«Ճնշման տակ» խորագրով՝ մեկնարկեց «iMedoLab» նախաձեռնությունը, որի նպատակն է զարգացնել սովորողների տեսական գիտելիքն ու կլինիկական մտածողությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց իրական կլինիկական դեպք և դրա հիմքում ընկած պաթոլոգիայի մուլտիդիսցիպլինար քննարկում։
ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «iMedoLab» նախաձեռնության հեղինակ Ամալյա Մանուսաջյանը նշեց, որ նախաձեռնության հիմնական գաղափարը տեսական գիտելիքը իրական, կլինիկական դեպքերի հետ համադրելն է:
«Հաճախ ուսանողների համար տվյալ թեման ուսումնասիրելիս դժվար է պատկերացնել, թե ապագայում այն ինչպես են կիրառելու իրենց ապագա գործունեության ընթացքում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ուսանողների համար ձևավորվել է հարթակ, որտեղ կքննարկվեն կլինիկական դեպքեր, որոնց բժիշկները հանդիպում են իրենց պրակտիկայում և որոնցով կկիսվեն լսարանում:
Քննարկմանը յուրաքանչյուր ամիս կներկայացվեն տարբեր ուղղություններ՝ հնարավորինս լայն ոլորտներ ընդգրկելու նպատակով:
Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը կարևորելով միջոցառման ձևաչափը՝ ընդգծեց, որ ներկայացվող կլինիկական դեպքերը ոչ թե մտացածին են, այլ իրական կյանքից:
«Սովորողների նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումները կարևոր են, քանի որ դրանց շրջանակում վեր են հանվում այնպիսի թեմաներ և խնդիրներ, որոնք երբեմն դուրս են մնում ուսումնական ծրագրերից կամ բավարար խորությամբ չեն ուսումնասիրվում, թեև հաճախ են հանդիպում պրակտիկայում»,-ասաց նա։
Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչը շեշտեց, որ հաջորդ սկզբունքը տեսականի և իրականության մերձեցումն ու դրանց միջև փոխադարձ համաձայնության ձևավորումն է:
«Այն ամբիոնների ուղղաձիգ ինտեգրման կարևոր բաղադրիչ է՝ նպաստելով դրանց միջև առավել արդյունավետ համագործակցությանը։ Այս միջոցառումն օգտակար է ոչ միայն մասնակիցների, այլև համապատասխան ամբիոնների համար՝ միմյանց հետ հաղորդակցվելու, փոխադարձ կարիքները բացահայտելու և միմյանց աջակցելու տեսանկյունից»,- հավելեց Արտեմ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ընտրվել է հաղորդակցության յուրահատուկ ձևաչափ, որի շրջանակում բոլորը ներգրավված են գործընթացում և բանավոր քննարկումներին՝ տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավորություն ունենալով ակտիվ մասնակցություն ունենալ։
ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր փորձը՝ անդրադառնալով քննարկվող կլինիկական դեպքերին:
«iMedoLab»-ը «Սինկո» անվանմամբ, ուսանողների շրջանում տարածում ստացած կրթական նախաձեռնության վերաբրենդավորումն է: Այն նպատակ ունի շարունակելու արդեն ձևավորված ավանդույթները, ինչպես նաև մեծացնելու ուսանողների հետաքրքրվածությունը՝ յուրաքանչյուր հանդիպմանն ապահովելով մասնակիցների ավելի լայն շրջանակ։
«iMedoLab»-ի թիրախային լսարանը՝ 3-6-րդ կուրսի ուսանողներն ու կլինիկական օրդինատորներն են: