Համալսարանականը Բելգիայում ձեռք բերած սրտաբանական փորձը կկիրառի Հայաստանում բժշկական ծառայությունների զարգացման համար

Համալսարանականը Բելգիայում ձեռք բերած սրտաբանական փորձը կկիրառի Հայաստանում բժշկական ծառայությունների զարգացման համար

ԵՊԲՀ շրջանավարտ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի սրտաբան Մարիամ Հովակիմյանը 2025-2026 թվականներին մասնակցել է FOSFOM-ULB բժշկական կրթությանն աջակցող ծրագրին՝ որպես սրտաբանության ֆելոու Բրյուսելի Էրազմ համալսարանական հիվանդանոցում։ Մեկ տարվա ընթացքում նա ոչ միայն խորացրել է սրտաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ գիտելիքները, այլև ձեռք է բերել գործնական փորձ՝ աշխատելով հիվանդանոցում որպես սրտաբան։

«Այժմ իմ նպատակն է Բելգիայում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը կիրառել Հայաստանում՝ նպաստելով սրտաբանական ծառայությունների զարգացմանը։ Սա ինձ համար ամբողջովին նոր փորձառություն էր։ Թեև նախկինում մասնակցել էի միջազգային տարբեր դիտորդական ծրագրերի, այս անգամ հնարավորություն ունեի լիարժեք մասնագիտական գործունեություն ծավալելու և ինքնուրույն իրականացնելու բուժառուների սրտաբանական ախտորոշմանն ու բուժմանն ուղղված միջամտությունները»,- պատմում է Մարիամը։

Բրյուսելի Էրազմ հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում աշխատանքը նրան հնարավորություն է տվել ծանոթանալու սրտային տարբեր հիվանդությունների վարման ու բուժման ժամանակակից մոտեցումներին։ Ըստ նրա, հիվանդանոցում գործում են նաև սրտային վիրաբուժության բաժանմունք, որտեղ կատարվում են սրտի փոխպատվաստման վիրահատություններ։

Մասնագիտական վերապատրաստման ընթացքում երիտասարդ մասնագետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծանր սրտային անբավարարությամբ, սրտի փոխպատվաստում անցած, ինչպես նաև կարդիոմիոպաթիաներով և փականային հիվանդություններով բուժառուների վարմանն ու բուժմանը։

Այս ոլորտում իրականացրել է նաև գիտական աշխատանք:

Այս փորձառությունն, ըստ նրա, առանձնահատուկ էր նաև աշխատանքային միջավայրի առումով։ Եթե նախկին միջազգային ծրագրերում հիմնական աշխատանքային լեզուն անգլերենն էր, ապա Բելգիայում նա աշխատել է ֆրանսերենով՝ մասնագիտական գիտելիքը զարգացնելով նաև լեզվական առումով։

Համալսարանականի խոսքով՝ ծրագրին մասնակցությունը հատկապես նպաստել է սրտի ախտորոշման մեթոդների, այդ թվում՝ էխոկարդիոգրաֆիայի ոլորտում իր մասնագիտական հմտությունների զարգացմանը։

«Այժմ տիրապետում եմ էխոկարդիոգրաֆիայի ժամանակակից բոլոր մեթոդներին»,- նշում է նա։

Վերապատրաստման ավարտին՝ նա ստացել է Բրյուսելի ազատ համալսարանի (Université libre de Bruxelles, ULB) սրտաբանության լրացուցիչ մասնագիտացված բժշկական վերապատրաստման համալսարանական վկայական։ Նրա մասնագիտական պատրաստվածությունը հավաստվել է նաև սրտի էխոկարդիոգրաֆիկ պատկերավորման միջհամալսարանական վկայականով (Interuniversity Certificate in Cardiac Imaging by Echocardiography), որն իրականացվում է Լիեժի և Էրազմ համալսարանների համատեղ ծրագրով:

FOSFOM-ը (Fonds de Soutien à la Formation Médicale) բժշկական կրթությանն աջակցող ծրագիր է, որն իրականացվում է Բրյուսելի ազատ համալսարանի շրջանակում։ Այն հնարավորություն է տալիս Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրների երիտասարդ բժիշկներին մասնագիտական վերապատրաստում անցնել Բելգիայի համալսարանական հիվանդանոցներում՝ խորացնելով գիտելիքներն ու կատարելագործելով գործնական հմտությունները։

Ծրագրի նպատակն է զարգացնել բժիշկների մասնագիտական կարողությունները, խթանել միջազգային փորձի փոխանակումը և նպաստել բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը։ Հայաստանը ծրագրի գործընկեր երկրներից է, իսկ հայաստանյան գործընկերը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն է։ Ծրագրին մասնակցելու կարևոր նախապայմաններից է ֆրանսերենի իմացությունը։ Բժիշկները կրթաթոշակի շրջանակում հնարավորություն են ստանում վերապատրաստվելու իրենց մասնագիտացման կամ նեղ մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ։

Մինչև միջազգային ծրագրին մասնակցությունը, Մարիամը 2019 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը՝ ստանալով բժշկի որակավորում։ Մինչև 2022 թվականը սովորել է կլինիկական օրդինատուրայում՝ սրտաբանություն մասնագիտությամբ։ Համալսարանական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատելուց բացի, նա սրտաբան է նաև Երևանի այլ բժշկական հաստատություններում։

2026 թվականի հոկտեմբերին ավարտելով FOSFOM-ULB ծրագիրը՝ երիտասարդ սրտաբանը վերադարձել է Հայաստան՝ շարունակելու մասնագիտական գործունեությունը։

«Ցանկանում եմ շարունակել զարգացնել մասնագիտական գիտելիքն ու հմտությունս՝ հատկապես սրտային անբավարարության, սրտի փականային հիվանդությունների վարման և սրտի պատկերավորման ուղղություններով։ Ինձ համար կարևոր է նաև Բելգիայում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կիրառել Հայաստանում՝ հատկապես սրտային անբավարարությամբ բուժառուների վարման, էխոկարդիոգրաֆիայի նոր մեթոդների ներդրման և գործընկերներիս հետ մասնագիտական փորձի փոխանակման միջոցով»,- ընդգծում է հերացիականը։