6-12 տարեկան դպրոցականները հանդիսանում են հիմնական թիրախային խումբը (47.2%):